ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայ աստղագետները բացահայտել են ծայրահեղ փոփոխական 51 և ուժգին փոփոխական 126 բլազար
18:00 26.06.2019

Հայ աստղագետները բացահայտել են ծայրահեղ փոփոխական 51 և ուժգին փոփոխական 126 բլազար

ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղագետներ Հ. Աբրահամյանը, Գ. Պարոնյանը և Գ. Միքայելյանը Ա. Միքայելյանի ղեկավարությամբ «Բլազարների օպտիկական փոփոխականությունը» թեմայով համատեղ հոդվածով հանդես են եկել Astronomische Nachrichten (Astronomical Notes) գերմանական ամսագրի էջերում:

Աստղադիտարանից մանրամասնում են, որ ակտիվ գալակտիկական միջուկների (AGN) թվում առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում բլազարները: Բլազարը կարելի է նկարագրել իբրև շատ կոմպակտ քվազար, որը կապված է ակտիվ, հսկա, էլիպսաձև գալակտիկայի կենտրոնում գտնվող ենթադրվող գերզանգվածեղ սև խոռոչի (SMBH) հետ:

Ամենայն հավանականությամբ բլազարներն ամենաէներգետիկ երևույթներն են Տիեզերքում: Դրանք առանձնանում են նաև իրենց օպտիկական փոփոխականությամբ։ Սակայն մինչև վերջերս օպտիկական փոփոխականության կանոնավոր հետազոտություն կատարված չէր։ Հայկ Աբրահամյանի նախաձեռնած աշխատանքում 2121 բլազարի համար հաստատված է փոփոխականությունը, և բլազարները բաժանված են դասերի՝ ըստ իրենց օպտիկական փոփոխականության ամպլիտուդայի։

Բացահայտվել է ծայրահեղ փոփոխական 51 և ուժգին փոփոխական 126 բլազար, որոնք հատկապես հետաքրքրություն են ներկայացնում հետագա ուսումնասիրությունների համար։ Հեղինակների կողմից նաև հաստատվել է, որ բլազարների 63%-ն ունեն ռենտգենյան, իսկ 28%-ը՝ գամմա ճառագայթում։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 26.06.2019

Ամենաշատ ընթերցվածները