ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ինչպես համադրել սպորտը և ամառը
18:00 06.07.2019

Ինչպես համադրել սպորտը և ամառը

Ամռանը սպորտով զբաղվելը ոչ միայն օգտակար է օրգանիզմի համար, այլ նաև շատ հաճելի։ Հենց ամռանն է, որ հնարավոր է զբաղվել սպորտի տարբեր ձևերով ոչ թե փակ ակումբներում, այլ բնության գրկում՝ հրաշալի տեսարանի ու բնության ձայների ներքո։ Ամռանը մաքուր օդում սպորտով զբաղվելով՝ դուք ստանում եք թարմություն և էներգիա, ինչպես նաև սթրեսը և ընկճվածությունը հաղթահարելու կարողություն։ 

Վազք

Շատերի համար ամռան շոգին վազելը պարզապես անհնար է։ +30 և ավելի ջերմաստիճանի պայմաններում շատերը զգում են հոգնածություն և նախընտրում են պարզապես մնալ տանը և հանգստանալ։ Այս խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է վազքով զբաղվել կամ առավոտյան շատ վաղ ժամերի, կամ երեկոյան՝ արևի մայր մտնելուց հետո։ «Վազքը, որպես ամառային սպորտաձև, ապահովում է օրգանիզմի նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը և ճնշման կարգավորումը։ Ինչպես նաև հնարավորություն է տալիս ազատվել ավելորդ քաշից և ունենալ ավելի լավ կազմվածք։ Ցանկալի է վազել այն տարածքում, որտեղ բացակայում է մեքենաների անցուդարձը, քանի որ սպորտով զբաղվելիս շատ կարևոր է մաքուր օդ շնչելը։ Հարկավոր է վազքի ընթացքում ճիշտ կարգավորել շնչառությունը։ Եթե վազքի եք գնացել որևէ մեկի հետ, ապա վազելու ընթացքում պետք չէ զրուցել։ Անհրաժեշտ է վազել այնպիսի արագությամբ, որ շնչակտուր չլինես», - ասում է սպորտային ակումբի մարզիչ Արամ Սարգսյանը։

Հեծանվային սպորտ

Հեծանիվով զբոսնելը ևս շատ օգտակար է առողջության համար։ Այն բարելավում է սրտի և թոքերի աշխատանքը, ինչպես նաև ամրացնում ոտքերի մկանները։ «Եթե դուք ունեք հնարավորություն հեծանիվով զբոսնել լեռնային հատվածներում, ապա անպայման ձեռք բերեք լեռնային հեծանիվներ։ Քաղաքի պայմաններում զբոսնելու համար կարելի է վարել սովորական հեծանիվ։ Վարելու դիրքը տարբեր հեծանիվների դեպքում տարբեր է։ Այս հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել։ Եթե մարմնի, ձեռքերի և ոտքերի դիրքերը սխալ լինեն, ապա դուք շատ շուտ կհոգնեք։ Որպեսզի այս սպորտաձևը ձեզ չհոգնեցնի, վարելու համար ընտրեք տարբեր վայրեր՝ նոր տեսարաններով», - ասում է մարզիչը։

Յոգա

Յոգայով զբաղվելը, իհարկե, ձեզ չի օգնի ավելորդ քաշ կորցնել, բայց փոխարենը ձեր մարմինը կդարձնի ավելի ճկուն։ Իսկ բնության գրկում յոգայով զբաղվելը շատ հանգստացնող և լիցքաթափող է, օգնում է մոռանալ կենցաղային խնդիրները և ձեռք բերել ներքին անդորր։

Յոգայի համար ձեզ անհրաժեշտ կլինի միայն գորգիկ և միջատների դեմ սփրեյ, որպեսզի նրանք չխանգարեն ձեր և բնության միասնությանը։

Լող

Դե իհարկե, ինչ ամառային սպորտաձևեր՝ առանց լողի։ «Ի տարբերություն նախորդ սպորտաձևերի, որոնք ամրացնում էին մարմնի որոշ հատվածների մկաններ, լողը ամրացնում է մարմնի գրեթե բոլոր մկանները։ Փորձեք լողալ տարբեր տեխնիկայով։ Եթե լողալ չգիտեք, ամառը լավ հնարավորություն է սովորելու համար։ Լողը կօգնի ձեզ ձեռք բերել գեղեցիկ կազմվածք», - նշում է Արամ Սարգսյանը։ 

Բատմինթոն

Բատմինթոն կարելի է գնել ոչ միայն սպորտային մասնագիտացված խանութներում, այլ նաև սուպերմարկետներում և սովորական խանութներում։ Իսկ խաղալ կարելի է ամենուր՝ բակում, այգում, ծովափին։ «Բատմինթոնը ամրացնում է ձեռքերի և մեջքի մկանները։ Որպեսզի բատմինթոնը պարզապես խաղից վերածվի սպորտի, անհրաժեշտ է խաղալ ոչ թե 15 րոպե, այլ շաբաթը գոնե մեկ անգամ 2-3 ժամ։ Բատմինթոնի այլընտրանք կարող է համարվել թենիսը, բայց այն ունի մի քանի թերություն։ Նախ թենիսի պարագաները ավելի թանկ արժեն, հետո ամեն տեղ չէ, որ հնարավոր է թենիսի կորտ գտնել, և վերջում՝ թենիսը շատ ավելի բարդ խաղ է, քան բատմինթոնը։ Բայց եթե այս հանգամանքները քեզ չեն մտահոգում, ապա ամառը ամենահարմար եղանակն է այս սպոտաձևով զբաղվելու համար», - նշում է մարզիչը՝ հավելելով, որ սպորտը ոչ միայն գեղեցիկ կազմվածքի, այլ նաև առողջ մնալու ամենակարևոր նախադրյալներից է։

Սոնա Օհանջանյան

18:00 06.07.2019

Ամենաշատ ընթերցվածները