ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Եվ արվեստը գրկեց ինձ
18:00 11.05.2019

Եվ արվեստը գրկեց ինձ

Պարուսույց Թամարա Ստեփանյանը ծնվել է 1970թ․ Կապանում, ինչպես ինքն է ասում՝ ոչ արվեստագետների, սակայն մեծ արվեստասերների ընտանիքում։ Այսօրվա պես հիշում է՝ ինչպես էին տատի տանը քննարկում, օրինակ՝ «Անուշ» օպերան, հեռուստատեսությամբ ցուցադրվող պարային համարները։ Հիշողության գիրկն անցած՝ պատմում է, թե ինչպես սկսվեց ամեն ինչ․ «Համերգային ծրագրով պարի պետականը Կապանում էր, այդ թվում՝ պարուհի Սոֆի Դևոյանը։ Ծնողներս տուն էին հրավիրել, և հիացել էի նրա կեցվածքով, շարժուձևով։ Մայրս պարբերաբար ասում էր, որ կարող եմ լինել մեծ պարուհի, ճանաչված մեկը, ով մշտապես կփայլեր մեծ բեմերում»։ Թամարա Ստեփանյանը ավարտել է թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Կապանի արվեստի մանկական դպրոցի առաջին շրջանավարտներից է եղել, ապա ուսանել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ Այժմ որպես պարուսույց աշխատում է Կապանի արվեստի մանկական դպրոցում, արվեստի քոլեջում։

Կյանքից դրվագներ

Տիկին Թամարան պատմում է, որ արվեստի քոլեջի նախկին շենքը մոտ էր իրենց բակին, մի օր տեսավ, որ պարասրահի համար մեծ հայելիներ են բերում, շինարարական աշխատանքներ են ընթանում, ինքն այդ ժամանակ դեռ ութ տարեկան էր։ Վազելով հարցրել է, թե ինչի համար են դրանք, պատասխանել են՝ արվեստի դպրոցի պարասրահի։ «Դրանից հետո շտապելով տուն եմ վազում, ծնողներիս ասում, որ ուզում եմ հաճախել։ Հաջորդ օրը գալիս ենք, բայց ասում են, որ ընդունելությունն ավարտվել է, բայց այնքան եմ լացում, որ ընդունում են․․․»։

Թամարային դասավանդել են այնպիսի տաղանդավոր մարդիկ, ինչպիսիք են՝ պարուսույցներ Նիկոլայ Շխյանը, Ստեփան Ղամբարյանը։ Նրանց հետ կապված որոշ դրվագներ է  հիշում։ «Ինը տարեկան էի, Նիկոլայ Շխյանը պարային համար էր բեմադրել, որտեղ ես նաև մենակատար էի։ Այս ցուցադրությունը պարուսույցիս համար շատ կարևոր էր։ Բայց երբ հետնաբեմից տեսա մարդկանց բազմությունը, վախից վազեցի դեպի տանիք տանող աստիճանները։ Պարոն Շխյանը ամենուրեք ինձ էր փնտրում, վերջապես գտավ ու խնդրեց, որ բարձրանամ բեմ։ Հակառակ իմ պնդումներին՝ հաղորդավարուհու՝ արդեն երկրորդ անգամ հայտարարելուց հետո Շխյանը ինձ ստիպված բեմ «շպրտեց», իսկ պարելուց հետո՝ բրավոներ․․․»։ Երևանի պարարվեստի ուսումնարանի հայկական ժողովրդական պարերի բաժնում սովորելու տարիներին էլ աչքի էր ընկնում, ասում է՝ իր համար մեծ պատիվ էր լինել Ազատ Ղարիբյանի ուսանողուհին։

Նրա հիշողությունից չեն հեռանում այն վայրկյանները, երբ արվեստի դպրոցի տնօրեն Սեյրան Գրիգորյանը ասաց, որ պետք է պար ուսուցանի աշակերտներին․ «Այսօրվա պես լսում, զգում եմ սրտիս թրթիռը»։

Թամարայի խոսքով՝ պարարվեստը կանոններ ունի․ առաջնահերթ պետք է հիմքը ճիշտ դրվի, ասել է թե՝ դասական դիրքեր, ոտքերի, պարանոցի և մեջքի կեցվածք։ Բացի դրանից՝ պարը չի սիրում դադարներ, անընդհատ պետք է շարժման մեջ լինել։ Դրա արդյունքը ուշ, բայց կզգացվի։ «Այժմ, իհարկե, տարբեր պարեր ենք բեմադրում ուսանողներիս հետ, բայց ավելի շատ համադրում եմ հայկական պարը դասականի հետ, որոնց միաձուլումից հետաքրքիր ու գեղեցիկ համարներ են ստացվում»։

Խստապահանջ է

Նելլի Ամիրջանյանը՝ 16-ամյա ուսանողուհին, ով յոթ տարի է՝ Թամարա Ստեփանյանի սանն է, պատմում է․ «Սկզբում այնքան նկատողություն էր անում, որ չէի ցանկանում հաճախել պարի։ Սպիտակ քանոն ուներ, դրանով անցավ հարվածներ էր հասցնում, որ ավելի սլացիկ լինենք, որ հայելին ավելի գեղեցիկ մեզ արտացոլի։ Այդ ամենն արվում էր, որ վաղն ավելի լավը լինեմ, քան այսօր»։ Ուսանողուհու խոսքով՝ ուսուցչուհին իր մայրիկից հետո երկրորդ կարևոր կինն է իր կյանքում, ում հետ կիսվում է, խորհուրդներ հարցնում․ «Դեռ դռնից ներս չմտած՝ զգում է, թե այդ օրը ինչ տրամադրություն ունենք։ Նա գնահատում է մարդկանց անկեղծությունը, պատասխանատվությունը և պարտաճանաչությունը»։

Թամարա Ստեփանյանը մի նվիրական երազանք է ունեցել․ Կապանում ունենալ պարի անսամբլ։ Այսօր էլ այն շարունակում է մնալ նրա ամենամեծ ցանկություններից մեկը։

Անուշ Միրզոյան

18:00 11.05.2019

Ամենաշատ ընթերցվածները