ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ու՞մ վերահսկողության տակ
20:00 19.06.2019

Ու՞մ վերահսկողության տակ

Այսօր քչերը կժխտեն, որ Հայաստանում ավելի շատ անձնակենտրոն պետական կառավարում է իրականացվում, այսպես ասած՝ սուպերվարչապետական համակարգ է։ Արդյո՞ք նման կառավարումն արդյունավետ է, ենթադրում է շոշափելի արդյունքներ, ի վերջո իշխանությունը ռիսկերը հաշվի՞ է առել։ Հստակ ձևակերպումներ դեռևս տրված չեն։ Վերջերս բարձր ամբիոններից, մասնավորապես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, առաջարկվեց իրականացնել սահմանադրական փոփոխություններ և մեր երկրի երկու ուժային կառույցները՝ Ազգային անվտանգության ծառայությունը  և Ոստիկանությունը, նախարարություններ դարձնել՝ հանձնելով խորհրդարանի վերահսկողությանը։ Ո՞րն է ճիշտ տարբերակը։

ԱԱԾ-ն կոչված է մշակելու և իրականացնելու ազգային անվտանգության բնագավառում երկրի կառավարության քաղաքականությունը, ազգային անվտանգության մարմինների կառավարումը, իսկ Ոստիկանությունը պետք է պաշտպանի քաղաքացուն և պետության շահերը ցանկացած հակաիրավական գործողություններից։

«Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Դանիելյանը կարծում է, որ այս պահին նպատակահարմար չէ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դարձնել նախարարություն և հանձնել ԱԺ-ի վերահսկողությանը․ «Չնայած դա կնպաստի ժողովրդավարությանը, բայց դեռ վաղ է, մեզ մոտ ԱԺ-ն որպես ինստիտուտ չի կայացել»։

Իսկ քաղաքագետ Արա Պապյանը ասում է, որ պետության կառուցվածքը որոշելիս չպետք է առաջնորդվել պահով, այլ՝ տարբերակներից ամենաարդյունավետն ընտրել։ Այս պահին իրավիճակը հետևյալն է․ ԱԱԾ-ն և Ոստիկանությունն ուղղակիորեն ենթարկվում են վարչապետին, ով առայժմ այդ հնարավորությունը չի չարաշահում։ Այնուհանդերձ, չգիտենք՝ ինչ կլինի երկու տարի հետո․ վարչապետի պաշտոնում կլինի Նիկոլ Փաշինյանը, թե ոչ, անձնակենտրոն պետական կառավարում ունենալը ճիշտ չէ։ «Ինչքան էլ այսօրվա խորհրդարանը թույլ լինի, միևնույն է, մեր սահմանադրությամբ գերագույն իշխանությունը նրան է պատկանում։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է գերագույն իշխանությունը պատկանել խորհրդարանին, բայց չունենալ վերահսկողություն այս ուժային կառույցների նկատմամբ։ Նրանք, ովքեր դեմ են խորհրդարանական ենթակայության տակ գտնվելուն, նշում են, որ այդպիսով այդ կառույցները կքաղաքականացվեն։ Օրենքով պետք է ամրագրվի, որ այդ կառույցների ղեկավարները համապատասխանեն մի շարք պահանջների։ Պետք է կարևորվեն, օրինակ, մասնագիտական կրթությունը, բնագավառում աշխատանքային փորձը և այլն»։

Քաղաքագետը ոչ վաղ անցյալից՝ Սովետական Միությունից, օրինակ է բերում․ «Կար ներքին գործերի նախարարություն, որը կառավարության մաս չէր կազմում, և կար ՊԱԿ, որը կառավարության մաս չէր կազմում, Նախարարների խորհրդին առընթեր էր, այսինքն՝ ուղղակի ենթարկվում էր կառավարության ղեկավարին, ինչպես հիմա մեզ մոտ է։ Մենք հիմա կարո՞ղ ենք ասել, որ այդ պատճառով ՊԱԿ-ը պակաս քաղաքականացված էր, քան ներքին գործերի նախարարությունը, իհարկե՝ ոչ։ Լինելով խորհրդարանի ենթակայության տակ՝ ուժային կառույցների ղեկավարներն ավելի հաշվետու կլինեն, պարտավորված շաբաթը մեկ ներկայանալ խորհրդարան՝ քննարկումների, հարցուպատասխանի։ Այդպիսով առավել զգոն կաշխատեն։ Իսկ եթե վարչապետի ենթակայության ներքո լինեն, պիտի դիմեն նրան, իսկ դա արդեն ժողովրդավարության խախտում է։

Իբրև վերջաբան

Եթե շարժվենք մեր առաջին զրուցակցի տեսակետով, կստացվի, որ պետք է սպասենք այնքան, որ խորհրդարանը դառնա ավելի հասուն, բայց այս պարագայում առնվազն կունենանք ժամանակի կորուստ։  Իսկ ըստ երկրորդ տեսակետի հնարավորություն կտանք խորհրդարանին աշխատանքում փորձ ձեռք բերելու, հետագայում վարչապետի բեռի թեթևացման խոստումով։ Իզուր չեն ասել, որ լավ ղեկավարը նա է, ում բացակայության դեպքում իր ենթակաները կարող են կառավարել ու խնդիրներ լուծել։

Անուշ Միրզոյան

20:00 19.06.2019

Ամենաշատ ընթերցվածները