ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թնջուկը բացված է
21:00 31.10.2019

Թնջուկը բացված է

Կապանում ստեղծվեց արվեստի թանգարան։ Մինչ այդ համայնքապետարանին պատկանող Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքում ցուցադրվում էին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի  արժեքավոր կտավները։ Փաստորեն ստացվում էր, որ այդ թանգարանը ո՛չ ելք ուներ, ո՛չ մուտք։  Տնօրենի պաշտոնակատար Բորիս Մինասյանի խոսքով՝ այժմ խնդիրը լուծված է։ «Երեսուն տարի եղել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղ, բայց փաստաթղթերով որպես մասնաճյուղ էլ գոյություն չի ունեցել։ Մենք եղել ենք այդ թանգարանի աշխատողներ։ Թանգարանը միշտ գործել է ու կազմակերպել ցուցահանդեսներ։ Հիմա կարգավիճակ է փոխվել․ պատկանում ենք համայնքապետարանին։ Թանգարանը կոչվում է «Կապանի արվեստի թանգարան» ՀՈԱԿ։

Բորիս Մինասյանը պատմում է, թե ինչպես է ամեն ինչ կատարվել․ «Սկզբից ծանուցում ստացա աշխատանքից ազատվելու վերաբերյալ, որի մասին տեղյակ պահեցի համայնքապետ Գևորգ Փարսյանին։ Այնուհետև եկան ֆոնդի ստուգումների, ամեն բան կարգին էր մեզ մոտ։ Հետո համայնքապետի հրամանով որոշվեց, որ նույն աշխատակազմը պահպանվի։ Առաջին հրամանը ինձ տվեցին՝ որպես տնօրենի պաշտոնակատար։ Ավագանին հաստատեց։ Պետռեգիստրից էլ արդեն պատասխան կա, հաստատվել է»։

Այստեղ է պահպանվում Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի 494  կտավ։ Դրանք արդյո՞ք կմնան այստեղ։ Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանն ասում է, որ դեռևս վերջնական որոշում չկա։ «Խնդրանքով դիմել ենք Երևանի ժամանակակից արվեստի թագարանին, որ ժամանակավոր թողնեն կտավները ցուցադրության համար։ Ակնկալում ենք, որ մեզ կաջակցեն։ Իսկ հետագայում թանգարանը կհամալրվի տեղի արվեստագետների աշխատանքներով»։

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի խոսքով՝ քանի որ թանգարանը նորաստեղծ է և չունի սեփական հավաքածու, որոշեցին եղածը ժամանակավորապես թողնել տեղում։ Իսկ ի՞նչ ժամկետների մասին է խոսքը։  «Դա նախարարությունը պետք է որոշի՝ քանի տարով է պայմանագիր տալու։ Կարող է լինել երեք կամ հինգ տարի, հետագայում նորից կվերանայվի։ Ինչքան որ պետք է, հավաքածուն կմնա Կապանում, մինչև թանագարանը ունենա իր սեփական ֆոնդը»։

Բորիկ Մինասյանը նշում է, որ կտավները լավ վիճակում են, ընդամենը հինգ տոկոսն ունի վերականգնման կարիք։ «Իմ կարծիքով վերականգնողը ինքը կարող է գալ ու այստեղ աշխատել՝ այսքանը տեղափոխելու փոխարեն»։ Նունե Ավետիսյանն էլ իր հերթին ասում է․ «Մենք պարոն Փարսյանի հետ նախնական պայմանավորվել ենք, որ վերականգնման համար որոշ կտավներ կտեղափոխվեն Երևան։ Հստակ պայմանավորվել ենք, այն քանակությամբ նկարները, որոնք գտնվում են Կապանում, վերականգնումից հետո նույնությամբ ետ են հանձնվելու»։

Նորաստեղծ թանգարանի առաջնահերթ խնդիրներից է ոչ միայն կտավների վերականգնման հարցը, այլև տարածքի բարեկարգումը։

Անուշ Միրզոյան

21:00 31.10.2019

Ամենաշատ ընթերցվածները