ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գ․Գ․Մարկես․ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»
17:00 26.05.2019

Գ․Գ․Մարկես․ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»

Ինչու՞ պետք է սպանությունը հայտարարված լինի։ Իսկ ի՞նչ են անում նրանք, ովքեր լսել են հայտարարությունը։ Դժվար է ասել, թե սա դետեկտիվ է։ Ամեն ինչ առավել քան անսովոր է։ Ուրիշ կերպ չէր կարող լինել։ Գրվածքի հեղինակը Գաբրիել Գարսիա Մարկեսն է։ Իսկ դա նշանակում է, որ «Մի հայտարարված սպանության խրոնիկա» վիպակում նույնպես իրար են խառնվելու ֆանտաստիկան ու իրականը՝ լարվածության մեջ պահելով ընթերցողին։

Խրոնիկան վարում է հեղինակը, որ նաև սպանվածի՝ Սանտյագո Նասարի ընկերն էր։ Նա փորձում է վերականգնել հանցագործության բոլոր մանրամասները։ Այդ օրը Սանտյագո Նասարը սպիտակ հագուստով էր։ Գնում էր՝ դիմավորելու Հարության տոնի առթիվ շոգենավով գյուղ ժամանող եպիսկոպոսին։ Ամբողջ գյուղն արդեն նավամատույցում էր։

Ինչ-որ մեկը դռան տակից ծրարած թուղթ էր ներս գցել, որով Սանտյագո Նասարին հայտնում էր, թե նրան սպասում են, որ սպանեն։ Բայց այդ ծրարին ոչ ոք ուշադրություն չի դարձնում նույնիսկ հետաքննությունից երկար ժամանակ անց։ Գուցե սա պատահականություն էր։ Հետագայում քննիչը մի ամբողջ շարք պատահականությունների կծիկի է հանդիպում և չի կարողանում թաքցնել զարմանքը։

Վաղ առավոտյան գյուղի հրապարակի միակ բաց վայրը կաթի կրպակն էր։ Հենց այդտեղ էին երկվորյակ եղբայրները՝ Պեդրո և Պաբլո Վիկարիոները, սպասում Սանտյագո Նասարին, որ սպանեն։ Շուտով պարզվում է նաև, թե ինչու պետք է սպանեն։ Լուրը արագորեն է տարածվում․ «Անխելա Վիկարիոն՝ նախորդ օրն ամուսնացած գեղեցիկ աղջնակը, ետ է ուղարկվել ծնողների տուն, որովհետև փեսացուն պարզել է, որ նա զրկված է կուսական սրբությունից»։ Ոչ ոք այդպես էլ չի կարողանում բացատրել, թե ինչպես Սանտյագո Նասարը դարձավ նման չարախոսության առարկա։

Հարսնացուին ետ ուղարկած փեսացուն՝ Բայարդո Սան Ռոմանը, գյուղում հայտնվել էր հարսանիքից վեց ամիս առաջ։ «Գյուղից գյուղ ընկած՝ հարսնացու էի փնտրում», - իր հայտնվելը նա այդպես բացատրեց, բայց դժվար էր նրա ասածներին հավատալ․ «Այնպես էր խոսում, որ ավելի շատ մտքերն էր թաքցնում»։ Դերասանական հանդերձանքով երեսնամյա այդ երիտասարդը մի անգամ է տեսնում աղջկան և ցանկանում ամուսնանալ նրա հետ։ Իսկ աղջիկը չէր ցանկանում։ Պատճառը սիրո բացակայությունն էր։ Բայց մայրը անդրդվելի էր․ «Սիրուն էլ են ընտելանում»։

Աղջիկը միշտ գտնվում էր մոր խիստ հսկողության տակ, այդ պատճառով էլ բոլորը զարմացան, երբ ետ ուղարկվեց։ Մայրը ծեծում է աղջկան և անուն պահանջում։ Առանց երկար մտածելու աղջիկը տալիս է Սանտյագո Նասարի անունը․ «Դատարանը պաշտպանում է այն միտքը, որ սպանությունը պատիվը օրինական կերպով պաշտպանելու հետևանք էր»։ Քրոջ պատիվը վերականգնել փորձող եղբայրները ընդամենը մի քանի տարի են բանտ նստում և զղջման որևէ խոսք այդպես էլ չեն ասում։ Ճիշտ է, չէին էլ փորձել սպանել հանկարծակի, թաքուն․ «Ընդհակառակը, նրանք շատ բան են անում, որպեսզի որևէ մեկը հասկանա և խանգարի իրենց, բայց ուշադրություն դարձնող չի լինում»․․․

Անխելա Վիկարիոն կար անելով է վերագտնում իր հանգիստը․ «Նա բոլորին պատմում էր այդ դժբախտության մասին, բայց երբեք չէր բացում գաղտնիքը․ ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս էր իրեն պատվազրկել»։ Ոչ ոք չէր հավատում, որ իրականում դա կարող էր լինել Սանտյագո Նասարը։ Տարիներ տևած հարցուփորձից հետո հեղինակը որոշակի պատճառ չի կարողանում մատնանշել․ ինչու՞ նա։ Մնում էր ենթադրություն անել․ «Ճիշտը գուցե այն էր, որ Անխելա Վիկարիոն թաքցնում էր իր իսկական սիրեցյալի անունը, իսկ Սանտյագո Նասարի անունը տվել էր իմիջիայլոց՝ չենթադրելով, որ եղբայրները կարող են ծառս լինել նրա դեմ»։ Մի անգամ հայելիների մեջ նա տեսնում է Բայարդո Սան Ռոմանի արտացոլանքը, ով առանց ուշադրություն դարձնելու հեռանում է հյուրանոցից։ Անխելան կորցնում է հանգիստը, տարիներ շարունակ նամակներ գրում՝ այդպես էլ չարժանանալով պատասխանի։ Մի օր էլ հայտնվում է Բայարդո Սան Ռոմանը՝ չկարդացած նամակները ձեռքին, և ասում՝ ահա և ես․․․

Քննիչի համար էլ շատ բան մնում է չբացահայտված։ Հանցագործությունից տասներկու օր անց նա գյուղը տեսնում է առույգ և ուրախ վիճակում, նույնիսկ ստիպված է լինում զինված ուժ պահանջել ամբոխին զսպելու համար․ «Մի ամբոխ, որը ձգտում է շեշտած լինել դրամայի մեջ իր կատարած դերը»։ Քննիչը աշխատում է բարեխղճորեն, բայց այդպես էլ չի կարողանում գտնել դժբախտության մեջ Սանտյագո Նասարի ունեցած մեղքի նույնիսկ չնչին ակնարկ։ Եզրակացության լուսանցքում նա այսպիսի նշում է անում․ «Տվե՛ք ինձ նախապաշարմունք, և ես կշրջեմ երկիրը»։

Խրոնիկան վարող հեղինակը տասնամյակներ անց էլ չի կարողանում հասկանալ, թե ինչ խաղաթղթեր էր խաղացնում Բայարդո Սան Ռոմանը, կամ ինչու Սանտյագո Նասարը դարձավ զրպարտության զոհ։ «Մի մահ, որի պատճառը գուցե մենք բոլորս էինք»․ սա հեղինակի տխուր եզրակացություններից մեկն է։

Ինչպես Մարկեսի մյուս գրվածքները, այս վիպակը ևս ներծծված է «մոգական ռեալիզմի» ու հեքիաթային պատումի տարրերով։ Բայց ո՞վ կարող է պնդել, թե սա հավաստի պատմություն չէ։        

Արթուր Իսրայելյան

17:00 26.05.2019

Ամենաշատ ընթերցվածները