ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սպասի՛ր ինձ, ես էլ քեզ չեմ մոռանա...
17:00 02.06.2019

Սպասի՛ր ինձ, ես էլ քեզ չեմ մոռանա...

Տողերը Գևորգյանների ընտանեկան գրադարանից են, գեղարվեստական գրքերից մեկի շապիկին մակագրված: Հեղինակը Լեռնաձոր գյուղից երիտասարդ Շմավոն Գևորգյանն է, 1941 թվականին սիրած աղջկան՝ համագյուղացի Զարիկ Գևորգյանին էր գրել՝ խնդրելով սպասել իրեն՝ խոստանալով վերադառնալ... Ռազմաճակատ էր մեկնում...

Եվ իհարկե, աղջիկը սպասեց…, իսկ տղան էլ կատարեց խոստումը: Հետո, Մեծ հայրենականի ավարտից հետո դեռ երկար միասին կլինեն: Ամուսնացան, դաստիարակեցին երկու զավակ, միասին աշխատեցին գյուղի ութամյա դպրոցում: Աղջիկը սկզբում դասվար էր, ապա նաև կենսաբանության և հայրենի բնության ուսուցիչ, իսկ տղան՝ պատմության ուսուցիչ, հետո տասնամյակներ շարունակ՝ նույն դպրոցի տնօրեն:

Ճակատագիրը նրանց նաև աշխատանքով էր կապել:

Վարդան և Վաչե Գևորգյանները (որդիները) ընտանեկան արխիվից ընտրել էին մոր՝ Զարիկ Գևորգյանի հին լուսանկարները, պատվոգրերն ու մեդալները, կուսակցական, կոմերիտական տոմսերը և ամենահետաքրքիրը՝ կարմիր, ստվարածավալ մի գիրք՝ «Ստալին» վերնագրով՝ խորհրդային առաջնորդի կենսագրականը, որի առաջին էջում էլ վերոնշյալ ուշագրավ մակագրությունն էր:

Կեսդարյա աշխատանքային փորձառությամբ մանկավարժ է, ով կյանքի լավագույն տարիներն ու ողջ եռանդը նվիրել է հարազատ գյուղի դպրոցին, որտեղ աշխատել սկսել է միջնակարգն ավարտելուց անմիջապես հետո:

«Դրանք 1942-1943 թվականներն էին, - հիշում է,  - ընթանում էր Հայրենական մեծ պատերազմը, բնականաբար, մանկավարժական կադրերի խիստ պակաս էր զգացվում, հաճախ դասավանդում էին նաև երեկվա դպրոցականները՝ լավագույն շրջանավարտները»:

«Գյուղի դպրոցն ութամյա էր, 9-10-րդ դասարաններում սովորել եմ Քաջարանում, - պատմում է նա: Ավարտելուց հետո աշխատանքի առաջարկ ստացա, որն ընդունեցի ուրախությամբ: Հայրենիքը վտանգված էր, տղամարդիկ ռազմաճակատ էին մեկնել, մեր՝ սկսնակ ուսուցիչներիս առաքելությունը դպրոցահասակներին հնարավորինս անհրաժեշտ գիտելիքներ տալն էր: Պատասխանատվությամբ էինք վերաբերվում մեզ վստահված գործին»:

Հետո զուգահեռաբար հեռակա ուսուցմամբ ավարտեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կենսաբանության  ֆակուլտետը՝ դասվարության հետ մեկտեղ ստանալով կենսաբանություն և հայրենի բնություն առարկաների դասավանդման իրավունք:

Տարածաշրջանը կրթական կենտրոն էր, գյուղերում գործել են սկզբում՝ ծխական (Վերին Հանդ), ապա տարրական, ութամյա և վերջապես՝ միջնակարգ դպրոցներ, աշխատել նվիրյալներ, ովքեր գրագիտություն են տարածել:

Լեռնաձորի դպրոցի մասին գիտեն շատերը՝ շնորհիվ նաև համբավաշատ մանկավարժ, բանահավաք, հրապարակախոս Ռոբերտ Էջանանցու (Գրիգորյան), ով փոխարինեց տնօրեն Շմավոն Գևորգյանին՝ ժառանգելով հարուստ ավանդույթներով կրթօջախը և բազմապատկելով դրանք:

Ի դեպ, նրա՝ մանկավարժության մեկ այլ երախտավորի աշխատանքային ուղին մեկնարկել է հենց Շմավոն Գևորգյանի հետ ծանոթությունից հետո:

Խոսելով խորհրդային տարիների ուսուցման համակարգի, աշակերտների ընդունակությունների մասին՝ Զ.Գևորգյանն ասում է. «Երեխաները լսող էին, ընդունակ, համեստ: Առանձնահատուկ հարգանք էին տածում ուսուցիչների նկատմամբ: Յուրաքանչյուր դասարանում 25-26 աշակերտ կար: Նաև պարտաճանաչ էին և սովորելու մեծ ցանկություն ունեին»:

Մեկ առ մեկ թվարկում է աշակերտներից մի քանիսին, ում անունները քաջածանոթ են հանրությանը. տնտեսական ղեկավարներ, գիտության ասպարեզի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, շարքային լեռնագործներ, կոլտնտեսականներ և այլն:

Զարիկ Գևորգյանը աշխատանքային ընկերներին դժվարությամբ հիշեց, ժպտալով էլ ավելացրեց, որ ամենալավը ամուսնուն է հիշում. «Ես և ամուսինս նաև լավ գործընկերներ էինք։ Մանկավարժական թեմաներով քննարկումներ շատ էինք անում, խորհուրդներ տալիս միմյանց, միասին գտնում տարատեսակ խնդիրների լուծման բանալին»:

Այն տարիների գյուղական առօրյայի մասին էլ մանրամասնեց. «Աշխատանքից հետո ոչ ոք տուն չէր շտապում՝ իր գործն ավարտած համարելով: Ակտիվ հասարակական գործունեություն էինք ծավալում՝ տարբեր միջոցառումներ, բեմականացումներ և այսպես շարունակ: Երեկոյան ողջ գյուղը հավաքվում էր ակումբում, ականատես լինում երիտասարդներիս կազմակերպած միջոցառումներին»:

Ամուսինները աշխույժ, սակայն նաև խիստ, գործի նվիրյալ մարդիկ էին: Մասնակիցն են եղել շուրջը կատարվող գրեթե բոլոր իրադարձություններին, ակտիվ կուսակցական և հասարակական կյանք են վարել: Այս ամենը գրանցել են ֆոտոխցիկները, ընտանեկան հարուստ արխիվ ստեղծել:

Մանկավարժ ամուսիններն ընդգրկված են «Ոսկեդար կրթության, մշակույթի և սպորտի» գրքում, որտեղ տեղ են գտել տարածաշրջանի անվանի մանկավարժները:

Տղաները՝ Վարդան Գևորգյանը (Քաջարան համայնքի ղեկավարն է եղել երկար տարիներ) և Վաչե  Գևորգյանը, մանկությունից հիշում են. «Մեզ համար և՛ հեշտ էր, և՛ դժվար: Ինչու՞…Պատկերացրեք՝ կարծես դպրոցում էինք 24 ժամ: Ծնողներդ մանկավարժ են, ովքեր, սակայն, դպրոցի հաջորդ օրվա մասին տանը մեր ներկայությամբ չէին խոսում. ի՞նչ են անելու, ի՞նչ ստուգումներ են կազմակերպելու և այլն: Նկատողություններ առաջինն ենք ստացել, առաջինը պատասխանատվության ենթարկվել՝ խմբակային որևէ «հերոսության» համար: Տնօրեն հայրս անաչառ էր բոլոր հարցերում: Դեռ չէինք հասկանում նրան, իսկ հիմա կարծում եմ՝ մեզ դաստիարակելու նրա  մոտեցումը ճիշտ էր»:

Զրույցի ընթացքում հեռախոսազանգը բարի լուր ավետեց՝ Գևորգյաններին՝ թոռ, իսկ Զարիկ տատիկին ծոռ է ծնվել: Երջանկությանը չափ չկար, ուրախությունից հուզվեց: Ի դեպ, պատկառելի տարիքում անգամ ժամանակակից հեռախոսից էր անկաշկանդ օգտվում, աշխուժորեն թոռան ու նորածնի վիճակով հետաքրքրվում, լուսանկարվելիս էլ՝ ուղղորդում զավակներին:

«Վերջերս տեսողությունս մի փոքր թուլացել է, - անթաքույց ափսոսանքով շարունակում է Զարիկ տատը, - երանի  նախկինը լիներ, գրքերի ընկերակցությամբ օրս  կանցներ։ Ընթերցանությունը իմ սերնդի անբաժան ուղեկիցն էր: Կարդում էինք համարյա ամեն օր, տարբեր ժանրերի ստեղծագործություններ, հոդվածներ՝ կարդացածներս հաճախ իրար փոխանցելով ու քննարկելով»:

Սիրված գրքերից որոշ հատվածներ մեջբերեց՝ սահուն ու առոգանությամբ…

Զարիկ Գևորգյանն այսօր էլ հաճելի զրուցակից է, ում հետ ժամեր կարող ես անցկացնել, տրտնջալ ու դժգոհել չուներ:

Սերունդներ դաստիարակած, հարյուրամյակին մոտեցող կինը, ում շատերն են պարտական, դեռ մեզ էլ երախտագիտություն հայտնեց՝ իրեն լավագույն հեռավոր տարիների գիրկը տանելու առիթի համար:

Լիլիթ Իսրայելյան

17:00 02.06.2019

Ամենաշատ ընթերցվածները