ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մրցանակներ Թբիլիսիից
17:00 11.04.2019

Մրցանակներ Թբիլիսիից

Վերջերս Վրաստանի մայրաքաղաքում կայացավ Թբիլիսիի կարատեի բաց առաջնությունը, որին մասնակցում էին տասը երկրների ներկայացուցիչներ։ Նրանց թվում էր նաև Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիայի 15 մարզիկ, ովքեր վերադարձել են՝ իրենց հետ բերելով ինը մեդալ՝ մեկ ոսկե, չորս արծաթե, չորս բրոնզե։

Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Ալիսա Գրիգորյանը, որ փետրվարին մասնակցել էր Եվրոպայի առաջնությանը, Թբիլիսիից առաջին հորիզոնականով է վերադարձել։ «Երկու մենամարտ եմ ունեցել, առաջին մենամարտը ավարտվեց 1-0 հաշվով, երկրորդը՝ 2-1 հաշվով։ Լարվածություն չունեի, քանի որ ավելի բարդ մրցումների եմ մասնակցել։ Առհասարակ կարևորում եմ սպորտը, իսկ կարատեի հանդեպ յուրահատուկ մոտեցում ունեմ»։

«Յուրաքանչյուր մենամարտից հետո վերլուծելիս հասկանում ես, որ կային թերություններ, սխալներ, բայց միաժամանակ դրանց շնորհիվ է, որ հաջորդին կարողանում ես ավելի բարձր արդյունքներ ցույց տալ», - նշում է երկրորդ տեղ զբաղեցրած Ալեն Աճեմյանը և հավելում՝ երկրորդ մենամարտում շատ էներգիա ծախսեց, այդ պատճառով եզրափակիչ մենամարտում չկարողացավ լիարժեք մենամարտել։ Ցանկություն ունի հետագայում դառնալ աշխարհի չեմպիոն։

«Առաջին մարտը վրացու հետ էր․ 6-0 հաշվով հաղթել եմ, երկրորդ մարտին մրցակիցս չէր ներկայացել, իսկ երրորդ մարտում զիջում էի, բայց չեմ հանձնվել՝ երրորդ տեղի համար պայքարել եմ ադրբեջանցու հետ և 4-3 հաշվով հաղթել», - պատմում է Ռաֆայել Հովհաննիսյանը։

Մարզիչ Արմեն Գրիգորյանը նշեց, որ մրցումները շատ կարևոր են մարզիկների համար, դրանց շնորհիվ ոչ միայն փորձ են ձեռք բերում, այլև դառնում են ավելի պարտաճանաչ։ «Լարված պայքար էր, քանի որ մասնակիցների թիվը շատ էր՝ 640, ըստ այդմ մրցանակային տեղ վերցնելը շատ դժվար էր, բայց մեր մարզիկները կարողացան պատվով հանդես գալ»։

Նշենք, որ մրցաշարերին մասնակցելու հարցում մարզիկներին աջակցել են մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչները և անհատներ։ Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիայի մարզիկները սեպտեմբերին կմասնակցեն Հայաստանի առաջնությանը։

Անուշ Միրզոյան

17:00 11.04.2019

Ամենաշատ ընթերցվածները