ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Յ․Վ․Գյոթե․ «Երիտասարդ Վերթերի տառապանքները»
17:00 21.04.2019

Յ․Վ․Գյոթե․ «Երիտասարդ Վերթերի տառապանքները»

Մի կողմից սա ողբերգական սիրո պատմություն է, մյուս կողմից՝ ջերմ ու ազնիվ զգացումներ ունեցող անհատի ընդվզումը իր ժամանակի հասարակական հարաբերությունների դեմ։ Այս ամենը գերմանացի բանաստեղծն ու մտածողը կառուցել է նամակների ձևով։ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը վաղուց հաստատուն տեղ է գրավել համաշխարհային գրականության գանձարանում։

Առաջին իսկ նամակներից զգացվում է, որ Վերթերը ապրում է բնությամբ։ Զբաղվում է նկարչությամբ, դատողություններ անում նաև բանաստեղծական արվեստի մասին․ «Այստեղ կարևորը կատարյալը ճանաչելն ու խոսքով այն արտահայտելու հանդգնությունն է»։

Եվ ահա Վերթերը հանդիպում է մի սիրունատես օրիորդի՝ Լոտտեին, և այնպես սիրահարվում, որ իր կյանքն այլևս չի պատկերացնում առանց սիրած էակի գոյության։ Միայն թե ցավն այն էր, որ օրիորդը փեսացու ուներ։ Սկսվում են տառապանքները։ Այն, ինչ հիացմունքով էր լցնում նրա հոգին՝ բնություն ու գրքեր, սկսում է անտանելի դառնալ։ Չի կարողանում պարապ մնալ, բայց և ոչինչ չի կարողանում անել․ «Եթե մենք պակասում ենք մեր մեջ, մեզ ամեն բան է պակասում»։

Ընկերոջ խորհրդով Վերթերը դիմում է արքունիք և պաշտոն ստանում։ Որոշ ժամանակ անց այստեղ նույնպես ծայր են առնում անախորժությունները։ Պաշտոնյաներից մեկը՝ դեսպանորդը, մանրախնդիր մարդ է և ոչ ոքից գոհ չէ․ «Ես հեշտությամբ եմ աշխատում, և գրածս գրած է։ Իսկ նա ընդունակ է շարադրանքս վերադարձնել ու ասել․ «Լավ է, բայց մի անգամ էլ աչքի անցկացրեք, միշտ էլ կարելի է հաջող բառ կամ արտահայտություն գտնել»։ Այստեղ է, որ կատաղությունս բռնում է․․․ Կատարյալ տառապանք է նման մարդու հետ գործ ունենալը»։

Կան եզակի մարդիկ, որոնց հետ Վերթերը ջերմ ու մտերմիկ հարաբերություններ է պահպանում։ Նրանցից էր կոմսը։ Բայց մի միջադեպից հետո այդ հարաբերություններն էլ են խզվում։ Մի օր Վերթերը զրուցում էր նրա հետ։ Քիչ անց կոմսի տանն են հավաքվում բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչները։ Հյուրերը սառնությամբ են ընդունում Վերթերին։ Պատճառը բացատրում է կոմսը․ «Ձեզ հայտնի են մեր տարօրինակ հարաբերությունները, - ասաց նա, - նկատու՞մ ես, որ հասարակությունը դժգոհ է՝ Ձեզ այստեղ տեսնելով։ Համենայն դեպս ես չէի ցանկանա․․․»։ Կոմսին անախորժություն չպատճառելու համար Վերթերը վերցնում է գլխարկն ու հեռանում։ Պարզվում է՝ բարձր դասը ոչ մի կերպ չի հանդուրժում ստորադասի ներկայությունը, քանի որ չափազանց մեծ նշանակություն է տալիս հասարակության մեջ գրաված դիրքին։ Ծայր են առնում բամբասանքներն ու հալածանքները։

Վերթերն իրեն զգում է տիկնիկային թատրոնում․ «Առջևս խռնվող մարդուկներ ու նժույգներ եմ տեսնում և հաճախ հարց եմ տալիս ինձ․ արդյոք օպտիկական խաբկանք չէ՞ սա։ Ես էլ եմ խաղում այդ թատրոնում, ավելի ճիշտ՝ ինձնով, որպես մի խաղատիկնիկով, խաղում են ուրիշները»։ Խաղատիկնիկի կարգավիճակը, բնականաբար, չէր գոհացնում, և նա հրաժարական է տալիս։

Որոշ ժամանակ փորձում է ապրել մի ծանոթ իշխանի որսորդական դղյակում։ Պարզ ու անկեղծ այդ մարդը, սակայն, գնահատում է միայն երիտասարդի խելքն ու շնորհքները՝ որևէ նշանակություն չտալով նրա սրտին․ «Այն, ինչ ես գիտեմ, բոլորն էլ կարող են իմանալ, բայց այսպիսի սիրտ միայն ես ունեմ»։

Այդ միակ հարստությունը՝ սիրտը, կրկին բերում է սիրած էակի մոտ։ Բայց Լոտտեն արդեն ուրիշին էր պատկանում։ Արտառոց ոչինչ չէր կատարվել․ նշանված աղջիկն ամուսնացել էր՝ խոստման համաձայն։ Վերթերն էլ գիտեր դա, բայց տառապանքները վերջ չեն ունենում։ Լոտտեն տեսնում ու զգում է այն ամենը, ինչ կատարվում էր նրա հոգում՝ հորդորելով հաղթահարել ինքն իրեն․ «Ճանապարհորդությունը, անշուշտ, պետք է որ ցրի Ձեզ։ Փորձե՛ք և գտե՛ք Ձեր սիրուն արժանի առարկա, վերադարձե՛ք այստեղ, և մենք միասին կվայելենք իսկական բարեկամության երանությունը»։ Բայց ոչինչ չի օգնում։ Վիճակն արդեն նետված էր։ Վերթերը, որ այլևս որևէ հենարան չէր գտնում երկրային կյանքում և կայացրել էր իր վճիռը, սիրած էակին վերջին տողերն է հղում․ «Ես պետք է մեռնեմ և գրում եմ քեզ այս առանց ռոմանտիկ հուզականության, հանգիստ»։

Նամակներից մեկում, խոսելով մարդկային բնության սահմանների մասին, Վերթերը նշում է, որ միայն մինչև որոշակի սահման կարելի է դիմանալ ուրախությանը, տառապանքին ու ցավին, իսկ երբ դրանք չափից անցնում են, մարդը կործանվում է․ «Ուրեմն այստեղ բանն այն չէ, թե ուժե՞ղ է սա, թե՞ թույլ, այլ կարո՞ղ է արդյոք դիմանալ իր տառապանքի չափին, միևնույն է, հոգեկան թե մարմնական։ Եվ կարծում եմ, որ նույնքան տարօրինակ է ասել, թե վախկոտ է այն մարդը, որ զրկում է իրեն կյանքից, որքան և անիմաստ է վախկոտ անվանել մյուսին, որ մեռնում  է չարորակ տենդից»։

Ի վերջո, ուժե՞ղ մարդ էր, թե՞ թույլ իր կյանքին ատրճանակի կրակոցով վերջ տված Վերթերը։ Հեղինակը եզրակացությունը թողնում է ընթերցողին։

Արթուր Իսրայելյան

17:00 21.04.2019

Ամենաշատ ընթերցվածները