ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Արժանապատիվ խնձորեսկցի Սանոն
19:00 03.10.2019

Արժանապատիվ խնձորեսկցի Սանոն

Համառոտ Սանոյի՝  Սանասար Բեգլարյանի մասին

Ծնվել է 1959թ. սեպտեմբերի 24-ին Խնձորեսկ գյուղում: Ուսումը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։  1978-1980թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1993թ. ստացել է կապիտան կոչում:

Զոհվել է 1993թ. սեպտեմբերի 9-ին Կուբաթլուում: Թաղված է Խնձորեսկում:

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Սանասար Բեգլարյանը՝ առավել հայտնի Սանոն՝ Արցախյան հերոսամարտի նվիրյալներից էր։ Սեպտեմբերի 24-ին ազատամարտիկը կդառնար 60 տարեկան։ Հարազատ գյուղը՝ Խնձորեսկը, արժանին մատուցեց իր հերոս զավակին։ Հայկական բանակի կապիտանի հարազատները, համագյուղացիներն ու մարտական ընկերները Սանոյի տարեդարձի օրը համախմբվել էին՝ հիշատակը ոգեկոչելու, ևս մեկ անգամ փաստելու, որ մեծ հայորդու սխրանքը անմահ է։ Մարտական կենսագրությունը սկսվում է 1990թ.-ից։ Ժամանակի հրամայականով նա էլ շատերի նման զենք վերցրեց։ 1990թ.-ից մինչև 1993թ. Խնձորեսկի կամավորական ջոկատի, 1993-ին Գորիսի մոտոհրաձգային վաշտի հրամանատարն էր, մասնակցել է  Խնձորեսկի, Շուռնուխի, Տեղի, Կապանի և Արցախի  Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական , ազատագրական մարտերին:

Զոհված ազատամարտիկի 84-ամյա մայրը՝ Սեդա տատը, որդուն այսպես բնութագրեց. «Սանոն բոլորից տարբերվող էր թե՛ ընտանիքում, թե՛ գյուղում իր հայրենասիրությամբ, իր ազնվությամբ»։ Ի՞նչպես թողեց, որ որդին մեկնի ռազմի դաշտ. այս հարցի պատասխանը կարճ էր ու հստակ։ Սեդա տատը հայացքը ձգեց իրենից մի քանի քայլ այն կողմ կանգնած ամուսնու ուղղությամբ՝ ասելով․ «Սանոյի հայրն է, նա է որդուն ուղղորդել, որ կողմով առաջ շարժվի, որ անվտանգ լինի, ես էլ ընդդիմանում էի, ասում. «Խալխը իրենց որդիներին ուղարկում է Երևան, դու քո զավակին՝ կռվի։ Ինձ ասում էր՝ դու սու՛ս, բա հողը ո՞վ պիտի պահի»»։

Սեդայի և Խաչատուրի ընտանիքում ծնված ու դաստիարակված զավակները հող հայրենին ամեն ինչից վեր են դասել։ Սեդա տատը, վերհիշելով գլխով անցածը, պատմում է՝ հակառակորդը ամեն կերպ փորձում էր ճեղքել հայկական ուժերի պաշտպանությունը, բայց ուժեղ դիմադրության հանդիպելով՝ հետ էր գնում։ Թշնամին նույնիսկ Սանոյի համար գլխագին էր սահմանել։

ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը Սանասար Բեգլարյանի մարտական ընկերն էր։ Հերոսի ծննդյան տարեդարձը շնորհավորում է ներկա ժամանակով, ասում․ «Սանոն չի մահացել, Սանոն մեզ հետ է, Սանոյի հոգին Խնձորեսկի տղաների մեջ է։ Այսօր էլ մեր առաքելությունը փառքով, պատվով իրականացնում ենք, որովհետև մեր աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ միշտ պետք է պատրաստ լինենք հայրենիքը պաշտպանելու»։ Զրույցի ընթացքում մտովի վերադառնալով 1992-1993թթ.՝ գնդապետը ընդգծում է․«Սանոն այն  հրամանատարն էր, որ Խնձորեսկի պաշտպանությունը կազմակերպում էր այնպես,  ինչպես կաներ սեփական ընտանիքը պաշտպանելիս։ Սանոն այն հրամանատարն էր, որ համագործակցել գիտեր։ Ես Տեղ գյուղի կամավորական ջոկատի հրամանատարն էի, ինքը՝  Խնձորեսկի, մշտական կապի մեջ էինք իրար հետ, հաղթահարել ենք շատ դժվարություններ, կիսել մի կտոր չոր հացը»։

Մարտական ընկերոջ հետ անցած ճանապարհը հեշտ չէր, բայց հավատարիմ ու խիզախ մարտական ընկեր ունենալը Մելիքսեթ Պողոսյանի խոսքով անգնահատելի հարստություն է։ «Բացառիկ խիզախ հոգի էր, պայծառ և ազնիվ մարդ։ Կարճ, բայց մարտական հսկա ուղի անցած ռազմիկ էր ու հրամանատար», - նրա մասին հպարտությամբ պատմում է գնդապետը։

Նելլի Միրզախանյան

19:00 03.10.2019

Ամենաշատ ընթերցվածները