ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վերածնունդ ավետող օրը Փուխրուտում
16:00 16.05.2019

Վերածնունդ ավետող օրը Փուխրուտում

Տասնամյակներ ի վեր մայիսի 9-ը տարվա այն եզակի օրերից է, երբ Փուխրուտ գյուղում հավաքվում են համագյուղացիները, եթե ոչ բոլորը, ապա՝ շատերը:

Այս մայիսը ևս բացառություն չէր: Երբեմնի աշխույժ գյուղը տոնական էր ու մարդաշատ: Գյուղամիջում միմյանց հանդիպած գյուղացիները ոգևորությամբ զրուցում էին անցած-գնացած օրերից, երկրի այսօրից, գյուղի երբեմնի եռուն կյանքը, նաև մարդկային մաքրամաքուր հարաբերությունները ափսոսանքով հիշում։

Հայտնիներ շատ են եղել այս լեռնային փոքրիկ գյուղից և դեռ կլինեն. բժիշկներ, գիտության մարդիկ, մանկավարժներ, մշակութային գործիչներ, լեռնագործներ, էներգետիկներ, շինարարներ…

Պատմական Ձորք գավառի հինավուրց գյուղ է Փուխրուտը (Բեխորոտ), որի մասին առաջին հիշատակումը Տաթևի վանքի 906 թվականի հարկացուցակում է: Գտնվում է Լեռնաձորից 7 կմ հյուսիս-արևելք, լեռների գրկում: Օդն այստեղ մաքուր է, իսկ բնությունը՝ անկրկնելի: Փարթամ անտառներ ունի, հարուստ բուսական ու կենդանական աշխարհ, սառնորակ ջրեր: Գյուղով հոսում է Ողջիի աջ վտակ Փուխրուտգետը: Բնակավայրի բազմադարյա պատմության լուռ վկան է հյուսիսահայաց սարալանջին բազմած «Մղելա» քար բնակերտ հուշարձանը:

Փուխրուտի բերրի, փխրուն հողերի, այստեղ թաքնված գանձերի, տեղի ունեցած իրադարձությունների մասին վկայություններ շատ կան, մեծերը լավ են հիշում դրանք ու բերնեբերան փոխանցում սերունդներին:

Ասում են, որ Դավիթ Բեկի ազատագրական պայքարի ժամանակ զորավարի զորքին ամենաշատ ձիավոր տված գյուղն էր Փուխրուտը:

Շուրջբոլորը հարուստ արոտավայրեր են, բազմապիսի դաշտային ծաղիկներ, հիմնականում դեղաբույսեր, ինչը թույլ է տվել բնակչությանը անասնապահությամբ, դաշտավարությամբ և մեղվապահությամբ զբաղվել:

Խորհրդային տարիներին գործել է Վորոշիլովի անվան կոլտնտեսությունը, որը Ղափանի շրջանի առաջավոր տնտեսություններից էր:

Գյուղի բարձր բլրակներից մեկի վրա գյուղացիները հուշարձան են կառուցել՝ գրանիտե, 5 մետր բարձրությամբ՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված  փուխրուտեցիների պատվին: Հայրենիքի 40 պաշտպան է գյուղը ռազմաճակատ ուղարկել, որոնցից 22-ը հետ չի եկել:

Գյուղ տանող ասֆալտապատ ճանապարհը ոլորապտույտ է, ներկայումս վերանորոգման խիստ կարիք ունի: Այն հաղթահարելը, հատկապես ձմռանը, դժվար է, հոգնեցուցիչ:

Փուխրուտ մտնելիս առաջին տպավորությունը դրական է. վերանորոգված ու բարեկարգ առանձնատներ, կանոնավոր ցանկապատեր, խնամքով մշակված տնամերձեր, ինչը, ցավոք, չի շարունակվում գյուղի այլ հատվածներում. հազիվ նշմարվող դպրոցական նախկին շենք, կիսաքանդ տներ, որոնց դռները վաղուց չեն բացվել, լավագույն դեպքում՝ միայն նախորդ ամռանը:

Բնակչությունն այստեղ նույնպես սկսեց նվազել անցյալ դարի կեսերին, երբ Քաջարանում և Կապանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկություններն աշխատանքով էին ապահովում նաև գյուղաբնակներին, իսկ առավել հարմարավետ քաղաքային կենցաղն ու ավելի բարեկեցիկ կյանքը, բնականաբար, հրապուրում էին մարդկանց: Արդյունքում՝ Փուխրուտը, ինչպես նաև այլ հարակից գյուղեր, սկսեցին դատարկվել:

Գյուղի կենտրոնում է 17-րդ դարում կառուցված Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, որը, բարեբախտաբար, դեռ կանգուն է (ունի տանիքի վերանորոգման խիստ կարիք), և հետևողական լինելու դեպքում կկանխվի հոգևոր տան փլուզումը: Այդ նպատակով 2018 թվականին համագյուղացիները՝ ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում բնակվող հայտնի բժիշկ Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ, դրամահավաք կազմակերպեցին, որն ընթացքի մեջ է: Արդեն համաձայնեցվել է նախագծման աշխատանքների փաթեթը:

Ակամայից  ուշադրություն գրավեց շինարարական գործիքների աղմուկը: Իրենց հայրական տներում աշխատող երիտասարդներին տեսնելը նախ զարմացրեց, ապա սաստիկ ուրախացրեց: Դա արդեն վստահություն է ներշնչում գյուղի վաղվա օրվա նկատմամբ:

Աննկատելի անցած օրը թեքվեց դեպի լուռ, խորհրդավոր մթություն, որը միայն գիշերային ծղրիդների ձայներն էին խախտում: Մութն ընկնելիս գյուղում 2-3  տան լույս հազիվ է նշմարվում: Հուսով ենք՝ շատ մոտ ապագայում դրանց քանակը անհամեմատ կավելանա:

Լիլիթ Իսրայելյան

16:00 16.05.2019

Ամենաշատ ընթերցվածները