ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Եղանակը՝ օրգանիզմում փոփոխությունների պատճառ
19:00 21.09.2019

Եղանակը՝ օրգանիզմում փոփոխությունների պատճառ

Թվում է, թե ամռանը օրգանիզմը հավաքում է բավարար չափով վիտամինների պաշար, բայց մազերին կարծես թե ինչ-որ բան պակասում է: Սեզոնային փոփոխությունների ընթացքում օրգանիզմում էլ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Գարնանն ու աշնանը սկսվում է մազերի  թարմացման  փուլը: Եղանակային փոփոխությունների պատճառով տեղի է ունենում տրամադրության կտրուկ անկում, և օրգանիզմում պակասում է երջանկության հորմոնը, որը մեծ մասամբ պատասխանատու է մարդու առողջության համար: Իմունային համակարգը թուլանում է, որի հետևանքով էլ վատանում է նաև մաշկի և մազերի վիճակը: Մազերը թափվում են՝ իրենց տեղը զիջելով նոր ու թարմ մազերի: Մարդն օրական կորցնում է մինչև 100 մազ, ինչը բնական է: Այս շրջանը սովորաբար տևում է մեկ-երկու ամիս, սակայն այն անհատական է և երբեմն կարող է ձգվել 3-4  ամիս: 

Այս խնդիրը կանխարգելելու նպատակով հարկավոր է ամրացնել օրգանիզմը, սննդի միջոցով ապահովել անհրաժեշտ նյութերով։ Բացի դրանից՝ հարկավոր է խթանել արյան շրջանառությունը գլխի հատվածում՝ մազաթափությունը նվազագույնի հասցնելու համար։

Մազաթափության խնդիրը շատերին է անհանգստացնում, դրան առնչվում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ՝ կանայք։ 

«Մազաթափության հետ կապված խնդիրները հիմնականում լուծելի են, ուստի չարժե խիստ անհանգստանալ», - նշում է բժիշկ Արևիկ Հովհաննիսյանը: «Եթե օրվա ընթացքում թափվում է 50-100 մազ, սա նորմայի սահմաններում է: Միջոցներ ձեռնարկելու կարիք չկա, քանի որ դա օրգանիզմի բնականոն գործընթացն է, սակայն եթե թափվող մազերի թիվը գերազանցում է նորման, խորհուրդ է տրվում օգտագործել աճն ակտիվացնող, մազաթափության դեմ միջոցներ: Եթե սեզոնային մազաթափությունը չի դադարում ամիսներ շարունակ, ապա օրգանիզմում հնարավոր է այլ խնդիրներ կան, և պետք է նման դեպքում դիմել բժշկի ու պարզել պատճառը: Դրանք կարող են տարբեր լինել, օրինակ՝ երկաթի պակասությունից, սխալ սննդից և այլն: Ցանկացած բուժման ժամանակ կարևոր է ոչ թե միայն ազատվել ախտանշաններից, այլև բացահայտել հիվանդության պատճառները և վերացնել դրանք: Եթե գլխի մաշկի հիվանդություն ունեք, որքան էլ սնուցող դիմակներ գործածեք, միևնույն է, մազաթափությունը չի դադարի, քանի դեռ դուք չեք բուժել հիվանդությունը: Մարդու գլխամաշկը շատ զգայուն է, և անգամ ձմռանը կրած ծանր գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ: Մազաթափության պատճառները հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է փորձել վերականգնել մազերի աճը: Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Դա նպաստում է արյան շրջանառության լավացմանը: Արյան միջոցով մազարմատը սնվում է տարբեր վիտամիններով և հարուստ նյութերով: Գլուխը լվանալու ժամանակ կարելի է նուրբ տրորել մազարմատները: Ամեն երեկո, քնելուց առաջ, մի քանի րոպե սանրեք  մազերը հատուկ մերսող խոզանակով», - նշում է բժիշկը:

Վերջում Արևիկ Հովհաննիսյանը մի քանի միջոց նշեց տնային պայմաններում սեզոնային  մազաթափությունը ինչ-որ չափով նվազեցնելու համար: «Բոլորին հայտնի է, որ գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի: Մատների ծայրերով այն շատ լավ քսել մազարմատներին, ապա գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով, իսկ արդյունքն ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրայով կապել նաև սրբիչ: Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքներով, քանի որ դրանք վիտամին B են պարունակում, որը շատ անհրաժեշտ է մազերին: Ժամանակակից կոսմետոլոգիան առաջարկում է մազաթափությունը կանխող շամպունների ու քսուքների լայն ընտրանի: Գարնանն ու աշնանը մազերի կորուստը կարող է ուժեղանալ, ինչը նորմալ է, և անհանգստանալու կարիք չկա, սակայն այդ ընթացքում կարելի է մազերը սնուցել բուսական եփուկներով (կռատուկ, եղինջ), ինչպես նաև կեֆիրի, երիժնակի յուղի, հավկիթի, մեղրի, մանանեխի, հացի կամ հալվեի հիման վրա պատրաստված դիմակներով», - խորհուրդ է տալիս բժիշկը:

Երբեք չի կարելի մազերը սանրել թաց վիճակում: Եվ աշխատեք քիչ օգտվել մազահարդարումից, արհեստական գանգրացումից ու քիմիական տարբեր նյութերից: Վարսահարդարները խորհուրդ են տալիս պարբերաբար կտրել և թարմացնել մազերի ծայրերը, երբ դրանք ճյուղավորվում են կամ շատ չորանում։ Դա ևս կօգնի կարգավորել մազերի սնուցումը թթվածնով։

Սոնա Օհանջանյան

19:00 21.09.2019

Ամենաշատ ընթերցվածները