ԱՎԵԼԻՆ

Մամուլ

IQ կենտրոն՝ Քաջարանում
18:00 22.06.2019

IQ կենտրոն՝ Քաջարանում

Օրերս Քաջարանում նույնպես բացվեց IQ կենտրոն։ Մասնաճյուղը թվով չորրորդն է մարզում՝ Սիսիանից, Գորիսից ու Կապանից հետո։ IQ կենտրոնների հիմնադիր տնօրեն Յուլյա Գասպարյանը վստահ է, որ Քաջարանում էլ կենտրոնը մեծ հետաքրքրություն կառաջացնի երեխաների և ծնողների շրջանում։ «Մենք նպատակ ունենք այլընտրանքային կրթությունը հասանելի դարձնել բոլոր մարզերի երեխաներին։ Կուսուցանվի մենթալ թվաբանություն, դասապատրաստում, բազմապատկման աղյուսակի արագ ուսուցում, արագ ընթերցանություն, օտար լեզուներ, ավազանկարչություն, կավագործություն»։

Քաջարանի IQ կենտրոնի տնօրեն Լիլիթ Դավթյանը ասաց, որ քայլը կնպաստի բարձր ցուցանիշներ գրանցելու կրթական ոլորտում․ «Կենտրոնը գտնվում է ԶՊՄԿ-ի մշակույթի պալատում։ Գեղեցիկ միջավայր է, որը երեխաներին էլ ավելի կտրամադրի այնտեղ հաճախել։ Թե՛ ծնողների, թե՛ երեխաների շրջանում նախաձեռնությունը ընդունվել է մեծ ոգևորությամբ։ Արդեն մոտ 80 դիմորդ կա, ինչը լավ ցուցանիշ է։ Պարապմունքները կանցկացվեն  ըստ դասացուցակի։ Առայժմ ընտրել ենք մենթալ ու պորտալ թվաբանությունը։ Կարծում ենք՝ կենտրոնի գործունեությունը քաղաքում հաջողություն կունենա»։

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խոսքով՝ կենտրոնը մեծ ձեռքբերում է քաղաքի համար․ «Մեզ համար ողջունելի է ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է երեխաների կրթությանն ու զարգացմանը, նրանց կյանքի բարելավմանը։ Մեր քաղաքի փոքրիկները բավականին շնորհաշատ են, և կենտրոնի գործունեությունը հնարավորություն կտա բացահայտելու այդ շնորհքը»։

Նշենք, որ այլընտրանքային կրթության առաջին փուլի դասագքրերը ծնողներն են ձեռքբերում, իսկ Քաջարանում այդ կարգը խախտվեց․ դրանք համայնքապետը նվիրեց։

Ծնող Լիանա Մարգարյանի խոսքով՝ կենտրոնի առկայությունը քաղաքում երազանք էր, որին երկար են սպասել․ «Սկզբում կարծում էի, որ երեխան կարող է ծանրաբեռնվել, ինֆորմացիայի շատությունը կարող է վատ անդրադառնալ, բայց մասնագետները նշեցին, որ նման ռիսկերը հաշվի են առել։ Հնարավոր է համատեղել դպրոցական ու այլընտրանքային կրթությունը»։

Ճարտարապետի մասնագիտություն նախընտրող Արեն Մարգարյանը թվերը մտքում արագ հաշվելու մեծ կարողություն ունի։ Մայրաքաղաքից ժամանած 8-ամյա տղան այլընտրանքային կրթությունը համարում է լավագույն տարբերակ։ «Ես մեծ հաճույքով ու սիրով եմ հաճախում դասերին։ Սովորում ենք մենթալ թվաբանություն, արագ հաշվել և պատրաստվում ենք օլիմպիադաների»։

Առաջիկա սեպտեմբերին նախատեսվում է մարզում կազմակերպել օլիմպիադա մենթալ թվաբանությունից։

Անուշ Միրզոյան

18:00 22.06.2019

Ամենաշատ ընթերցվածները