ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Շահավետ առաջարկը՝ պատուհաս
16:00 02.10.2019

Շահավետ առաջարկը՝ պատուհաս

Եթե բնակելի տարածքի քառակուսի մետրը արժե 235-285 հազար դրամ, իսկ քեզ առաջարկում են ձեռք բերել 25-35 հազար դրամով, ապա, խոստովանեք, որ հրաժարվելը դժվար կլինի: Սակայն առաջին հայացքից ձեռնտու այս առաջարկը 23 ընտանիքի համար դարձավ պատուհաս: Իսկ հիմա՝ ըստ դեպքերի հաջորդականության:

Բնակարանատեր առանց բարաթի

2015թ. հունիսի 13-ին Մեղրու Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 7 բնակելի շենքում բռնկած հրդեհի հետևանքով ընտանիքները մնացել էին առանց բնակարանի: Հինգ օր անց կառավարության որոշմամբ Մեղրի քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը հետ է վերցվել «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերվել Մեղրի քաղաքային համայնքին: Շինությունը պետք է վերակառուցվեր որպես բնակելի շենք և անհատույց տրամադրվեր հունիսի 13-ին բռնկած հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին ու Մեղրու քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին՝ սեփականության իրավունքով։

2016թ. սկզբին 23 ընտանիք դարձավ սեփականատեր: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հրդեհի պատճառով տուժած ընտանիքները հրաժարվել են վճարել և ստանալ անհատույց կարգով իրենց հասանելիք բնակարանները (խմբ.՝ նրանց տները հիմնանորոգվեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով), իսկ բնակարանի կարիք ունեցող 8 երիտասարդ ընտանիք Մեղրի հիմնադրամին վճարել է ընդհանուր 17 556 710 դրամ գումար՝ իրենց անհատույց կարգով հասանելիք բնակարանները ստանալու համար, ինչպես նաև դրա իրավունքը չունեցող թվով 14 ընտանիք ստացել է բնակարան: «Մեղրի» հիմնադրամի հաշվին մեկ ընտանիքը փոխանցել է 2 մլն դրամից ավելի գումար, բայց մինչ օրս չունի համապատասխան թուղթ, որը կվկայի նրանց սեփականատեր լինելու մասին:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է գործ, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Մեղրու նախկին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին և նրա տեղակալ Վանիկ Սարգսյանին: Մասնավորապես նրանք մեղադրվում են կառավարության որոշումը, ինչպես նաև այլ իրավական նորմեր խախտելու մեջ: Նախկին քաղաքապետը, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղքը՝ նշելով, որ ամեն ինչ արել է բնակիչների բարօրության համար:

Ավելին՝ հերթական դատական նիստի ընթացքում նա իր խոսքում նշել է, որ իր հանդեպ հարուցված գործում դիտավորություն է տեսնում: Նա մեղադրական խոսքեր է հնչեցրել նաև գործը քննող քննիչի հասցեին: Բայց քանի որ մեր հոդվածի նպատակը դատական գործընթացը ներկայացնելը չէ, այստեղ կանգ առնենք և այլ ուղղությամբ ընթանանք:

Անմեղ մեղավորները

Փաստացի Մեղրու քաղաքապետարանը (ի դեպ, այդ ժամանակ համայնքը դեռ չէր խոշորացել), քանի որ չուներ բավականաչափ ֆինանսական միջոցներ բնակարանները վերակառուցելու համար, որոշեց  քառ. մետրի համար գումար սահմանել (26-36 հազար դրամ), որն, ի դեպ, հիմնավորված չէ: Այս պահին այդ շենքում բնակվող երեք երիտասարդ ընտանիքը վկայում է, որ նրանց ժամանակին չեն ասել, որ անհատույց պետք է տրամադրվեին այդ բնակարանները, իսկ նրանք այդ պահին, կախված բնակարանի հարկից, սենյակների քանակից, մինչև 2 մլն 800 հազար դրամ վճարելով, շահավետ պայմաններով բնակարան ձեռք բերեցին: Շահավետ, քանի որ Մեղրիում բնակարան ունենալու համար առնվազն մինչև 30 հազար ԱՄՆ դոլար է պետք:

Բայց այդ նույն բնակիչների սեփականատեր լինելու միակ «վկայությունը» քաղաքապետի հանդեպ վստահությունն էր: Հիմա հարց ենք տալիս՝ ինչպե՞ս կարելի է գումար վճարել, բայց փոխարենը փաստացի ոչինչ չստանալ: Ստացվում է, որ ամեն պահ որևէ մեկը կարող է գալ և դիմել ներկայիս համայնքապետարան, համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո ձեռք բերել այն բնակարանները, որոնք արդեն տեր ունեն: Այս դեպքում օրենքը հաստատ բարոյական մասի վրա չի հենվելու:

Իհարկե, նման իրավիճակի նրանք չեն բախվի, քանի որ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը մեզ հավաստիացրեց, որ դատական գործընթացների ավարտից հետո անպայման այդ 23 ընտանիքի բնակարանի փաստաթղթային հարցերը կկարգավորվեն:

Արդյունքում ստացվում է, որ մենք մեղավոր ենք դառնում, երբ չենք պաշտպանում մեր իրավունքները, չենք կատարում մեր պարտականությունները: Այս դեպքում բնակիչը մեղավոր է, որ չի պահանջել համապատասխան փաստաթուղթ և նստած թախտին՝ սպասել է բախտին, իսկ Մեղրու նախկին քաղաքապետը, ըստ ՔԿ հաղորդագրության, չի կատարել ՏԻՄ օրենքով և այլ նորմատիվ ակտերով սահմանված պարտականությունները:

Մեղրու նախկին քաղաքապետը նշում է, որ փաստաթուղթ չեն տրամադրել, քանի որ շինարարական աշխատանքների ավարտական ակտը ինքը չի հասցրել ստորագրել. համայնքի խոշորացման գործընթացը սկսվել էր: Իսկ նրան հաջորդած համայնքապետ Մխիթար Զաքարյանը հավաստիացնում է, որ ինքը ավարտական ակտ չի ստորագրել, այն ստորագրել է Արշավիր Հովհաննիսյանը:

Ի դեպ, բնակիչներն էլ իրենց հերթին պնդում են, որ վերակառուցման աշխատանքները իրենց տված գումարին չեն համապատասխանում: Այսինքն՝ գումարի արդյունավետ ծախսման խնդիր էլ կա այստեղ: Բերենք ընդամենը մեկ օրինակ. ներկայացված փաստաթղթերում մուտքի մեկ դուռը գնահատված է 105 հազար դրամ, մինչդեռ այդ նույն դուռը Մեղրու շուկայում, որը հանրապետությունում ամենաթանկերի շարքին է դասվում, 50 հազար դրամ արժե: Վերակառուցման աշխատանք ասվածը ներառում է մուտքի դուռ, եվրոպատուհան, պատով առանձնացված սենյակներ՝ առանց շաղախի, էլեկտրականության և կոյուղու անցկացում: Բնակիչները պահանջում են, որ հանձնաժողովը գա և հաշվարկի կատարված աշխատանքները, իսկ նրանց վճարած գումարի մնացորդը հետ վերադարձնի: Ի դեպ, ինչպես պարզեցինք, այդ ընտանիքները բնակարանների ձեռքբերումը և հետագա վերանորոգման աշխատանքը իրականացրել են վարկի միջոցով:

Քրեական գործից բացի՝ քաղաքացիական հայց

Մխիթար Զաքարյանի խոսքով՝ բնակիչների խնդրին ծանոթ էր, բայց ավելի խորությամբ սկսեց ուսումնասիրել, երբ նախկին հիվանդանոցի շենքում վերակառուցման աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունը քաղհայցով դատի տվեց Մեղրու համայնքապետարանին՝ պահանջելով վճարել գումարի մնացորդ մասը՝ 13 մլն դրամը (43 մլն դրամը արդեն վճարվել էր): Համայնքապետարանը պատասխան հայցով դիմել է դատարան, քանի որ չի պատրաստվում վճարել այդ գումարը: Համայնքապետի խոսքով՝ դա բավականին մեծ գումար է համայնքապետարանի համար, բացի դրանից էլ՝ այն վճարելը հակաօրինական կլինի:

Փաստորեն ստացվում է, որ քանի դեռ դատական գործընթացները ձգձգվում են, մարդիկ վարկ են մարում անորոշության մեջ, թե երբ ի վերջո կունենան իրենց բարաթը: Չի բացառվում, որ այդ դատական քաշքշուկները տարիներ տևեն՝ կողմերի պատասխան հայցեր, վճիռների բողոքարկումներ և այլն:

Իսկ այդ ընթացքում համայնքապետարանը կատարել է որոշակի աշխատանքներ՝ դեպի շենքեր տանող ճանապարհի նորոգում, առաջիկայում նաև լուսավորության անցկացում, տարածքի մասնակի բարեկարգում... Հավելենք, որ ժամանակին այնտեղ կատարված շինարարական աշխատանքներից, որոնց ընդհանուր արժեքը, ինչպես տեղեկացանք, արժեցել է 56 մլն դրամ, դժգոհ են բնակիչները: Հիվանդանոցի տարածքից չեն հեռացվել նաև ժամկետանց դեղերը, գույքը, շինարարական աղբը և այլն:

Արմինե Հարությունյան

16:00 02.10.2019

Ամենաշատ ընթերցվածները