ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Իսկ դու բու՞ ես, թե՞ արտույտ
16:00 29.09.2019

Իսկ դու բու՞ ես, թե՞ արտույտ

Արդեն աշուն է, իսկ առավոտներն էլ արդեն այդքան լուսավոր չեն, առավել ևս նրանց համար, ովքեր պետք է շուտ արթնանան: Այս փաստը լուրջ խնդիր է շատերի համար: Ինչպես գիտենք, մեզնից շատերը կյանքում «արտույտ» են (նրանք, ովքեր շուտ են արթնանում), իսկ ոմանք էլ բու (նրանք, ովքեր ուշ են արթնանում):

Բոլորս էլ գիտենք, որ կյանքը բարելավելու և հաջողության հասնելու համար հարկավոր է առավոտյան շուտ արթնանալ, սակայն ոչ բոլորն են դա անում: Քանի որ այդքան էլ հեշտ չէ վաղ արթնանալը, մանավանդ եթե սովոր եք երկար քնելուն:

Առավոտյան շուտ արթնանալու թերևս առաջին նախապայմանն առնվազն 7-8 ժամ քնի ապահովումն է, քանի որ ավելի քիչ ժամանակում օրգանիզմը չի հասցնում վերականգնվել: Խորհուրդ է տրվում ընթրել քնելուց 4 ժամ առաջ, ինչը օգտակար է կազմվածքի համար, և կօգնի ավելի հեշտ արթնանալ առավոտյան: Երբ ստամոքսը գիշերը զբաղված չէ սնունդ մարսելով, ավելի լավ ես հանգստանում, իսկ առավոտյան թեթևակի քաղցը կստիպի վեր կենալ անկողնուց: Քնից 30 րոպե առաջ խորհուրդ է տրվում լոգանք ընդունել քունը ավելի հանգիստ դարձնելու համար: 

Երբ լսում եք ձեր զարթուցիչի զանգը, ապա մոռացեք հետաձգելու և 10 րոպե ավելի քնելու մասին։ Միանգամից վեր կացեք անկողնուց։ Միայն այսպես դուք ձեզ թարմ կզգաք առավոտյան։ Երբեմն, իսկ եթե անկեղծ, գրեթե միշտ, զարթուցիչի զանգը լսելով, մենք հասկանում ենք, որ անկողնուց վեր կենալու ոչ մի ցանկություն չունենք, նույնիսկ 10 րոպեով վերադառնում ենք այդքան հաճելի քնի ռեժիմին: Բժիշկները վստահեցնում են, որ սա բոլորովին էլ լավ չէ մեր օրգանիզմի համար: Բանն այն է, որ մարդը նոր քնի փուլ է սկսում, սակայն չի ավարտում։ Հետևապես մենք վեր ենք կենում անկողնուց շատ ավելի հոգնած, քան կլիներ, եթե մենք վեր կենայինք առաջին զանգի հետ:

Տհաճ աղմուկից արթնացող մարդը քիչ հավանական է, որ լավ տրամադրություն ունենա: Այս  պատճառով զարթուցիչի երաժշտությունը պետք է միշտ հաճելի լինի: 

Եթե զարթուցիչի զանգից 10 կամ 20 րոպե ավելի վաղ եք արթնացել, ապա անմիջապես վեր կացեք։ Դա նշանակում է, որ ձեր օրգանիզմը լիովին հանգստացել և արդեն պատրաստ է նոր օրվան։ 

Գրեթե բոլորս էլ քնելիս հեռախոսը մոտակայքում ենք դնում՝ գրասեղանին կամ աթոռին: Եվ առավոտյան, փորձելով հետաձգել անկողնուց վեր կենալու պահը, ձգվում ենք հեռախոսի հետևից ու սկսում ստուգել էկեկտրոնային փոստն ու նամակները: Սա նույնպես այդքան էլ լավ չէ: Նամակները և  աշխատանքային հարցերը, կարելի է ասել, անվերջանալի են, և երբ առավոտյան, դեռ անկողնում պառկած, ստուգում ենք էլ.փոստը, դրանք միանգամից գորշ ամպերի տեսքով կուտակվում են մեր գլխին, փչացնում մեր տրամադրությունն ու ծանրաբեռնում մեզ: Մինչդեռ այդ ամենը կարող է սպասել 1-2 ժամ, երբ մենք կհասնենք աշխատավայր: Առավոտյան արթնանալով՝ ավելի լավ է մտածել այն մեկ-երկու կարևոր գործի մասին, որոնք այդ օրը մտադիր եք անել և չծանրաբեռնել ձեզ հավելյալ տեղեկատվությամբ:

Արթնանալուց անմիջապես հետո կարևոր է բացել պատուհանն ու օդափոխել սենյակը, քանի որ թթվածնի պաշար հավաքելով՝ ուղեղն ավելի արագ է աշխատում:

Եթե օրգանիզմը չլիցքավորենք ինչով անհրաժեշտ է, ապա անընդհատ բողոքելու ենք հոգնածությունից ու քնկոտությունից: Այս երևույթներից խուսափելու համար առավոտյան հարկավոր է անպայման նախաճաշել:

Առավոտյան վաղ արթնանալը զարգացնում է մարդու ինքնավստահությունն ու ստեղծագործական հմտությունները, լուսաբացին արթնանալը անասելի եռանդ է հաղորդում, իսկ մինչ ժամը 8-ը բոլոր կարևոր գործերը վերջացնելու դեպքում մարդը հասկանում է, որ կարող է հասնել իր նպատակներին: Առավոտը որոշում է, թե ինչպիսին է լինելու ամբողջ օրը: Եթե դուք անկողնուց վեր եք կացել առույգ ու թեթև, ապա տրամադրությունն էլ բարձր կլինի, հետևաբար և բոլոր գործերը հաջող կընթանան: Եթե դուք լավ քնել եք, առավոտյան էլ ունեք հրաշալի ինքնազգացողություն և դրական էներգիա, ապա ձեր ամբողջ օրը կանցնի թեթև: 

Եվ վերջում մի քանի փաստ համաշխարհային ճանաչում ունեցող հաջողակ մադկանց մասին, ովքեր իրենց հաջողության նախապայմաններից մեկը համարել են շուտ արթնանալը: «Twitter»-ի հիմնադիր Ջեք Դորսին նշում է, որ ամեն օր արթնանում է 5:30-ին, այնուհետև զբաղվում է մեդիտացիայով կամ գնում այգի՝ վազելու: «Apple»-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկն էլ իր հերթին հայտնի է նրանով, որ աշխատանքային էլեկտրոնային նամակները սկսում է ուղարկել 4:30-ին: Միգուցե սա ինչ-որ կերպ կմոտիվացնի ձեզ:

Պատրաստեց Սոնա Օհանջանյանը

 

16:00 29.09.2019

Ամենաշատ ընթերցվածները