ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Զի բիլ է երկինքը և զիբիլ՝ հայոց հողի վրա
18:00 18.06.2019

Զի բիլ է երկինքը և զիբիլ՝ հայոց հողի վրա

Հետհեղափոխական Հայաստանում մարտի 23-ին հայտարարվել էր առաջին համապետական շաբաթօրյակը: Դե մասնակցեցին բոլոր գերատեսչությունները, հիմնարկ-ձեռնակությունները, երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ ու համայնքապետեր… Ասած Լենին պապիկի՝ կոչն ուղղված էր «բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն»: Մաքրեցինք, նկարվեցինք, գրառումներ արվեցին, հասանք տուն, ցայվեցինք, լայքվեցինք, մեզ գովաբանեցին՝ վասն հայրենյաց երկիրը աղբից մաքրող նվիրյալներ, մարտիկներ, և երկուշաբթի օրը բաց ճակատով և ինքնագոհ գնացինք աշխատանքի: Հետո՞: Հետո ի՞նչ:

Հետոն ավելի զիլ էր: Թվում էր, թե դրանով ավարտվեց ամեն ինչ ու մեկ էլ… Տարածքային կառավարման և զարգացման նախարարը (այժմ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) ոչ ավել ոչ պակաս գարնանային պայծառ օրով հայտարարեց․ «Այսուհետ նման շաբաթօրյակներ կանցկացվեն վեցշաբաթյա պարբերականությամբ՝ նպատակ ունենալով երկիրն ամբողջությամբ մաքրել աղբից»: Կամ որ նույնն է՝ պրոլետարներ բոլոր համայնքների, միաց՛́ք… Սիրված ու հարգված նախարարն այս կարծում է, որ վեցշաբաթյա պարբերականությամբ (տո՛ ուզում եք՝ ամեն շաբաթ արեք) անցկացվող շաբաթօրյակով երկիրը մաքրվում է աղբից: Շատ օպտիմիստական մտածելակերպ: Լյուստրացիան թողած՝ մեկը մաքուր Հայաստան է գոռում, մյուսը՝ անծուխ:

Գիտեմ, որ ծանր էր ժառանգությունը, գիտեմ, որ կարիքավոր ենք, գիտեմ, որ  փորձի պակաս կա, բայց երբ ամբողջ օրը մեկը մյուսին հերթ չտալով ասում եք՝ անցյալին վերադարձ չի լինելու, չե՛ք նկատում, որ էս պահին դեռ անցյալում ենք: Ուրեմն, դրայվի սիրահար Կարեն Կարապետյանն էլ, հայեցակարգերի սիրահար Տիգրան Սարգսյանն էլ էին սիրում Հայաստանի «մաքուրը», Սովետը՝ ավելի շատ: Ռայկոմի քարտուղարից մինչև մանկապարտեզ սանմաքրում էին խորհրդային կոչված երկիրը: Բայց գոնե լենինյան շաբաթօրյակը տարվա մեջ մեկ անգամ էր՝ հենց Լենինի ծննդյան օրը: Կարեն Կարապետյանի «Մաքուր Հայաստանը»՝ տարվա մեջ երկու անգամ: Հեղափոխական մեր տղերքը գցեցին-բռնեցին,  որոշեցին, որ վեց շաբաթը մեկ ձեռնոց ենք հագնում ու սելֆիի ձողը է́հ, կներեք, բահը թևներիս տակ առած՝ վազում սարերն ու ձորերը: Ասում են՝ չենք պարտադրում, ով ուզում է, թող անի: Լավ:  Եթե սկզբունքը կամավոր է, ինչու՞ եք շաբաթօրյակն այդ անվանում պետական, դեռ դա հերիք չէ, մի հատ էլ համապետական: Հնչեղ է:

Հիմա կմտածեք՝ էս աղջիկը էլ թեմա չունի՞, մի-երկու ժամով չի ուզում վեց շաբաթը մեկ շաբաթօրյակ անի, սա ո՞նց պիտի իր տան մաքրությունը հոգա…:

Հիմա ավելի լրջանանք, ու ասեմ:

Իշխանությունը խառնել է քաղաքացիների սիմվոլիկ, կամավոր ակցիաները իր իսկ պարտականությունների հետ: Քաղաքացին համայնքի ղեկավար է ընտրել, որի գործունեության մեջ օրենքով սահմանված պարտադիր լիազորություն է աղբահանության պատշաճ կազմակերպումը: Քաղաքացին իշխանություն է ընտրել, որը պարտավոր է համակարգ ստեղծել, ոլորտը կանոնակարգել, արդիականացնել, վերահսկել, ֆինանսավորել և այլն: Ասում եք՝ սկզբունքը կամավոր է, բայց սովետի շունչը, միևնույն է, կա՝ պարտադիր-կամավոր է, որովհետև անունը դրել եք համապետական: Օրինակ, ես դեմ չեմ, եթե հարևաններով, թաղեցիներով ինքնակազմակերպվում և մաքրություն ենք անում, դեմ չեմ, երբ ինչ-որ հկ-ներ հանդես են գալիս նմանատիպ նախաձեռնություններով, կողջունեի, եթե դա նախաձեռներ հենց ՔՊ երիտասարդությունը ու մի X օր դուրս գար մաքրության: Բայց անունը դնել համապետական և վեց շաբաթը մեկ ոչ աշխատանքային օրով մարդկանց դուրս բերել չվճարվող աշխատանքի, կներեք, բայց անհուսալի մի գործ է, ճիշտ այնպես, ինչպես գետից  մաղով ջուր կրելը:

Օրեր առաջ երկրորդ համապետական շաբաթօրյակը կայացավ՝ հունիսի 8-ին: Թարս նստենք, դուզ խոսենք. մասնակցության ակտիվությունն ու հնչեղությունն այդքան մեծ չէր, որքան առաջինի դեպքում: Տեղեկացա, որ համայնքների մեծ մասում էլ դրանք, էսպես ասած, «անհավես» կերպով են անցկացվել, և  ավելի շատ համայնքների ղեկավարներն են անհանգստացած եղել՝ զուտ վերադաս նախարարի հրամանին ի կատար: Վստահ եմ՝ երրորդն ավելի պասիվ ու ոչ ոգեղեն է անցնելու: Որովհետև աղբահանության վճար տվող քաղաքացին, համայնքի ղեկավար ընտրած և նրան ծառայության ուղարկած քաղաքացին, հեղափոխական իշխանություն ընտրած քաղաքացին կամավոր մաքրության դուրս կգա տարվա մեջ մեկ անգամ։ Գերադասելին գարնանն է՝  հընթացս ծառատունկի իրականացմամբ, բայց վեց շաբաթը մեկ անգամ դուրս գալը ինքնին ապացույց է այն բանի, որ աղբը երբեք էլ այդ միջոցառմամբ չի հավաքվի, և որ մարտն այդ անհավասար է. ձևի, լայվի, լայքի հետևից ընկած՝ բովանդակայինից կտրվում ենք: Հեղափոխական պետք է լինեն նաև ռեֆորմները, մոտեցումները, մտածելակերպը, գործելակերպը: Նահապետական ոգով և վեցշաբաթյա պարբերականությամբ ինձ էլ չեք համոզի, որ հայրենասիրությունը սկսում է մաքուր բակից, մաքուր երկի՛ր ես ուզում ունենալ, վե՛ր կաց և մաքրիր բակը, այգին, հրապարակը և այլն:

Աղբահանության ոլորտի ինստիտուցիոնալ հենքը ստեղծելու համար մեր հավաքարար-հավաքական գոյը պետք չէ, ոչ էլ ավել ու բահ ու «կոլեկտիվ» սելֆի, որ շեֆը տեսնի ու սրտիկ դնի: Նստեք ու մտածեք: Շաբաթօրյակների նկատմամբ իմ դժգոհությունը զուտ այն՝ որպես իրադարձություն, քննադատելը չէ, այլ նմանատիպ հարցերին նոր իշխանության հին մոտեցումը:

Եվ վերջում՝ շաբաթօրյակներին «ամենաարդար» մոտեցումը՝ ով թքի, ով մաքրի…

Մարիամ Ծատրյան

18:00 18.06.2019

Ամենաշատ ընթերցվածները