ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Երբ գալիս է սեպտեմբերը
16:00 01.09.2019

Երբ գալիս է սեպտեմբերը

Նոր ուսումնական տարին օրեր անց կմեկնարկի: Մինչ երեխաները ամառային հանգստից հետո տրամադրվում են դպրոցական կանոնակարգված առօրյային, ծնողները նախադպրոցական աշխույժ առևտրի մեջ են: Երեք դպրոցականի համար սեպեմբերմեկյան գնումներ կատարած Սոնա Գրիգորյանը ամեն անգամ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ գիտի, որ պետք է  նախապատրաստվի զգալի  գումար ծախսելուն։ Մոտավորապես 5000 դրամի սահմանում գնել է առաջին անհրաժեշտության  գրենական պիտույքներ, իսկ ընդհանուր առմամբ արդեն հասցրել է ծախսել 80 հազար դրամ։ Ասում է՝ դժվար է երեք երեխայի համար այսքան գումարի մեջ տեղավորվելը․ «Երեխաները արդեն մեծ են,  գունավոր մատիտի, նկարչական ալբոմների, ծեփամածուկի հետևից չենք ընկնում։ Գնել ենք սովորական, առաջին անհրաժեշտության պիտույքներ՝ տետր, գրիչ, օրագիր և այլն։ Աշխատում եմ այնպես անել, որ երեխաների սրտով լինի, միշտ իմ և երեխաներիս ճաշակը չի համընկնում, օրինակ, մի քանի օր առաջ գնացինք կոշիկի խանութ, ես հավանեցի 7000 դրամանոց կոշիկը, երեխաս՝ 12000-ը, նրա հավանածն էլ գնեցի»։

Այս տարի շարժը քիչ է

«Սյուն» գրախանութի աշխատակից Աննա Համբարձումյանի խոսքով՝ թեև այս տարի գները համեմատաբար ավելի ցածր են, այնուամենայնիվ,  նախորդ տարվա համեմատ շարժը քիչ է․ գնում են  ավելի շատ առաջին անհրաժեշտության իրեր՝ տետր, գրիչ, մատիտ, ռետին, գրչատուփ․ «Ինձ թվում է՝ սպասում են, որ դպրոցը ներկայացնի, թե ինչպիսի տետրեր են հարկավոր, հետո գան խանութ, որովհետև նախորդ տարիներին նախօրոք ձեռք են բերել այդպիսի ապրանք, հետո պարզվել է, որ ճիշտ գնումներ չեն կատարել։ Կրկնակի, եռակի ծախս են անում, հետո գալիս գրախանութ, ասում, որ ավելորդ գնում են արել։ Գրենական պիտույքներ գնելիս հիմնականում գալիս են ծնողները առանց երեխաների, ենթադրում եմ, որ երեխաների պահանջները շատ են։ Միջին ընտանիքի համար գրենական պիտույքներ գնելիս ծախսը կազմում է 15-ից 20 հազար դրամ, շատ ճոխ առևտուր այս տարի չկա»։  

Վահեն սովորում է Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում։ Ամառային արձակուրդը հագեցած է անցկացրել, ուրախ է, որ մոտենում է սեպտեմբերի մեկը։ Այս տարի առաջին անգամ մենակ է եկել գնումների։ Ասում է՝ գնած  գրենական պիտույքները բավարար կլինեն միայն առաջին կիսամյակի համար․ «Մայրիկս աշխատանքի էր, ասաց՝ մոտս նշումներ անեմ, հետո գամ խանութ, որպեսզի չմոռանամ։ Իսկ հագուստս էլ մայրս վաղուց արդեն գնել է»։

Դպրոցական երեխա ունեցող ծնողների հոգսերը սեպտեմբերի 1-ին ընդառաջ ավելանում են, սակայն  ամեն ոք ցանկանում է, որ իր երեխան քիչ թե շատ պատրաստված գնա  դպրոց։

Նարե Խաչատրյան


16:00 01.09.2019

Ամենաշատ ընթերցվածները