ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հնի փոխարեն կառուցվեց նորը
17:00 01.10.2019

Հնի փոխարեն կառուցվեց նորը

Քաջարան քաղաքում՝ Ողջի գետի վրա, անցյալ դարի կեսերին կառուցված կամուրջը վթարային վիճակում էր։ Թե՛ մեքենաների երթևեկության, թե՛ քաղաքացիների անցուդարձի համար վտանգավոր էր դարձել։ Քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում էր այդ կամուրջի վերակառուցումը։ Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական օժանդակությամբ սկսվեցին կամուրջի հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարությունը մի քանի փուլով իրականացվեց։ «Նեմալ» ՍՊԸ շինարարական տեղամասի պետ Արա Խոսրովյանի խոսքով՝ քանի որ Ողջին համարվում է սելավատար գետ, ջրի ազդեցությունից հենարանները քայքայված էին, ափապաշտպան պատերի հիմքերը՝ ողողված։

Պատվիրատուի՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի պահանջը կապալառու կազմակերպությունից եղել է առաջին հերթին կառույցի ամրությունը ապահովելը, այդ պատճառով կամուրջը քանդվել և զրոյից ոտքի է կանգնեցվել։ Ուժեղացվել են գոյություն ունեցող բետոնե հենարանները, ձեռնարկվել են միջոցներ ողողումները կանխելու համար, ֆիզիկապես և բարոյապես քայքայված թռիչքային  կառույցն է քանդվել, տեղադրվել են նոր՝ գործարանային, բետոնե թռիչքային սալեր։ «Երթևեկելի մասի լայնությունը 9 մետր է, աջ ու ձախ հատվածներում մեկական մետր լայնությամբ առանձնացված է հետիոտների անցում, իսկ կամուրջի ընդհանուր երկարությունը 24 մետր է», - ասաց շինարարության տեղամասի պետ Ա․Խոսրովյանը։

«Մենք կամուրջներ ենք կառուցում»

Սոցիալական պատասխանատվությունը գործունեության սկզբունք համարելով՝ «Մենք կամուրջներ ենք կառուցում» կարգախոսով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ  սեպտեմբերի 21-ին հանդիսավորությամբ ազդարարվեց կամուրջի շինարարական աշխատանքների ավարտը, կտրվեց կարմիր ժապավենը, և քաղաքի օրվա առթիվ այն պաշտոնապես շահագործման հանձնվեց։ Քաջարանի Տերյան փողոցը ու Աջափնյակ թաղամասը իրար կապող կամուրջը այժմ  համապատասխանում է շինարարական ժամանակակից չափորոշիչներին, քանի որ շինարարները   օգտագործել են արդի տեխնիկական  միջոցներ, գործը կատարել որակով։

Համայնքային ծրագրերին օժանդակելը կոմբինատի ղեկավարության գործունեության ուղենիշներից է, իսկ քաղաքում կատարվող մեծածավալ բարեկարգման աշխատանքի թիկունքին մշտապես կանգնած է հանրապետության թիվ մեկ հարկատուն։ Իրականացված յուրաքանչյուր ներդրում բնակիչների ուշադրությունից չի վրիպում, այն ուղղակիորեն բարելավում է քաղաքացիների առօրյան։ «Մենք օրական երկու անգամ այս կամուրջով անցուդարձ ենք անում։ Առաջ վախենում էինք անգամ երեխաների ձեռքից բաց թողնել, անվտանգ չէր, մեքենաների շարժ շատ էր, հիմա գոյություն ունի պատնեշով առանձնացված մայթ, երեխաները ինքնուրույն քայլելով, իհարկե, մեր ուղեկցությամբ, անցուդարձ են անում», - ասում Քաջարանի բնակչուհի Անժելա Դավթյանը։

«ԶՊՄԿ» ՓԲԸ ոչ արտադրական շինարարության դեպարտամենտի ղեկավար Աշոտ Այվազյանի խոսքով՝ ի սկզբանե որոշվել էր, որ կամուրջը պետք է կոսմետիկ նորոգվի, բայց երբ ուսումնասիրվեց ու վեր հանվեցին թերությունները, ձեռնարկության ղեկավարությունը պահանջ դրեց այն հիմնովին  վերակառուցել։ «Կամուրջի նախկին ճարտարապետական տեսքը ձգտել ենք պահպանել, նախկինը չուներ լուսավորություն, նորակառույց կամուրջը ամբողջովին լուսավորված է և գիշերային ժամերին ևս անվտանգ է  անցուդարձի համար, ընդհանուր առմամբ շուրջ 200 միլիոն դրամ է ծախսել կոմբինատը այս կամուրջի նորոգման համար», - ասաց Աշոտ Այվազյանը։

Նելլի Միրզախանյան

17:00 01.10.2019

Ամենաշատ ընթերցվածները