ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մանկական վերականգնողական բուժում՝ պետպատվերով
19:00 20.03.2019

Մանկական վերականգնողական բուժում՝ պետպատվերով

Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի առաջին հարկում գործում է վերականգնողական կենտրոն։ Այն մտավոր, հոգեկան՝ վարքագծային, լսողության, ֆիզիկական՝ շարժողական և այլ խանգարումներով երեխաներին օգնություն ցուցաբերելու համար  է նախատեսված։ Մարտից սկսած բաժանմունքում այսպիսի խնդիր ունեցող երեխաները կարող են վերականգնողական բուժում անցնել պետպատվերի շրջանակում, ինչը նախկինում միայն վճարովի հիմունքներով էր։

ԲԿ-ի տնօրենի բարեփոխումների և զարգացման գծով տեղակալ Արմեն Սաֆարյանի խոսքով՝ մինչև 7 տարեկան սոցիալապես անապահով և առանձին հատուկ խմբերում ընդգրկված երեխաներին կարող են անվճար վերականգնողական բժշկական օգնություն ցուցաբերել։ Մասնագիտական թիմում աշխատում են բժիշկ-վերականգնողաբանը, կինեզոթերապիստը, լոգոպեդը, հոգեբանը, հատուկ մանկավարժը։

Զարգացման հապաղում ունեցող երեխաների կարիքները նախ բժիշկ-վերականգնողաբանն է գնահատում, այնուհետև որոշում, թե որոնք պետք է լինեն հաջորդ քայլերը  և որ մասնագետի հետ պետք է  շարունակել բուժումը։ Պետության կողմից երաշխավորված անվճար վերականգնողական բուժումը  տարեկան երկու անգամ 18 օրով է նախատեսված։ Ռոմելա Սահակյանը, ով բժիշկ-վերականգնողաբանն  է, ասում է՝ գնահատումը սկսում են ծնված օրվանից հետազոտելով, ուսումնասիրում են բոլոր բժշկական փաստաթղթերը։ Երեխաները վերականգնողական կենտրոն են ուղեգրվում հիմնականում արդեն իսկ ախտորոշված, սակայն, մասնագետի խոսքով, լինում են դեպքեր, երբ լրացուցիչ հետազոտության կարիք  է լինում․ օրինակ, գլխուղեղի MRT անելու համար պետք է մայրաքաղաք հասնել։ Հիվանդանոցը չունի նաև մանկական նյարդաբան ու օրթոպեդ։ «Բաժանմունքը դեռ նոր է փորձ ձեռք բերում։ Ձգտում ենք մեր կարողությունները ուժեղացնել, որքան հնարավոր է՝ օգնել, զարգացնել երեխաների խոսքային, ֆիզիկական և այլ հապաղումները, իհարկե, հասկանալի պիտի լինի, որ որոշ դեպքերում 100 տոկոս արդյունքի հասնել չենք կարող», - ասում է Ռոմելա Սահակյանը։  

Վերականգնողական թիմի անդամ է նաև հատուկ մանկավարժը։ Ըստ երեխայի կարիքի՝ կազմվում է անհատական զարգացման պլան։ Օրական 30-40 րոպե ու մինչև մեկ ժամ տևողությամբ պարապմունքները տարբեր մեթոդներով են անցկացվում՝ ավազաթերապիայից սկսած մինչև խաղային թերապիա, ծեփ, ապլիկացիա։ Մասնագետները ընդգծում են, որ բոլոր դեպքերում հաջողության հասնելու համար մեծ է ծնողի դերը։ Չի կարելի սահմանափակվել միայն բաժանմունքում անցկացրած պարապմունքով, ծնողները տանը նույնպես պետք է շարունակեն աշխատել երեխայի հետ։

Կենտրոնը բացվել է ամբողջ մարզը սպասարկելու համար։ Շարժողական սահմանափակ կարողություններով երեխաների հետ աշխատող կինեզոթերապիստ Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ սենյակը հագեցած է հատուկ մարզասարքերով։ Մասնագետը առաջնորդվում է միայն բժշկի ցուցումով արված նշանակումներով, իսկ թե որ մկանախմբերի հետ պետք է աշխատել, բժիշկն է որոշում։ Մանկական ուղեղային կաթվածով, ողնաշարի մի շարք հիվանդություններով երեխաներին նույնպես կարող են օգնել։

Դիանա Միրզոյանի բալիկը գլոբալ զարգացման հապաղում ունի։ Մտավոր ու ֆիզիկական ցուցանիշներով տղան զիջում է հասակակիցներին։ Մի քանի անգամ մայրաքաղաքում անցել է վերականգնողական բուժման կուրս, բայց, ծնողի խոսքով, Կապանից Երևան հասնելը մեծ դժվարություն է․ «Մեր քաղաքին շատ էր անհրաժեշտ այս բաժանմունքը։ Հեռավորությունը, ֆինանսական խնդիրները հոգս են յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ճիշտ է, բուժման ծախսերը պետությունն էր հոգում, բայց ամեն անգամ Երևան գնալու և 18 օր այնտեղ մնալու համար նվազագույն ծախսը գերազանցում էր 100 հազար դրամը»։

Նելլի Միրզախանյան

19:00 20.03.2019

Ամենաշատ ընթերցվածները