ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրանը սուր է արձագանքելու՝ Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացմանը
19:00 14.03.2019

Իրանը սուր է արձագանքելու՝ Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացմանը

Հայաստանն այժմ քննարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը՝ երկու երկրների միջև հարաբերությունները «հաջորդ՝ ավելի բարձր մակարդակի բերելու համար»: Այս մասին The Jerusalem Post-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, ով բարձրաստիճան պատվիրակությամբ օրերս ժամանել էր Իսրայել:

Հայ-իսրայելական հարաբերությունների լավացման մասին մեսիջները պետք է դիտարկել իսրայելա-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համատեքստում:

Իսրայելը տարիներ շարունակ զինում է ՀՀ-ին ու Արցախին պատերազմով սպառնացող Ադրբեջանին ու իսրայելցի մասնագետները վերապատրաստում են ադրբեջանական բանակն ու արդիականացնում այն:

 

Իսրայելի համար ՀՀ-ն ՌԴ-ի և Իրանի հետ ռազմավարական, դաշնակցային կապեր ունեցող երկիր է, իսկ Իսրայելի համար տարածաշրջանային դաշնակիցներ են Թուրքիան ու Ադրբեջանը` երկու պետություններ, որոնց նպատակն է բնաջնջել հայությանն ու ոչնչացնել հայոց պետականությունը: Իսրայելը բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրեր ունի Ադրբեջանի հետ, գնում է ադրբեջանական նավթն ու այնտեղ ունի հրեական զգալի համայնք:

Իրանը կտրուկ է արձագանքելու ՀՀ-Իսրայել հնարավոր ջերմացմանը` թե՛ Ղարաբաղի հարցով դիրքորոշման, թե՛ տնտեսական նախագծերի առումով։ Մեղրիի ազատ տնտեսական գոտի կարող են այդպես էլ իրանցի ներդրողներ չգալ ու իրանական ապրանքները տարանցվեն ոչ թե ՀՀ-ով, այլ Ադրբեջան-Իրան երկաթգծով ու ավտոմայրուղիներով դեպի Սև ծով` Բաթումի, Փոթի կամ ՌԴ:

Հայ-իսրայելական տնտեսական հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են, Իսրայելի համար Հարավային Կովկասում թիվ մեկ դաշնակիցն Ադրբեջանն է, իսկ երկրորդական դաշնակիցը` Վրաստանը, որն ԱՄՆ-ի դաշնակիցն է, հակառուսական պլացդարմ ու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սերտորեն, բազմաթիվ թելերով կապված երկիր:

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի շուրջ փորձում են ստեղծել հակաիրանական կոալիցիա՝ նվազեցնել Իրանի ազդեցությունն այդ երկիրի սահմանների երկայնքով ու Մեծ Մերձավոր Արևելքում: Այս համատեքստում ՀՀ-ն ոչ մի կերպ չի կարող մաս կազմել հակաիրանական որևէ կոալիցիայի ու Իրանի հետ կենսական հարաբերությունները հարվածի տակ դնի:

ՀՀ-ի դիվանագիտությունը պետք է հաշվարկի Իրանի սուր արձագանքն ու իր խողովակներով ճշգրտի հայ-իրանական հարաբերությունների վրա հնարավոր բացասական հետևանքները՝ՀՀ-Իսրայել կապերի խորացման ֆոնին:

ՀՀ-ի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան չպետք է տեղի ունենա ավանդական բարեկամների, դաշնակիցների ու կարևորագույն հարևանների հետ հարաբերությունների հաշվին։ Իսրայելը շատ հեռու է Հարավային Կովկասից, իսկ Իրանը ՀՀ-ի հարավային դարպասն ու հարևանն է: Այնտեղ առկա է հայ համայնք, ու Իրանի ազդեցությունը տարածվում է ողջ Մերձավոր Արևելքում, որտեղ ամենուրեք հայկական համայնքներ կան:

Աղբյուր՝ verelq.am

19:00 14.03.2019

Ամենաշատ ընթերցվածները