ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թռիչքներ և անկումներ
15:00 20.05.2019

Թռիչքներ և անկումներ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության անցած շաբաթ կայացած հանդիպումը անակնկալի բերեց շատ ֆուտբոլասերների։ Որ գոլային հրավառություն կարող էր լինել առաջնության աղյուսակում բարձր տեղ զբաղեցնող թիմի օգտին, թերևս սպասելի է, բայց որ այս անգամ հենց չեմպիոնության հավակնորդներից մեկը կդառնա զոհ, այն էլ մրցաշրջանում առանձնապես չփայլող «Գանձասարի» հետ հանդիպման ժամանակ, երևի ոչ մեկի մտքով չէր անցնում։

Արդեն 5-րդ րոպեին «Բանանցի» կիսադաշտում տուգանային հարվածը խաղարկելիս կապանցիների ավագ Գ․Նռանյանը գլխի հարվածով գրավեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ա․Հայրապետյանի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը։ Եվս հինգ րոպե, և վերջինս ստիպված եղավ երկրորդ անգամ գնդակը հանել դարպասի ցանցից․ անհատական ճեղքումով աչքի ընկավ հյուրերի կիսապաշտպան Բ․Բալդեն, ով այս խաղում պարզապես հրաշքներ էր գործում։ Հենց նա էլ 24-րդ րոպեին խաղընկերոջ փոխանցումից հետո խփեց երրորդ գոլը։

Այնուհետև հերթը հասավ Գ․Օհանյանին, ով «Գանձասարի» հերթական գրոհի ժամանակ հնարամտորեն դուրս եկավ երեք պաշտպանի շրջափակումից ու չորրորդի կողքով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը՝ 0։4։

Երկրորդ կեսում մեր ֆուտբոլիստները ձգտում էին խաղն անցկացնել իրենց ձեռնտու հունով և հատուկ ճիգեր չէին գործադրում նոր հաջողության հասնելու համար, իսկ դաշտի տերերը փոփոխությունների միջոցով ջանում էին կարգավորել իրենց խաղը և խփել հեղինակության գոլը։ Այդպիսի հնարավորություններ նրանք ստացան, սակայն մեր պաշտպանները ոչ առանց դժվարության չեզոքացնում էին այդ սպառնալիքները, երկու անգամ էլ անխուսափելի թվացող գոլից փրկեց Գ․Կասպարովը։

Հաշիվը «թրջելու» «Բանանցի» ջանքերը զուր էին, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Դ․Մինասյանի հիանալի փոխանցումից հետո Գ․Հարությունյանը վերջակետ դրեց այս հանդիպմանը՝ 0։5։

Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու «Գանձասարը», այսպիսի ներուժ ունենալով, մրցաշրջանն ավարտում է վայրիվերումներով․ հաղթում առաջատարներին, պարտվում ետնապահներին։ Մնաց ևս երկու տուր․ մայիսի 25-ին «Գանձասարը» կընդունի «Լոռուն», իսկ 30-ին կհյուրընկալվի «Արարատին»։

Սլավիկ Նավասարդյան

15:00 20.05.2019

Ամենաշատ ընթերցվածները