ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայաստան - 2050
19:00 06.08.2019

Հայաստան - 2050

Վարչապետի Արցախյան հանրահավաքը ուշագրավ էր: Նախ հեղափոխությունից հետո այսքան շատ մարդ որևիցե հրապարակում չենք տեսել: Համահայկական խաղերի մեկնարկից մեկ օր առաջ խոստանալ, որ Հայաստանի ֆուտբոլային հավաքականը մի օր դառնալու է աշխարհի չեմպիոն ու հաշվի չառնել, որ վերջին 100 տարում մենք նույնիսկ ընտրական փուլ չենք կարողանում հաղթահարել, նշանակում է, որ վարչապետը ուղղակի կարոտել էր մեծ քանակով հանդիսատեսի առջև ելույթները։ Ելույթը հախուռն էր, կային հետաքրքիր հատվածներ ու կային շատ վերացական հատվածներ: Փորձենք գնահատել վարչապետի՝ մեկ ժամից ավելի հնչած ելույթը, որը ընթերցվում էր թղթից, ինչը, ի դեպ, անսովոր էր:

Արցախը Հայաստան է և վերջ

Լեոնիդ Ազգալդյանի այս արտահայտությունը միշտ շատ հաճելի է լսել: Սակայն մի հարց է, երբ դու Ազգալդյանի պես զենքը ձեռքիդ ազատագրում ես Արցախը, մեկ այլ իրավիճակ է, երբ Արցախի բյուջեի 60 տոկոսը ապահովում է Հայաստանը, զինում է նրան, տարբեր համահայկական հիմնադրամների փողերն է ուղղում այդ հայաբնակ մարզին: Նույնիսկ չգիտեմ՝ արժե՞ հիշեցնել, որ սերժահաճո իշխանավորներն են հիմնականում մնացել Արցախում, որ Բակո Սահակյանի թեթև ձեռքով Ռոբերտ Քոչարյանին ազատեցին կալանքից, իսկ հիմա այդ ազատող դատավորին հետապնդում են: Ու որ այդ ամենը մատուցվում է իբր նորմալ գործընթաց: Իրականում, Հայաստան-Արցախի վերաբերյալ ոչ մի ուշագրավ մեսիջ չհնչեց: Ամեն ինչ մնաց հում ու անհասկանալի մակարդակում, ինչպես որ կար ցայսօր: Այս հատվածը ամփոփելով՝ հիշեցնեմ, որ Արցախում փողոց դուրս եկած մարդկանց սաստեց հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո Արցախի իշխանությունը, դատարանները, կառավարումը ավելի լավը չդարձան:

Հեղափոխության ուրվականը

Ելույթի պատկառելի հատված կրկին ու կրկին նվիրվեց հեղափոխությանը: Երգը լավն է, բայց 1,5 տարի անց կրկին ու կրկին լսել նույն երգը՝ մի տեսակ ձանձրալի է դառնում: Ոչ մեկը չի կարող հասկանալ, արդյո՞ք հեղափոխության ձոնը նվիրված էր նրանց, ովքեր ուզում են ղարաբաղյան ընտրություններին ոչ ազնիվ բաներ անել: Հստակություն չկար, մնաց չհասկացված: Հաթաթա հնչեց, որ եթե կեղծվեն ընտրությունները, ապա գործ են ունենալու Հայաստանի հետ, այսինքն՝ ի՞նչ, տանկե՞ր են մտցնելու Ստեփանակերտ: Խառն էր ու հակասական Արցախի վերաբերյալ ելույթի մասը: Ադրբեջանական մամուլը արդեն գրում է, որ վարչապետը հայտարարել է, թե Արցախը ու Հայաստանը մի պետություն են: Դե արի ու բացատրիր, որ շեշտը 1988 թվականի միացում կոչի շեշտադրումով էր:  

Հայաստան - 2050

Սերժ Սարգսյանը Հայաստանում 4 մլն հայ էր խոստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 5 մլն: Ես լինեի՝ 45 կխոստանայի, միաժամանակ Մարսը և Յուպիտերը հայերով բնակեցնելու հեռանկարով: Ընդհանրապես առանց հաշվարկի, հետազոտության և գիտական մոտեցման 30 տարվա կանխագուշակումները ինձ վախեցնում են: 1 տարի առաջ հեղափոխությունը կարծում էր, որ դատական համակարգում ամեն ինչ լավ է, քանի դեռ իրենք վերևից հրահանգներ չեն իջեցնում, մեկ էլ՝ հո՛պ, պարզվեց, որ խնդիրները պարզապես չեն ցնդում: Հիմա պատկերացրեք, իմ շրջապատում երրորդ երեխա ունեցողներ գրեթե չկան: Մեկ էլ վարչապետը Արցախում ասաց, որ 5 մլն պետք է դառնանք, ու արի տես՝ բոլորիս կանայք իրենք են հանդես գալիս երրորդ, չորրորդ երեխա ունենալու նախաձեռնությամբ: Ծնելիությունը խթանելու համար ամբողջ պետությունը պետք է դզել, հատվածական վերանորոգումները չեն օգնում: Արցախյան ելույթից ընդամենը մեկ օր առաջ նույն վարչապետը արձանագրեց, որ Հայաստանում ոչ մի նորմալ գործող ինստիտուտ գոյություն չունի: Հիմա մենք ինչ պետք է անենք, պետք է կանանց ասենք՝ վարչապետի էն նախորդ օրվա ելույթը մի՛ նայեք, Արցախինը նայե՛ք ու հղիացե՛ք: Արդեն չեմ ասում, որ ՄԱԿ-ը վաղուց հաշվել է, որ մենք 2050-ին 2,7 միլիոն ենք լինելու: ՄԱԿ-ը լուրջ հետազոտություն է արել, ՄԱԿ-ը ուղղակի կենացներ չի ասում այսպիսի լուրջ թեմաներով:

Երկակի ստանդարտներ

Ընդհանուր առմամբ լավ մեսիջներ կային վարչապետի ելույթում: Դրանք են կոնսենսուսների մասը և ղարաբաղցի, իջևանցի տարանջատման վտանգավոր եզրույթը: Բայց ամենաահավորը այն է, որ այս ելույթում կային երկակի ստանդարտներ: Թվեմ մի քանիսը․

  • Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Իշխան Զաքարյանը: Մարդ, ով եղել է սկզբում քոչարյանական, ապա սարգսյանական ռեժիմների առանցքային դեմքերից ու դերակատարներից մեկը, մարդ, ով ամբողջությամբ մարմնավորում է քրեաօլիգարխիան, հանցավորությունն ու ապապետականությունը: Գոնե իրեն ներկայացնեին որպես ազնիվ գործարար:
  • Վարչապետը ասել էր, որ չի կարող արցախցիներին ներկայացնել, քանզի չի ընտրվել արցախահայության կողմից, մյուս կողմից՝ Հայաստա՛ն եք ու վերջ:
  • Արցախցի Արմեն Գրիգորյանը դարձել է անվտանգության խորհրդի ղեկավար, այսինքն՝ մենք մի երկիր ենք, բա ինչու՞ հայաստանցիները չեն կարող Արցախի ընտրություններին մասնակցել: Երկակի՞ ստանդարտ է, երկակի է:
  • Եթե ամբողջ Հայաստանի մարզպետները փոխվեցին, ապա Արցախի մարզի սերժառոբերտքոչարյանական կլանը ինչու՞ ձիու վրա նստած մնաց: Արայիկ Հարությունյանը ո՞նց դարձավ մուլտիմիլիոնատեր: Թե որ Արցախ է, սահման է, պետք է ոնց ուզեն, թալանեն ու մարսե՞ն:
  • Եվ վերջում սուլոցներ Բակո Սահակյանի հասցեին, որոնց ընթացքում Արթուր Վանեցյանը ասում է՝ տղանե՛ր, հիմա այդ օրը չէ: Հայաստանի ԱԱԾ տնօրենը խառնվում է ազատ, անկախ, հպարտ արցախցիների կամարտահայտվելու իրավունքի դրսևորմանը:

Արցախցիների համար ու հայաստանցիների համար պայմանները հավասար չեն: Արցախցին չի ծառայում Հայաստանում, և ուրեմն՝ էլ ի՞նչ միացում, էլ ի՞նչ համահայկականության գաղափարախոսություն: Տեսնես՝ գոնե 2050-ին արցախցիները կգա՞ն Հայաստան ոչ նախագահի պաշտոնով, այլ պարզ, հասարակ զինծառայողի կարգավիճակով: Թե Նիկոլը մինչ այդ թիվը կառավարի, միգուցե պահանջենք, ով գիտի:

Արման Սուլեյմանյան

19:00 06.08.2019

Ամենաշատ ընթերցվածները