ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ամռան մոտեցող վտանգները
18:00 07.06.2019

Ամռան մոտեցող վտանգները

Հայաստանում ամռան շոգ ու տապ օրերին, երբ ջերմաստիճանը բարձրանում է, հաճախ են հանդիպում բարձր ջերմաստիճանի գերազդեցության հետևանքով առաջացած ջերմային խանգարումներ։ Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36.6˚C է, որի կայունությունն ապահովվում է ջերմակարգավորման համակարգի միջոցով։ Հենց այդ համակարգի նորմալ գործունեության շնորհիվ է, որ մարդու մարմինը կարողանում է դիմակայել արտաքին միջավայրի ջերմաստիճանի բավական մեծ տատանումներին։ Սակայն բարձր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել՝ հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների, ինչպիսիք են՝ արևահարությունը, ջերմային հյուծումը։ Բժիշկ Արմինե Մկրտչյանը ասում է, որ այս սեզոնին հատկապես պետք է հետևել մի քանի կանոնների ջերմակարգավորման համակարգի խաթարումից խուսափելու համար։

«Արևահարությունը  ստեղծվում է գլխին արևի անմիջական ճառագայթների անչափ ուժեղ ազդեցությունից: Արևահարության առաջին նշաններն են՝ դեմքի կարմրությունը, ուժեղ գլխացավը: Այս ամենին կարող է հաջորդել սրտխառնոց, գլխապտույտ, աչքերի մթագնում և փսխում: Հիվանդի մոտ հնարավոր է գիտակցության կորուստ: Այդ ժամանակ զարկերակն ու շնչառությունն արագանում են, առաջանում է շնչարգելություն, վատանում է սրտի աշխատանքը: Այս ամենին նպաստում են տոթ եղանակը, արևի տակ հարբած վիճակով գտնվելը և այլն: Խորհուրդ չի տրվում քնել արևի տակ։ Պետք է նշել, որ մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արևի ճառագայթների անմիջական ազդեցությունից, քանի որ նրանց գանգի ոսկրերը բարակ են, մաշկն ու մազերը՝ նուրբ», - ասում է բժշկուհին։ Եթե, այնուամենայնիվ, բախվել եք խնդրին, անհրաժեշտ է անհապաղ կիրառել միջոցներ վիճակի կարգավորման համար։

«Արևահարության նշանները կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես հետո, այնպես էլ արեւի ճառագայթների ներգործությունից մի քանի ժամ անց։ Առաջին հերթին պետք է փորձել կանխել արեւի ազդեցությունը: Անհրաժեշտ է հիվանդին տեղափոխել համեմատաբար զով վայր, հանել հագուստը և գլուխը բարձր դնել: Այնուհետև պետք է փորձել սառեցնել մարմինը սառը ջրի կոմպրեսներով: Տուժողին պետք է ստեպ-ստեպ անուշադրի սպիրտով ուշքի բերել, այնուհետև նա պետք է ընդունի սրտի կաթիլներ` կորվալոլ: Հիվանդը նաև պետք է առատորեն սառը հեղուկներ ընդունի։ Ավելի շուտ կարող են արևահարվել երեխաները: Այդ պատճառով անպայման պետք է գլուխը ծածկել, և ցանկալի է երեխային անընդհատ ջուր կամ թեյ տալ, այդ դեպքում՝ հատկապես կանաչ թեյ: Բայց ամենագլխավորը՝ օրվա ժամը 11-16-ն ընկած ժամանակահատվածում պետք չէ երեխաներին դուրս հանել: Իսկ եթե, այնուամենայնիվ, երեխան արևահարվել է, անպայման կբարձրանա ջերմությունը, իսկ երեխայի համար նշված միզամուղներն ու քրտնամուղներն այնքան էլ հարմար չեն, պետք է տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ: Ծնողները պետք է հիշեն, որ չի կարելի երեխային արևի տակ քնեցնել: Երբեմն երեխաները արևի տակ քնելուց հետո վատ ինքնազգացողություն են ունենում, ինչն անպայման անդրադառնում է նրանց տրամադրության վրա», - ասում է Արմինե Մկրտչյանը՝ նշելով, որ մեր հանրության մեջ նկատվում է միտում, որ արևահարության դեպքերի շատ քիչ տոկոսն է ահազանգվում բժշկին, մի մասը տնային պայմաններում դիմում է ժողովրդական միջոցների։

Արևահարությունը շատ լուրջ իրավիճակ է։ Դա կարող է մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնալ։ Երբեք անուշադրության մի՛ մատնեք այս վիճակը, անհապաղ սկսե՛ք ցուցաբերել առաջին օգնություն և դիմե՛ք բժշկի։

Սոնա Օհանջանյան

 

18:00 07.06.2019

Ամենաշատ ընթերցվածները