ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Արագ սնունդ՝ դանդաղ հետևանքներ
17:00 12.05.2019

Արագ սնունդ՝ դանդաղ հետևանքներ

Պիցցա, սենդվիչներ, կարտոֆիլի ֆրի և զովացուցիչ ըմպելիք․ այս համադրությունը մեր աչքին իդեալական է թվում, հատկապես երբ մենք քաղցած ենք լինում:

Առօրյա եռուզեռի մեջ դժվար է ժամանակ հատկացնել նորմալ սնվելուն։ Այդ իսկ պատճառով շատ ժամանակ այդ հարցում օգնության է հասնում արագ սնունդը։ Որքանով սա օգնում է ժամանակ կրճատելու առումով, մի քանի անգամ ավելի վնասում է առողջությանը։ Ժամանակակից մարդիկ գնալով ավելի անառողջ կյանք են վարում՝ քիչ են շարժվում և ճիշտ սննդի փոխարեն գերադասում են օգտագործել ֆասթֆուդ՝ արագ սնունդ: Դա շատ դեպքերում կապված է կյանքի փոխված ռիթմի հետ՝ ինտերնետի և այլ տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է այն բանին, որ մեզնից շատերին անհրաժեշտ չէ մթերք գնելու համար խանութ գնալ․ չէ՞ որ այսօր պիցցա կամ այլ սիրելի կերակուրը կարելի է պատվիրել սմարթֆոնով:

Դա չի կարող չազդել առողջության վրա. մարդը գիրանում է, հաճախ տառապում սիրտ-անոթային հիվանդություններով և դիաբետով, մեծանում է նաև նրանց քանակը, ովքեր տառապում են լյարդի քրոնիկ հիվանդություններով:

Շատերը ամեն օր օգտվում են արագ սննդի կետերից՝ նույնիսկ չմտածելով, որ այն իր հետևից մի շարք խնդիրներ է բերում։ Աշխարհի բոլոր երկրներում արագ սնունդը ամենաէժանն է։ Այն հաճախ պատրաստվում է հենց գնորդի աչքի առաջ։ Եվ այն գնում են ոչ միայն ցածր գնի, այլև նուրբ ընդգծված համային ուժեղացուցիչների պատճառով։ Ինչպես շատերն են հավաստում, արագ սնունդը ունի կապվածություն առաջացնելու հատկություն։

Արագ սնունդը կամ, ինչպես ասում են, ֆաստֆուդը, իր մեջ պարունակում է սննդային հավելումներ, որոնք էլ հենց համ հաղորդող բաղադրիչներն են։  Մարդը կարող է խնայել ժամանակը օգտակար սննդի պատրաստման համար, բայց հետո անհրաժեշտ կլինի երկար ժամանակ՝ այդ սննդի օգտագործումից հետո օրգանիզմի կարգավորման համար:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արագ սնունդն ունի իր բացասական հետևանքները: Դրանք մեկ օրում չեն կարող նկատելի լինել: Արագ սննդի կետերը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, լայն տարածում են գտել: Շատ կարևոր է յուրաքանչյուր մթերքի օգտագործումից առաջ ծանոթանալ նրա սննդային արժեքներին: Սկսենք ֆաստֆուդի անբաժան մասնիկ գազավորված ըմպելիքից: Ստանդարտ /300մլ/ շշի գազավորված ըմպելիքի մեջ կա երկու ճաշի գդալ շաքարավազ: Պարզ է, որ նման ըմպելիքը չի կարող հագեցնել ծարավը, ինչի համար էլ որ նախատեսված է: Շատ շաքարավազը ոչ միայն իր մեջ կարիեսի վտանգ է պարունակում, այլ նաև գիրացման: Այն նաև մեծ բեռնվածության տակ է դնում ենթաստամոքսային գեղձը, քանի որ այն չի հասցնում մշակել: Նման ըմպելիքների և առհասարակ ֆաստֆուդի մեջ կալորիականությունը շատ մեծ է, բայց ուտելու ընթացքում դա ընդհանրապես չի զգացվում: Բայց դրա ազդեցությունը օրգանիզմի վրա ժամանակի ընթացքում զգացվում է: Համաշխարհային գաստրոէնտերոլոգիայի ասոցիացիայի փորձագետները նշում են, որ վերջին 20 տարում լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալմամբ և ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտով պացիենտների քանակը նշանակալիորեն ավելացել է: Ներկայումս միանգամայն բացահայտ է, որ այդպիսի ախտորոշմամբ պացիենտները զարգացած երկրներում աստիճանաբար ավելանում են: Եվ այս ամենի հիմնական պատճառը ճարպի կուտակումն է հեպատոցիտներում», - նշում է բժիշկ Էվելինա Մխիթարյանը:

Բժիշկը հորդորում է հատկապես ուշադիր լինել դեռահասների և երեխաների ծնողներին: Չհավասարակշռված կերակրացանկի պատճառով առաջանում է ճարպակալում, խաթարվում է իմունային համակարգի և գեղձերի աշխատանքը։ Դա իր հերթին բացասաբար է անդրադառնում երեխայի հետագա մտավոր և ֆիզիկական զարգացման վրա։ Արագ սնունդը բացասական ազդեցություն է ունենում նաև մաշկի և մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը, խախտում օրգանիզմում առկա սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի միջև հավասարակշռությունը։

«Բացի կոնկրետ կալորիաներով հարուստ սննդի ազդեցությունից՝ շատ կարևոր են նաև հիգիենիկ պայմանները, որտեղ պատրաստվում է այն: Ավելորդ կալորիաներին երբ միանում են մանրէներ, հետևանքների մասին, կարծում եմ, խոսելու կարիք չկա: Այս իսկ պատճառով, եթե անգամ օգտվում եք արագ սննդի կետից, պետք է տեղեկացված լինեք հաստատության սանիտարահիգիենիկ պայմաններից: Երբեմն որպես արդյունք հանդես եկող ախորժալի տեսքը իր հետևում մանրէներով հարուստ ճանապարհ է թաքցնում: Այնպես որ՝ հետևե՛ք Ձեր սննդացանկին, սննդակարգին, զբաղվե՛ք սպորտով և սնվե՛ք առողջ սնունդով: Խուսափե՛ք ֆաստֆուդից հատկապես ամռան սեզոնին», - խոսքը եզրափակեց բժիշկը:

Նախապես հոգացե՛ք ձեր և ձեր երեխաների առողջության մասին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

Սոնա Օհանջանյան

17:00 12.05.2019

Ամենաշատ ընթերցվածները