ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մենակ դասարանում․ Հայաստանում 452 երեխա դասարանի միակ աշակերտն է
17:00 20.06.2019

Մենակ դասարանում․ Հայաստանում 452 երեխա դասարանի միակ աշակերտն է

«Մեր դպրոցը մեծ դպրոց է, կա երկու հարկ։ Գյուղում ունենք չորս աշակերտ․ Ալլան, Արփին, Անդրանիկն ու ես»,- պատմում է Սերյոժա Խաչատրյանը՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի միակ առաջին դասարանցին։ 

Նա ուսումնական տարին ավարտեց մենակ․ սեպտեմբերից Սերյոժային կմիանան երեք այլ առաջին դասարանցիներ, կստեղծվի դպրոցի երկրորդ բազմահամակազմ (կոմպլեկտ) դասարանը։   

Ազատի հիմնական դպրոցը 4 աշակերտ ունի՝ երկու 7-րդ, մեկ 6-րդ և մեկ առաջին դասարանցի։ Դպրոցականներից երեքն ազգականներ են։ Դպրոցի տնօրեն Վարդան Ներսեսյանն ասում է, որ 90-ականներին դպրոցում սովորել է մոտ 40 աշակերտ, հետագայում նրանց թիվը աստիճանաբար նվազել է: Երկու տարի առաջ դպրոցն ունեցել է 10, նախորդ տարի՝ 6 աշակերտ:

«Հետքը» մեկ օր անցկացրել է Ազատի հիմնական դպրոցում, մասնակցել մեկ աշակերտից բաղկացած առաջին դասարանի դասին։ 

Տարրական դասարանի ուսուցչուհի Վահանուշ Մելիքյանը դասարանի միակ աշակերտ Սերյոժայի թե խաղընկերն է, թե համադասարանցին և թե ուսուցիչը։ Նա միտումնավոր սխալներ էր թույլ տալիս, որ երեխան ուղղեր՝ այդպիսով լրացնելով նրա համադասարանցիներ չունենալու բացը։  

«Ճիշտ է, սա կոչվում է անհատական ուսուցում, բայց փորձում ենք կիրառել այնպիսի մեթոդներ, որ երեխան անընդհատ լսողի դերում չլինի»,- բացատրում է տիկին Մելիքյանը։

Ըստ ուսուցչուհու՝ դասարանում միակ աշակերտը հանդիսացող երեխաները հնարավորություն չեն ունենում սոցիալական հմտություններ ձեռք բերել,  քանի որ միայն խմբային ուսուցման դեպքում է երեխան կարողանում համեմատվել կամ մրցակցել մյուսների հետ։

Սերյոժա Խաչատրյանի նման 452երեխա կա Հայաստանում․ նրանք միակն են դասարանում։ Ամենաշատ մեկ աշակերտից բաղկացած դասարանները Սյունիքի մարզում են՝ 51 դպրոց, այնուհետև Շիրակում (34) և Լոռիում (31):

Մեկ հոգանոց դասարան ունեցող դպրոցների թիվը հակադարձ համեմատական է տվյալ համայնքի բնակչության թվին։ Որքան քիչ է մարզի բնակչությունը, այնքան շատ են մեկ հոգանոց դասարաններ ունեցող դպրոցները։ 

Նույն միտումն է դիտվում նաև մարզերում բնական հավելաճի (ծնելիության և մահացության տարբերությունը) և մեկ դասարան ունեցող դպրոցների թվի համեմատության պարագայում։

Միակ շեղումն այն է, որ չնայած նրան, որ Երևանում է կենտրոնացած երկրի բնակչության գերակշիռ մասը, բնական հավելաճի գործակիցը մայրաքաղաքում շատ չի տարբերվում մարզերի գործակցից։ Սա նշանակում է, որ մարզերում ապրող փոքրաթիվ բնակչությունն ավելի մեծ բնական հավելաճ է ապահովում, քան Երևանում կենտրոնացած մեծաթիվ բնակչությունը։ 

Աղքատության և արտագաղթի միտումներն ուղիղ համեմատական են փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների թվին։ Որքան բարձր է աղքատության ցուցանիշը համայնքում, այնքան մեծ է արտագաղթը տվյալ համայնքում, հետևապես մեծ է քիչ աշակերտներ ունեցող դպրոցների թիվը։ 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ՝ մեկ աշակերտ ունեցող դասարանում կրթության սոցիալական գործառույթը չի իրականացվում, քանի որ երեխան դպրոցում ոչ միայն պետք է ստանա տեղեկատվություն և գիտելիք, այլև սովորի շփվել իր հասակակիցների հետ, ծանոթանալ տարբեր բնավորությունների և կարծիքների։ 

«Ես որքան այցելել եմ այդ տեսակի դպրոցներ, տեսել եմ, որ երեխաները շատ տխուր են, իսկ ուսուցիչը՝ շատ ձանձրացած։ Պատկերացրեք՝ մտնում եք դասարան, կա մեկ-երկու երեխա, արդեն հոգնում եք իրարից։ Ես միշտ համարում եմ, որ կրթության պրոցեսում կարևոր է ոչ միայն ուսուցիչ-աշակերտ, այլ նաև աշակերտ-աշակերտ հարաբերությունը»,- ասում է Սերոբ Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ առնվազն հինգ-վեց երեխա պետք է լինի դասարանում, այլապես լուրջ կրթական գործընթացի մասին խոսելն ավելորդ է։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ
 
17:00 20.06.2019

Ամենաշատ ընթերցվածները