ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բանահավաքը՝ գյուղից
20:00 12.10.2019

Բանահավաքը՝ գյուղից

Քաջարան խոշորացված համայնքի Լեռնաձոր գյուղի Խաչինա թաղամասում է բնակվում Աիդա Ղուկասյանը, ում գտանք արխիվային մի նամակի հետքերով՝ ՀՀ ազգային արխիվում անվանի գիտնական, պատմաաշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թադևոս Հակոբյանի մասին տեղեկություններ որոնելիս: Հետաքրքրեց մեր անվանի համերկրացու նամակը՝ ուղղված Աիդային:

«Պատրաստվում էինք Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյա հոբելյանը նշել, - այս մասին պատմում է Աիդա Ղուկասյանը, - հրավիրված էին անվանի համագյուղացիներ, մարդիկ, ովքեր վաղուց գյուղում չէին բնակվում. Թադևոս Հակոբյան, Գևորգ Հայրյան (արձակագիր, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր), Սերգեյ Ումառյան (արձակագիր, թարգմանիչ, բժշկական ծառայության կապիտան): Ինքս Թադևոս Հակոբյանին ծանոթ չեմ եղել, սակայն քաջատեղյակ էի նրա գործունեությանը, հեղինակած գրքերին ու աշխատություններին: Գրադարանում խնամքով պահում էինք ու հարմար առիթի դեպքում՝ ներկայացնում այցելուներին»:

Գիտնականը սիրում էր հարազատ գյուղը, այցելում հաճախ, գյուղացիների հետ շրջում սարերում, ծանոթ և անծանոթ վայրերի մասին պատմական և աշխարհագրական տեղեկություններ պատմում: Վկայող լուսանկարների հանդիպեցինք տիկին Աիդայի հարուստ արխիվում: Նա աշխատել է գյուղի գրադարանում, ակումբում ակտիվ մշակութային գործունեություն ծավալել, գրառումներ արել ու պահպանել ժամանակին արված լուսանկարները:

Լեռնաձոր գյուղի գրադարան, հետո գյուղսովետի գործկոմի քարտուղար, ապա՝ նախագահի  տեղակալ – այսպիսին է տիկին Աիդայի աշխատանքային կենսագրությունը: Անկեղծանում է՝ գրադարանի աշխատանքն իրեն ավելի շատ է գրավել: Այստեղ աշխատելու տարիները համընկել են գյուղի մշակութային կյանքի վերելքին: Ծնունդով հին Լեռնաձորից է։ Պատմում է, որ հայրը կոմբինատի աշխատակից էր, այդ պատճառով որոշ ժամանակ ընտանիքն ապրել է Քաջարան բանավանում, որտեղ և դպրոց է հաճախել:

Հետո, երբ գյուղը լեռներից «իջել է» Ողջու ափերը, կրկին տեղափոխվել են, և մինչև ութերորդ դասարանը սովորել է տեղի դպրոցում, արդեն ավարտական դասարանները՝ Քաջարանի թիվ 2 միջնակարգում: Մասնագիտական, բարձրագույն կրթություն չի ստացել, ինչպես պատմում է՝ ընթերցասիրությունը և կազմակերպչական ունակությունները ժառանգել է հորից: Ամուսնացել է համագյուղացի Հենրիկ Պողոսյանի հետ:

Ամուսինը օգնել է իրեն, ասում է՝ երբեք չի տրտնջացել իր չնորմավորված աշխատանքից, որը շատ ժամանակ և ջանք է պահանջել: Տարիների ընթացքում հավաքել է գյուղի մասին պատմող բազմապիսի տեղեկություններ, ստեղծել լուսանկարների, փաստաթղթերի մի հարուստ արխիվ, բնակավայրի, և ոչ միայն, տեղանունների քարտարան: Այս ամենն արժեքավոր ժառանգություն է սերունդներին:

Լեռնաձորն ուներ և՛ համբավաշատ դպրոց, և՛ լավ մանկապարտեզ: Դասերից հետո աշակերտների հավաքատեղին ու քննարկումների վայրերն էին գյուղի ակումբն ու գրադարանը, արտադպրոցական գրականությանն էին ծանոթանում, օգնում աշխատակիցներին:

«Կհարցնեք՝ որն էր իմ հաջողության գաղտնիքը, կասեմ՝ անկեղծ  ցանկությունը՝ հարազատ ծննդավայրին ու նրա ժողովրդին ծառայելու, - ասում է զրուցակիցս ու շարունակում. - անընդհատ նոր սցենարներ ու ծրագրեր էինք մշակում, աշխատանքը նորություններ էր պահանջում։ Հիշարժան էր «Ինքնաեռներով երեկո»-ն: Սեղաններին ինքնաեռներն էին, իսկ տարեցները մեկ գավաթ թեյի շուրջ դրվագներ էին հիշում խոտհնձի, կոլեկտիվացման մասին»:

«Պղնձի համար» և «Քաջարան» թերթերը պարբերաբար անդրադարձել  են նաև մեր գյուղի կյանքին: Դա ոգևորում էր…

Աիդա Ղուկասյանի հիշողությունները շատ են, պատմում է, թե ինչպես են համագործակցել Ռոբերտ Էջանանցու (մանկավարժ, հետազոտող, հնագետ, Լեռնաձորի դպրոցի երկարամյա տնօրեն) հետ և ավելացնում, որ գրեթե միշտ հանդիպել է կիրթ և գրագետ մարդկանց, ում հետ աշխատելն ու շփվելը հաճելի էր: Հետո ՝ մեկ այլ ուշագրավ նամակ ևս. Արամայիս Սահակյանի (գրող, երգիծաբան, հրապարակախոս) պատասխանը՝ Աիդա Ղուկասյանին․ «Ոգևորված էի շատ Արամայիս Սահակյանի «Դիմացի՛ր ժողովուրդ» բանաստեղծությամբ, որոշեցի հեղինակին շնորհակալությունս ասել: Պատասխան նամակը չուշացավ»:

Շրջանային մշակույթի բաժնի մեթոդիստ Կառլեն Թադևոսյանը նախկին աշխատակցուհու  մասին ասում է. «Աիդա Ղուկասյանը տիրապետում էր գրադարանային գործին, առիթներ էր փնտրում միջոցառումների համար, բանիմաց էր, ուղղամիտ, պատրաստ՝ բազմաբովանդակ աշխատանքի: Նրան հարգում էին աշխատանքային ընկերները, անհամբերությամբ սպասում նախաձեռնած նոր միջոցառումներին»:

Նկատելի է Աիդա Ղուկասյանի և նրա որդու՝ Արթուր Պողոսյանի ներդրումը Լեռնաձոր գյուղի պատմության վավերագրման գործում: Արթուրը «ԶՊՄԿ» ՓԲԸ աշխատակից է, արցախյան ազատամարտի մասնակից, ով տանը հնագիտական իրերի հարուստ թանգարան է ստեղծել:

Տիկին Աիդան այժմ ցավ է ապրում, որ համայնքների խոշորացման ծրագրով գյուղի  գրադարանները ևս միավորվեցին, նախկին աշխույժ մշակութային կյանքն այլևս չկա, ինչը մարդկանց մտերմացնում էր, առօրյա հոգսերը թոթափում:

Լիլիթ Իսրայելյան

20:00 12.10.2019

Ամենաշատ ընթերցվածները