ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել
16:00 06.08.2019

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961.6 հազ. մարդ՝  նախորդ տարվա համեմատ նվազելով 8200-ով:

Նշենք, որ 2019 թ-ի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմել է 2 մլն 965.3 հազար մարդ, այսինքն՝ 6 ամսվա ընթացքում՝ հունվար-հունիսի ժամանակահատվածում մշտական բնակչության թիվը նվազել է 3700-ով։

Ըստ վիճակագրության ՝ 1 մլն 892.8 հազ.մարդ ապրում է քաղաքային, 1 մլն 68.8 հազ. մարդ՝ գյուղական բնակավայրերում:  1 մլն 81.3 հազար մարդ ապրում է մայրաքաղաք Երևանում: Առավել մեծ թվով բնակչություն ունեն Արմավիրի ու Արարատի մարզերը՝  համապատասխանաբար 263.8 հազար  և 256.6 հազար: Ամենաքիչ բնակչությունն ունի Վայոց ձորը՝ 48.8 հազար։

2019թ. հունվար-հունիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 116.8%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 123.0%-ի համեմատ:

Ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը 2018թ. հունվար-հունիսին կազմել է 110.3 տղա՝ 100 աղջկա հաշվով: Այսպիսով, 2019 թ-ի հունվար-հունիսին Հայաստանում ծնվել է 16 հազար 111 երեխա, 2018թ-ի հունվար-հունիսին՝ 16 հազ. 261 երեխա։

Ըստ վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում մահացել է 13 790 մարդ,  որից 7 237-ը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, 2 741-ը՝ նորագոյացություններից, 1 656-ը՝ շնչառական օրգանների հիվանդություններից։ Համեմատության համար նշենք, որ 2018 թ-ի հունվար-հունիսին մահացել է 13 218 մարդ։

Հանրապետությունում 2019թ. հունվար-հունիսին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 242 դեպք` 2018թ. հունվար-հունիսին արձանագրված 282 դեպքի համեմատ:

Աղբյուրը՝ Panorama.am

16:00 06.08.2019

Ամենաշատ ընթերցվածները