ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հուշատախտակ, ի հիշատակ
19:00 23.10.2019

Հուշատախտակ, ի հիշատակ

Հոկտեմբերի 19-ին Վահանավանքի հարակից տարածքում տեղադրվեց հուշատախտակ հետևյալ գրությամբ․ «Այս հոյակերտ տաճարը ավերակներից վեր հառնեց մեծահամբավ գիտնական, Սյունյաց աշխարհի պատմության արգասավոր ուսումնասիրող Գրիգոր Գրիգորյանի անմնացորդ նվիրումի շնորհիվ»։ Նախաձեռնությունը ընտանիքինն է։ Այդկերպ ցանկացել են վառ պահել պրոֆեսորի հիշատակը, ով մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 14-ին, 88 տարեկան հասակում ավարտեց երկրային կյանքը։  

Գրիգոր Գրիգորյանի մասին

Գրիգոր Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի մարտի 2-ին ՌԴ Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազ քաղաքում։ 1937 թվականին Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստան։ 1948-1949 թվականներին Երևանում սովորել և ավարտել է միջնակարգ դպրոցը՝ ուսումը շարունակելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1954 թվականին ավարտել է Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։

Գրիգոր Գրիգորյանի գիտական գործունեությունը սկսվել է 1962 թվականից, երբ  ընդունվել է ՀԽՍՀԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ վիմագրության բաժինը՝ անցնելով ավագ լաբորանտից մինչև առաջատար գիտաշխատողի ուղի։ Գրիգոր Գրիգորյանի գիտական ուսումնասիրությունների առարկան սյունյաց աշխարհն էր, նրա միջնադարյան պատմության տարաբնույթ խնդիրները, պատմամշակութային հուշարձանները, վանական հաստատությունները։ Ուսումնասիրությունների առանցքային ուղղություններից մեկը նշանավոր Օրբելյան իշխանական տան պատմությունն էր։

Պրոֆեսոր Գրիգորյանի ավանդը Սյունիքի պատմության մեջ

Սուբյեկտիվ մարդ էր մի հարցում․ չափից դուրս սուբյեկտիվորեն սիրում էր Սյունիքը և հատկապես Կապանն ու կապանցիներին։

Կապանի մշակութային այցեքարտերից է Վահանավանքի վանական համալիրը։ Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք  հոգևոր տաճար այցելելիս, տասնամյակներ առաջ հողի երեսին չէր երևում։ Հողաշերտի տակից աստիճանաբար մաքրել, պեղել է Վահանավանքը պատմաբան, հնագետ, վիմագրագետ, պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը, ով 1966 թվականից եկավ Սյունիք՝ Կապան, ու սկսեց բացել  Ստեփանոս Օրբելյանի հիշատակած տաճարի կառույցները։

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը Գրիգոր Գրիգորյանի ուսանողներից էր։ Պատմում է, որ  չկա մի անկյուն, մի արահետ, որով անցած չլինի սիրելի դասախոսը։ Այս լեռներում նրա որոնումները երկար են տևել։ «Ինքը ուներ այդ  հմայքը, բոլորին համոզում բերում էր այստեղ՝ Վահանավանք, աշխատեցնում։ Մանկավարժական ինստիտուտի ուսանողների, կամավորների, կապանցիների հետ ավերակներից հանեց հիսաքանչ տաճարը։ Ուսումնասիրել է Վահանավանքը, Սյունյաց աշխարհի պատմության  առեղծվածային մի շարք հարցերի պատասխան տվել։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես էր նա չոքած մաքրում քարերը, կարդում արձանագրությունները», - պատմում է Գրիշա Սմբատյանը։  Վահանավանքը այն տաճարն է, որտեղ ամենաշատ վիմագիր արձանագրություններն են պահպանվել, այստեղ են թաղված Սյունիքի աշխարհիկ տերերը՝ Վահան իշխանը, Սահակ Սևադա Բ-ն, Սոփի թագուհին, Սյունիքի գահերեց իշխան Աշոտը, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ն և Գրիգոր Ա-ն, ինչպես նաև Սյունիքի թագավորության մյուս չորս թագավորները։

«Մեր սիրելի դասախոսը սուբյեկտիվ մարդ էր մի հարցում․ չափից դուրս սուբյեկտիվորեն սիրում էր Սյունիքը և հատկապես Կապանն ու կապանցիներին։ Այսօրվա պես հիշում եմ՝ բարձրացավ Շուքրաթազ՝ Վարդանասար (Մեղրու լեռնաշղթայի ամենամեծ բարձունքն է), որ ականապատված էր, վերևից իջավ, Մթնաձորի բոլոր գյուղերի ավերակները ուսումնասիրելով, հոգնած, ջարդված ակնոցն ու գլխարկը մոռացած՝ եկավ հասավ Շիկահող, որտեղից էլ՝ Կապան։ Նա հոգով-սրտով կապված էր այս ձորերին, - պատմում է Գրիշա Սմբատյանը։ - Գրիգորյանը մեծ աշխատանք է կատարել, որը շատ հաճախ անտեսում ենք նաև մենք։ Բացեք «Դիվան հայ վիմագրության» գրքի հատորները, որը կարծես մի մարդու գործ չլինի, այլ՝ մի աբողջ հաստատության։ Նա շրջել է Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի նախկին գաղութներում և «Դիվան» կազմել։ Գերեզմանները, որոնք հիմա չկան, այսօր մեր աչքի առաջ են, մեր գրապահարաններում»։

Նելլի Միրզախանյան

19:00 23.10.2019

Ամենաշատ ընթերցվածները