ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սողանքի վտանգի տակ
17:00 21.09.2019

Սողանքի վտանգի տակ

«7 հոգով բնակվում ենք մեկսենյականոց տանը։ Ուզում եմ շինարարություն սկսել, բայց այս սողանքի պայմաններում հնարավոր չէ։ Տունը օր օրի նստվածք է տալիս, անընդհատ ախ ու վախի մեջ ենք, հնարավոր չէ այսպես ապրել, անհանգստանում ենք երեխաների համար»,- ասաց տիկին Նարինեն։

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի թիվ 13 փողոցը երկար տարիներ է՝ ունի սողանքի խնդիր։ Տարածքը ուսումնասիրվել է և վնասվածությունը գնահատվել հիմնականում 4-րդ կամ 5-րդ  աստիճանի։ Քարահունջում 8 ընտանիք այսօր դեռ ապրում է սողանքի գոտում։

Ժամանակին բնակիչների մի մասին աջակցություն ցուցաբերվել է․ կացարան կամ գումար են հատկացրել, իսկ Էվելինա Գալստյանը շարունակում է սպասել, թե երբ է հերթը հասնելու իրենց։ Սողանքի վտանգի պատճառով իշխանությունները նույնիսկ լուսավորությունն են դժվարությամբ անցկացրել, այն էլ բնակիչների համառ պահանջներից հետո միայն․ «Ուսումնասիրելուց հետո տարածքը գնահատեցին ու ասացին, որ յուրաքանչյուրը պետք է  որոշակի գումար վճարի, որից հետո միայն պետք է գային ու խորքային ուսումնասիրություն կատարեին և մտածեին փոխհատուցման մասին։ Իշխանափոխություն էր․ելնելով հանրապետության իրավիճակից՝ կասկածի տակ առանք և չվճարեցինք»։

2013թ․ բնակիչների հերթական դիմումին Սյունիքի մարզպետարանից պատասխանել են․ ՀՀ պետական բյուջեով ֆինանսական միջոցներ հատկացվելու դեպքում միայն կքննարկվի  Քարահունջ բնակավայրի վնասվածություն ունեցող անհատական տների բնակիչների բնակարանային խնդրի լուծման հարցը։ Իսկ  2018թ․ օգոստոսի 13-ին սողանքի գոտում ապրող  բնակիչներից մեկին պատասխանել են, որ նմանատիպ խնդիրների լուծման համար ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ չի տրամադրել։

Բնակիչները մինչև օրս սպասում են։ Վերջերս էլ հարևաններից մեկը  նկուղ մտնելիս ընկել  է  սողանքից առաջացած փոսը։ Մարզային փրկարարական վարչությունից եկան և  ժապավեններով փակեցին տարածքը՝ զգուշացնելով՝ վտանգավոր է․«Կառավարությունը ինչ էլ որոշի,  լինի դա տարածքի տրամադրում, թե գումար, համաձայն ենք, նույնիսկ գումարի մի մասն էլ մենք կտանք, միայն թե հարցը լուծում ստանա, այսպես շարունակվել չի կարող», - ասաց տիկին Էվելինան։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը խնդրին տեղյակ է, մի քանի անգամ գնացել է Քարահունջ, տեղում զրուցել բնակիչների հետ։ Առուշ Առուշանյանը նշում է՝ չի եղել մի բնակիչ, որ դիմի և անպատասխան մնա։ Առաջիկա ամիսներին կհայտարարվի մրցույթ, և հույս ունեն, որ մինչև 2020 թվականի կեսերը խնդիրը լուծում կստանա․ «Եթե համայնքը հիմա  ներդրումներ անի  բնակարանները վերականգնելու համար, արդյունավետ չի լինի, քանի որ սողանքի գոտի է, հարցը վերջնական լուծում չի ստանա։ Համայնքում ունենք համայնքային սեփականության մի քանի տարածքներ, որտեղ վերանորոգումից հետո կարող ենք քաղաքացիներին տրամադրել բնակարաններ։ Բնակիչներին նույնպես կառաջարկենք։ Կարծում եմ՝ այդպես խնդրին լուծում կտանք»։

Նարե Խաչատրյան

 

17:00 21.09.2019

Ամենաշատ ընթերցվածները