ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը մեղադրվում է նոր գողություն կատարելու մեջ
13:00 23.09.2019

Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը մեղադրվում է նոր գողություն կատարելու մեջ

Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանն, ով նախկինում երեք անգամ մեղավոր է ճանաչվել գողության հոդվածով, մեղադրվում է 4-րդ անգամ նույն արարքը կատարելու մեջ: Գործն արդեն ուղարկվել է դատարան, գտնվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում:

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ «Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի  հունիսի 28-ին ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, կոտրել ընդունարանի բաժանմունքի 5-րդ աշխատասենյակում առկա պահեստարան հանդիսացող պահարանի դուռը և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այնտեղից գաղտնի հափշտակել է ավագ բուժքույր Սիրանուշ Գասեսյանին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս «ՎՏԲ Հայաստան» բանկի», «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բանկային քարտերը՝ իրենց ծածկագրերով և 500 ՀՀ դրամ գումար` այսպիսով Գասեսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»:

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ինչպես արդեն նշեցինք, Սարգսյանին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2018-ի հունիսի 28-ին: Սա այն ժամանակահատվածն է, երբ մեծ աղմուկ էր բարձրացրել Սարգսյանին 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի դատավճիռը:

Հատկանշական է, որ ենթադրյալ արարքը կատարելու օրվանից երկու օր առաջ՝ հունիսի 26-ին վերաքննիչ դատարանը, քննելով առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Սարգսյանի բողոքը՝ այն մասնակի բավարարել էր, և նշանակված  6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկումը դարձրել 5 տարի:

Այս ժամանակահատվածում և դրանից հետո մի խումբ իրավապաշտպաններ հայտարարություններ էին տարածել՝ պահանջելով, որ գոնե վճռաբեկ դատարանն արդարացի որոշում կայացնի երեք անչափահաս երեխաների մոր նկատմամբ, ով սոցիալական լուրջ խնդիրներ ունի: Իրավապաշտպանները պնդում էին, որ Հասմիկ Սարգսյանին Սիսիանի քննչական բաժնում ստիպել են տալ այնպիսի ցուցմունքներ, որոնք արդյունքում ինքը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: 2019 թվականի  ապրիլի 11-ին վճռաբեկ դատարանը մասնակի բեկանել է Սարգսյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումն ու նրա նրա նկատմամբ նշանակել երկու տարի ժամկետով փորձաշրջան:

Հասմիկ Սարգսյանի շահերը Մնացական Մարտիրոսյանի վարույթում քննվող քրեական գործով ներկայացնում է հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանը: Վերջինս մեր հարցին ի պատասխան ասաց, որ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Աղբյուր՝ lurer.com

13:00 23.09.2019

Ամենաշատ ընթերցվածները