ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խաղաղ մեկնարկ
15:00 05.08.2019

Խաղաղ մեկնարկ

Օգոստոսի 3-ին «Գանձասարը» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2019-20թթ․ մրցաշրջանի առաջին հանդիպումը անցկացրեց «Նոա» (նախկին «Արցախ») ակումբի հետ, որը հանդես է գալիս ոչ միայն նոր անվամբ, այլև միանգամայն նորացված կազմով և դրսից հրավիրված շատ մարզիկներ ունի։ Հենց նրանք էլ առաջին րոպեներից թելադրում էին իրենց կամքը, փորձում անմիջապես ծնկի բերել դաշտի տերերին։ Մինչև 22-րդ րոպեն «Գանձասարի» հարձակվող Ա․Քոչարյանը երկու անգամ հարվածեց դարպասի ուղղությամբ, սակայն երկու դեպքում էլ հյուրերի դարպասապահը հանգիստ ընդունեց գնդակը։

Այնուհետև երկու դրվագում սխալվեցին մեր պաշտպանները, «Նոան» հակագրոհի ժամանակ թվային առավելություն ստացավ, բայց դրությունը փրկեց Կասպարովը։ Այսպես՝ «Գանձասարի» հակագրոհային մարտավարությամբ, «Նոան» շարունակում էր թելադրել իր կամքը, իսկ լեռնագործները հյուրերի կիսադաշտում այնքան էլ ակտիվ չէին, երբեմն հեռահար հարվածներ էին կատարում Մելիքսեթյանի դարպասին, որոնք ոչ մի վտանգ չէին ներկայացնում։

Իրավիճակը կտրուկ փոխվեց 70-րդ րոպեին։ Ազարովը «Գանձասարի» տուգանային հրապարակում փորձեց անցնել մեր պաշտպանների պատի միջով, ոտքը դիտավորյալ գցեց Նռանյանի ոտքով և ընկավ։ Մրցավար Նալբանդյանը Ազարովին դեղին քարտ ցույց տալու փոխարեն նշանակեց 11 մետրանոց հարված՝ 0։1։

Միայն այս դրվագից հետո «Գանձասարը» արթնացավ ու սկսեց այն խաղը, որը սպասում են ֆուտբոլասերները։ Արդեն 83-րդ րոպեին Վբեյմարը միանգամայն անսպասելի գեղեցիկ հարվածով գրավեց «Նոայի» դարպասը, հինգ րոպե անց Ադամյանը բավականին հեռվից ստուգեց նույն դարպասի հորիզոնական ձողափայտի ամրությունը։ Դրան հաջորդած հակագրոհը կարող էր հաղթանակ բերել հյուրերին, սակայն կրկին փայլեց Կասպարովը։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1։

Հաջորդ խաղում՝ օգոստոսի 10-ին, «Գանձասարը» կլինի «Արարատ Արմենիայի» հյուրը։ Արդյունքի հասնելու համար պետք է ֆուտբոլ խաղալ հենց առաջին րոպեից։

Սլավիկ Նավասարդյան  

15:00 05.08.2019

Ամենաշատ ընթերցվածները