ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ռ․Բախ․ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»
16:00 04.08.2019

Ռ․Բախ․ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Նրանք դատապարտված են մտածելու միայն կերի մասին։ Այսինքն՝ ապրում են, որ ուտեն։ Բայց Երամում կա մեկը՝ Ջոնաթան Լիվինգսթոնը, որ մտածում է կյանքի իմաստի մասին և հասկանում․ դեպի կատարելություն տանող ճանապարհը անցնում է ազատության միջով։ Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի օդաչուական փորձը նույնպես նպաստեց «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» վիպակի հաջողությանը, որի հանդեպ հետաքրքրությունը չի մարում նաև մեր օրերում։

Ճայերը օդում կանգ չեն առնում։ Դա նրանց համար ամոթ ու խայտառակություն էր։ Բայց Ջոնաթան Լիվինգսթոնը սովորական ճայ չէր։ Միայնակ ու ինքնամոռաց մարզվում էր, դանդաղում, կանգ առնում, նորից մարզվում․ «Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ թռիչքը»։

Մարզումների շնորհիվ Ջոնաթանը համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ սուրալով ժամում իննսուն մղոն արագությամբ։ Բայց դրանով չբավարարվեց։ Շուտով հասավ ժամում երկու հարյուր տասնյոթ մղոն առավելագույն արագության։ Դա մեծագույն պահ էր Երամի պատմության մեջ և, իհարկե, մի նոր սկիզբ Ջոնաթանի կյանքում։ Միայն թե Երամը, որ շարունակում էր զբաղվել կեր որոնելով, նրան անպատասխանատու է համարում և որոշում վտարել։ Ջոնաթանը փորձում է ընդդիմանալ․ «Ո՞վ է իրեն պատասխանատու զգում, քան այն ճայը, որ հետամուտ է գտնելու կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը։ Հազարավոր տարիներ ի վեր մենք չափչփում ենք ծովը՝ ձկան գլուխ որոնելով, բայց այժմ մեր կյանքն իմաստ կունենա՝ սովորել, հայտնագործել, լինել ազատ»։ Ջոնաթանին թույլ չեն տալիս ցույց տալ իր սովորածը, դատապարտում են աքսորի և մենակության։  Ճայերը չուզեցին հավատալ թռիչքի հրաշքին․ սա էր տխրեցնում նրան և ոչ թե մենակությունը։

Ջոնաթանը շարունակում է մարզումները, սովորում օդում քնել, թռչել քամուն հակառակ ուղղությամբ։ Թռչել սովորելու հետ մեկտեղ նա հասկացավ, որ ճայերը քիչ են ապրում ձանձրույթից, վախից ու չարությունից։ Ի վերջո, սովորեց երկար ու երջանիկ կյանք ապրել։

Մի օր էլ հայտնվում են աստղերի պես շողշողացող երկու ճայեր։ Նրանց հետ Ջոնաթանը թռչում ու անհետանում է երկնքի անթափանց խավարում։ Այդտեղ նա զգում է, որ լարվում է ավելի քիչ, բայց թռչում է ավելի շատ ու ավելի արագ, քան երկրում։ Երկնքում բոլոր ճայերն էլ ամենից շատ թռչել էին սիրում և շարունակ մարզվում էին։ Նրանց համար կյանքում ամենաէականը կատարելության հասնելու ձգտումն էր։ Իսկ Չիանգ անունով ճայը ընդգծում է․ «Երկինքը ո՛չ տարածություն է և ո՛չ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է»։ Ջոնաթանը Չիանգից սովորում է նաև թռչել մտքի արագությամբ։ Իսկ դա նշանակում էր լինել ցանկացած տեղում։

Անցյալը միայնության մեջ անցկացրած Ջոնաթանը մի օր էլ զգում է, որ ինքը ծնվել է ուսուցիչ լինելու համար։ Դա սիրո դրսևորման ձև էր․ իր հայտնագործած ճշմարտությունը նվիրել յուրաքանչյուր ճայի, ով ուզում է գտնել այն։ Շուտով աշակերտների թիվն ավելանում է։ Բոլորն էլ Աքսորյալներ էին և հրապուրված էին հանուն թռիչքի երջանկության թռչելու գաղափարով։ Իսկ Ջոնաթանը նրանց միշտ ասելիք ուներ․ «Փշրե՛ք ձեր մտքի կապանքները և դուք կփշրեք նաև ձեր մարմնի կապանքները»։

Մի օր Ջոնաթանը որոշում է աշակերտների հետ վերադառնալ Երամի մոտ։ Ճիշտ է, կային տարակուսողներ, բայց Ջոնաթանը վստահ էր․ իրենք ազատ են և կարող են գնալ այնտեղ, ուր ուզում են, լինել այնպիսին, ինչպիսին կան։ Նրանք թռչում էին օրվա բոլոր ժամերին և բոլոր եղանակներին, թռչում էին հենց միայն թռչելու համար․ «Իսկ նույն այդ ժամանակ Երամը տխուր կուչ էր գալիս և սեղմվում գետնին»։

Ջոնաթանը սովորեցնում էր աշակերտներին թոթափել ազատությանը խոչընդոտող ամեն ինչ՝ սովորույթ, նախապաշարմունք, ցանկացած կարգի սահմանափակում։ Միաժամանակ նա բախվում է Երամից եկող տգիտության պտուղներին․ «Քեզ սատանա են անվանում կամ Աստված»։ Մի օր աշակերտներից մեկը՝ Ֆլեթչեր Լինդը, թռիչքի պահին մեկ ուրիշ ճայի չվնասելու համար բախվում է ժայռին և կարծում է, թե մեռել է, բայց որոշ ժամանակ անց նրա կողքին հայտնվում է Ջոնաթանը և հասկացնում, որ մահվան մասին խոսք լինել չի կարող․ «Քո գիտակցության մակարդակը պարզապես կտրուկ փոխվել է։ Հիմա ի՛նքդ ընտրիր։ Ուղին սա է․ դու կարող ես մնալ այստեղ և սովորել այս մակարդակում, որն իրոք քիչ ավելի բարձր է, քան այն, որում դու ապրել ես, կարող ես նաև վերադառնալ և շարունակել աշխատանքդ Երամի հետ»։ Ջոնաթանը, Ֆլեթչերն ու մյուս աշակերտները շարունակում են թռիչքները։

Կատարվածից սարսափել էր չորս հազար ճայերի ամբոխը։ Նրանք ճչում էին՝ սատանա։ Իսկ Ջոնաթանը շարունակում է Ֆլեթչերի հետ խոսել բարության մասին․ «Դու պարտավոր ես վարժվել և նրանցից ամեն մեկի մեջ բարին տեսնել, տեսնել ճշմարիտ ճային և օգնել նրանց իրենց մեջ հայտնաբերելու այն։ Ահա սիրո իմ ըմբռնումը։ Ուղղակի երջանկություն է, եթե հասել ես այդ անելու հմտությանը»։

Ի վերջո գալիս է հրաժեշտի օրը։ Ջոնաթանը որոշում է հեռանալ։ Նրա մարմինը կայծկլտում էր ու աստիճանաբար լուծվում օդում․ «Թույլ մի՛ տուր նրանց հիմարություններ տարածել իմ մասին կամ աստվածացնել, լա՞վ, Ֆլե՛թչ։ Ես ճայ եմ, ես սիրում եմ թռչել․․․»։ Ֆլեթչերը այլևս չէր մոռանալու Ջոնաթանի խոսքերը։ Նա սիրում է աշակերտներին և հասկանում է, որ սահմաններ չկան, որ սովորելու իր երթը սկսվել է։

Այլաբանությունը՝ այլաբանություն, իսկ ասելիքը հստակ է։ Նա, ով կարողանա նայել մտքով ու տեսնել թռիչքի տանող ճանապարհը, ուրեմն վստահաբար գնում է դեպի կատարելություն։ Իսկ նա, ով չի վարակվել «բացարձակ թռիչքով», ստիպված է միանալ կեր որոնելը կյանքի իմաստ համարողների ստվար բազմությանը։

Արթուր Իսրայելյան 

16:00 04.08.2019

Ամենաշատ ընթերցվածները