ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Օտարները յուրային են դարձել
20:00 06.07.2019

Օտարները յուրային են դարձել

«Կապանցին միշտ նույնն է՝ բարեհամբույր, ձեռք մեկնող, երբեք չեմ զգացել, որ ուրիշ տեղ եմ, իմ արմատներից՝ Երևանից, կտրված, ընդհակառակը, ամեն օր ոգեշնչվում եմ շրջապատի մարդկանց հետ շփվելիս։ Եկած օրվանից ինձ կապանցի եմ համարում, և եթե կապանցիները ընդունել են ինձ, դա արդեն ինձ համար մեծ պատիվ է», - ասում է Կապանի Ալ․Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, «Սիլուետ» պարային համույթի ղեկավար Գայանե Վարդիկյանը, ով արդեն 10 տարուց ավելի է՝ մշտական բնակություն է հաստատել Կապանում։ Այժմ դերասանուհին դժվարանում է պատասխանել հարցին՝ դերասանուհի՞, թե՞ պարուհի է։ Տարիներ առաջ գուցեև միանշանակ պատասխաներ, երբ աշխատում էր Սպենդիարյանի անվան պետական ակադեմիական թատրոնում բալետի պարուհի։

Այսօրվա պես հիշում է, երբ առաջին անգամ ոտք դրեց Սյունիքում, տեղի բնությունը, մարդիկ նրան ոգեշնչում են մինչ օրս, իսկ օրը Արարատի փոխարեն Խուստուփով է սկսում։

Բնավորությամբ լավատես է, ձգտում է մարդկանց և երևույթների մեջ միայն լավը առանձնացնել։ Այժմ աշխատելով Կապանի պետթատրոնում, ղեկավարելով «Սիլուետ» պարային համույթը՝ իրեն լիարժեք է զգում մշակութային ոլորտում։ Ասում է՝ կապանցին արվեստը գնահատել գիտի, հանդիսատեսը թատերասեր, պարասեր ու առհասարակ մշակութասեր է։ Ոլորտում, իհարկե, խնդիրներ կան, «բայց եթե յուրաքանչյուրս մեր պարտականությունները բարեխղճորեն կատարենք, վստահենք մեր ուժերին, սիրենք մեր գործը, ապա թե՛ ներկայացումը լավ կստացվի, թե՛ պարային համարը հաջողություն կունենա»։ Իսկ մշակույթի, ինչպես առհասարակ բոլոր ոլորտների զարգացման գործում, ֆինանսական միջոցներն են պակասում․ «Եթե ավելի շատ լինեին այդ միջոցները, ապա ավելի շատ միջազգային փառատոների կարելի էր մասնակցել, չնայած հնարավորության սահմաններում այդ բացը լրացնում ենք։ Բարձր աշխատավարձը, համոզված եմ, ավելի կոգևորեր դերասանին, չնայած իսկական արվեստագետները դրան չեն էլ սպասում։ Կարծում եմ՝ պատկան մարմինները, այն մարդիկ, ումից կախված է մեր առաջընթացը, եթե դեմքով ավելի շատ շրջվեն դեպի արվեստը (նկատի ունեմ ֆինանսական հատկացումների ավելացումը), միանշանակ լավ կլինի ամեն ինչ», - ասում է արվեստագետը։

Գայանե Վարդիկյանը նաև առաջարկություն-երազանք ունի․ Կապանը կարիք ունի պարարվեստի դպրոցի, որտեղ կդասավանդվեն տարբեր ժանրերի պարեր՝ համապատասխան մասնագետների միջոցով, կկատարվի հատուկ կարգով ընդունելություն։ Սա հնարավորություն կտա քաղաքում զարգացնել պարային տարբեր ճյուղեր և ներկայանալի լինել այլ քաղաքներում, այլ երկրներում։

Այս տարիների թատերական գործունեության ընթացքում բազում կերպարներ է կերտել, ձգտել նրանցից յուրաքանչյուրի հոգեկան ապրումները հաղորդել հանդիսատեսին, երազում է մարմնավորել «Պարտիզպանի շունը» պիեսի Դիանայի կերպարը։

Մատաղ սերնդին պարարվեստին հաղորդակից է դարձնում մեծ սիրով և հավատքով, որ վաղվա սերունդը ավելի լավն է լինելու։ «Այսօրվա երիտասարդը ավելի համարձակ է, նա կարող է այնպիսի քայլ անել, որ դու քո երիտասարդ տարիներին չէիր համարձակվի անել։ Նա ավելի ազատ է, բանիմաց, անկաշկանդ։ Չնայած այս առումով հաճախ կարելի է քննադատություն լսել, բայց, կարծում եմ, զսպող օղակներ, այնուամենայնիվ, նրանց մեջ կան՝ դաստիարակության, ընտանիքի գործոնով պայմանավորված», - ասում է դերասանուհին։

Հայտնի խոսք կա, տարին տարվա վրա իմաստնանում ես, սխալներդ գիտակցում, բայց 50-ից հետո սխալվելու իրավունք չունես, որովհետև այդ ամենը կա քո մեջ, ու դու պիտի ճիշտ ընտրություն անես։ Այս խոսքերի հետ, իհարկե, համաձայն է, և ավելացնում ՝ տարիներ հետո ես սկսում հասկանալ` սխալ ես ապրել, թե՝ ճիշտ։ «Ափսոսում եմ, որ 20-40 տարեկան հասակում սխալ ընտրության պատճառով չկարողացա օգտագործել բեմը, բայց հետո իմ կյանքի ալիքը ինձ բերեց Կապան, որտեղ թատրոնը ինձ գրկաբաց ընդունեց, և հիմա փորձում եմ լրացնել այդ 20 տարիների բացը։ Այն, ինչ ես պարային բեմում չեմ կարողացել անել, այժմ սովորեցնում եմ աշակերտներիս, նրանց մեջ տեսնում ինձ», - ասում է Գայանեն։

Իսկ դերասանուհու, պարուսույցի նվիրական երազանքն է թոռնիկ ունենալ, վայելել տատիկ-թոռնիկ հարաբերությունների բերկրանքը․․․

Արմինե Հարությունյան

20:00 06.07.2019

Ամենաշատ ընթերցվածները