ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանը չի մասնակցում այսօր Վրաստանում մեկնարկող ՆԱՏՕ-ի զորավարժություններին
17:00 18.03.2019

Հայաստանը չի մասնակցում այսօր Վրաստանում մեկնարկող ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Այսօր՝ մարտի 18-ին, Վրաստանում մեկնարկում է ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ-2019-ը՝ (NATO-Georgia Exercise 2019) ՆԱՏՕ-ի անդամ 24 երկրի և դաշինքի գործընկերների զինված  ուժերի մասնակցությամբ:  Այս զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։ Այս մասին տեղեկանում ենք interfax-ից։

Զորավարժություններին մասնակցում են զինված ուժեր Ալբանիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից,  Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Վրաստանից ու Շվեդիայից:

Ինչպես հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունները, որոնք տեղի կունենան ՆԱՏՕ-ի հետ միասնական վերապատրաստման և գնահատման կենտրոնում (JTEC), կշարունակվեն մինչև մարտի 29-ը:

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի և դաշինքի գործընկերների փոխգործակցությունը:

Զորավարժություններին ներգրավված են նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունները` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վարչությունը (DPKO) և որպես դիտորդ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 25-ին Վրաստան կատարելիք այցի ժամանակ անձամբ ծանոթանալու է զորավարժությունների ընթացքին:
Անցյալ ուրբաթ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան լրագրողներին ասել էր, որ զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ:

«Մեր հյուսիսային հարևանի կողմից այս զորավարժություններն ընկալվում են որպես սպառնալիք, բայց մենք մեկ անգամ ևս ասում ենք, որ այդ զորավարժություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ»,-ասել էր նախարարը:

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 18.03.2019

Ամենաշատ ընթերցվածները