ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Եռատոն՝ Վերին Խոտանանում
18:00 24.05.2019

Եռատոն՝ Վերին Խոտանանում

Մայիսի 14-ը խոտանանցիների համար տոնախմբության հրաշալի առիթ դարձավ:

Արմատներով միակ սյունեցի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Գ Տաթևացու կամ Խոտանանցու ոգեկոչման օրը գյուղավերևում նախօրեին տեղադրված խաչի օրհնության արարողություն կատարվեց, ինչպես նաև նշվեց գյուղի օրը:

Այն մասին, որ գյուղը ունի դարերի պատմություն, վկայում է դեռ 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն այսօր հիմնանորոգման կարիք ունի:

Եռատոնը նշելու համար հավաքվել էին ոչ միայն գյուղի բնակիչները, այլև Կապանից, Երևանից և նույնիսկ Ռուսաստանից ժամանած խոտանանցիները:

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը վաղ առավոտյան գյուղի եկեղեցում պատարագ մատուցեց՝ Մովսես Խոտանանցու հիշատակին, այնուհետև տեղափոխվեց գյուղավերևում տեղադրված խաչի մոտ՝ օրհնելու այն: Ինչպես քահանան է նշում, հայ ժողովուրդը խաչապաշտ է, և ուրախալի է, որ խաչի տեղադրման արարողությունը իրականացվել է երիտասարդների նախաձեռնությամբ։ Խաչի տեղադրման արարողությունից սկսած մինչև տոնական կերակուրներ և մատաղ պատրաստելը խոտանանցիները իրականացրին սեփական ուժերով:

Գյուղի մի քանի խնդիրների մասին

Գյուղի միակ աշխատատեղ ապահովող կառույցը դպրոցն է: Սակայն ուսուցիչները մտավախություն ունեն, որ այն էլ կարող է փակվել մի քանի տարուց։ Պատճառը մեկն է․ գյուղում ծնունդ չկա, հետևաբար էլ՝ աշակերտ:

Խոտանանցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ: Մեր հարցին՝ արդյոք հնարավոր չէ դրանք գումար վաստակելու աղբյուր դարձնել, գյուղի մշտական բնակիչները բացասաբար պատասխանեցին․ «Դրանցով հազիվ մեր ընտանիքները ապահովենք»:

Գյուղի հիմնական խնդիրներից էր անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը, որը խոչընդոտ էր ստեղծում տեղ հասնելու համար: Վերջերս այն հնարավորինս բարեկարգվել է: Ճանապարհի վիճակից էլ բխում է քաղաքի հետ կապող տրանսպորտի բացակայության խնդիրը: Գյուղի բնակիչների խոսքով՝ տրանսպորտի առկայության դեպքում հեշտությամբ կարելի է երեխաների առօրյան ավելի բազմազան դարձնել՝ նրանց տանելով տարբեր խմբակներ, միջոցառումներ և այլն։ Այս պարագայում երբեմն օգնության են հասնում սեփական մեքենա ունեցող համագյուղացիները:

Որքան էլ շատ են այսօր գյուղի խնդիրները, Վերին Խոտանանում մշտապես 68 տանիքից ծուխ է բարձրանում:

Անի Գրիգորյան

18:00 24.05.2019

Ամենաշատ ընթերցվածները