ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ամառը պարապ չի լինի
17:00 16.06.2019

Ամառը պարապ չի լինի

Եվրոպայում ազգային առաջնությունների, Եվրալիգայի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերի ավարտից հետո ֆուտբոլասերներին թվաց, թե մարզաձևին հրաժեշտ են տվել մինչև ամռան վերջը։ Սակայն ֆուտբոլային կրքերը կարծես մարելու միտում չունեն։

Կանաչ գորգերը շուտով զբաղեցրին Եվրոպայի 2020թ․ առաջնության ընտրական փուլի խաղերը։ J խմբում հանդես եկող մեր հավաքականը, որ այս տարվա մարտին կայացած երկու խաղում պարտվել էր, դրսում՝ Բոսնիային, սեփական դաշտում՝ Ֆինլանդիային, հունիսի 8-ին Երևանում հյուրընկալեց Լիխտեյնշտեյնի ընտրանուն և հոգեբանական  տեսանկյունից կարևոր հաղթանակ տարավ՝ 3։0։ Հունիսի 11-ին հայ ֆուտբոլիստները Աթենքում մրցեցին Հունաստանի հավաքականի հետ։ Այդ խաղն ավարտվեց 3։2 հաշվով հայերի օգտին։

Արցախում ավարտվեց ConIFA-ի առաջնությունը։ Աբխազները բրոնզե մեդալների համար պայքարում 11 մ հարվածաշարով առավելության հասան Չամերիան ներկայացնող մարզիկների նկատմամբ։ Ոսկե մեդալները վիճարկեց Արևմտյան Հայաստան - Հարավային Օսիա զույգը։ Հայկական երազանքի թիմը նվազագույն հաշվով պարտություն կրեց և գրավեց երկրորդ տեղ։ Չճանաչված երկրների եվրոպական ֆեդերացիայի չեմպիոնի կոչումը նվաճեցին օսերը։

Եզրագիծը հատեց նաև Ազգերի լիգայի անդրանիկ մրցաշարը։ Փոքր եզրափակիչում (երրորդ տեղի համար) 120 րոպեն բավարար չեղավ Շվեյցարիա - Անգլիա դիմակայությունում գոլ խփելու համար։ Հետխաղյա 11 մ հարվածաշարը բրոնզե մեդալները գրանցեց կղզիաբնակների անվամբ։ Իսկ գլխավոր եզրափակիչում հանդիպեցին հակագրոհ դավանող պորտուգալացիները և անխոնջ մշակներ հոլանդացիները։ Խաղային փորձը և սեփական դաշտի հանդիսականների աջակցությունը պորտուգալացիների կողմն էր, նրանք էլ հաղթեցին 1։0 հաշվով և տիրացան Ազգերի լիգայի առաջին գավաթին։

Ընթացիկ շաբաթվա վերջին մեկնարկում են նաև Ամերիկայի գավաթի խաղերը Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի «Ոսկե գավաթ» մրցաշարը։ Դրանից հետո ֆուտբոլասերների հետաքրքրությունները կտեղափոխվեն մարզիկների առուծախի դաշտ, մանավանդ որ առաջատար ակումբները մեծամասշտաբ և բարձրարժեք տեղափոխություններ են խոստանում։ Այնպես որ, ամառը առանց ֆուտբոլի չի անցնելու։

Սլավիկ Նավասարդյան      

17:00 16.06.2019

Ամենաշատ ընթերցվածները