ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գրագիտությու՞ն, թե՞ մասնագիտացում
16:00 02.11.2019

Գրագիտությու՞ն, թե՞ մասնագիտացում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը նսեմացնու՞մ է արդյոք հայոց լեզվի դերը։ Հարցի պատասխանը կփորձենք տալ այս հոդվածում, իսկ մինչ այդ հիշեցնենք Խ․Աբովյանի խոսքերը լեզվի դերակատարության մասին․ 

«Ա՛խ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլնի, մարդ ընչի՞ նման կըլնի: Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՜ր, հավատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անուշ, մեղրից էլ: Մեր կաթն էլ որ ծախենք, առնող չի՛ ըլիլ: Մեր աչքը որ հանենք, ուրիշին տանք, ուրիշը կարելի՞ ա դնել տեղը: Մեր օրորոցի վրա մեր լեզվով մեզ նանիկ ասեցին, է՛ն էլ ա մեր միտքը չի՜ պետք է ընկնի՞: Ասենք` նոր ապրանք շատ ես առել, հինը պետք է դե՞ն ածած: Էն վայրենի ազգերն էլ իրանց սոպռ լեզուն աշխարքի հետ չե՛ն փոխիլ: Հո լսել ես շատ անգամ մուզիկի ձեն, ասա՛, քո սազն ու բայաթի՞ն ա քեզ դիր գալիս, թե՞ էն: Էնպես մարդ կա` տասը-տասնհինգ լեզու գիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լավ աշի, իր ազգի հետ խոսալիս ամոթ ա համարում կամ ուրիշ լեզվով իր միտքն ասի, կամ ուրիշ բառ հետը խառնի»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, ըստ որի՝ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկա։ Նախագիծը աշխատանքային է, առայժմ փոփոխությունների է ենթարկվում, սակայն արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագիծը տարակարծությունների տեղիք է տվել։ Ոմանք նշում են, որ այդ որոշումը ազգային պետականության շահերին չի համապատասխանում, պետականության քայքայման կհանգեցնի, ազգակործան որոշում է և այլն։ Նախարար Արայիկ Հարությունյանը դեռևս չհրապարակված նախագծի մասին ֆեյսբուքում գրառում էր կատարել․ «Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որն այս օրերին շարունակում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին սադրանքների և սպասել նախագծի հրապարակմանը, որից հետո կլինեն պարզաբանումներ»։

«Զանգեզուր պրեսը» զրուցել է  ոլորտի մասնագետների հետ, լսել նրանց կարծիքը։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի համար անհասկանալի է, թե ինչու է օրենքի նախագծում նախատեսվող փոփոխությունը ընկալվում որպես արշավ հայոց լեզվի և հայոց պատմության դեմ։ 

«Շատ տարօրինակ է, մի կողմից մենք բուհից պահանջում ենք տալ մասնագետներ, որոնք ունենան լավագույն կարողություններ և հմտություններ, մյուս կողմից՝ այն ժամանակը, որ պետք է տրվի ուսանողին խորանալու, հետազոտություն անելու և մասնագիտության բոլոր նրբությունները յուրացնելու համար,  մենք  ասում ենք՝ տվեք հայոց լեզվին: Բուհի խնդիրը մասնագետ պատրաստելն է, մասնագետ, ով իր ուսումնառության ընթացքում կխորանա իր մասնագիտական առարկաների մեջ։ Օրինակ՝ բժշկականում, պոլիտեխնիկում կամ ագրարայինում այդ ժամաքանակը որ տրվում է հայոց լեզվին և պատմությանը, այդ ժամանակը թող տրվի ավելի նպատակային առարկաների։ Թող թողնեն ուսանողի ընտրությանը, բայց պարտադրել մասնագիտական բուհերում հայոց լեզու և պատմություն, խոսքը բանասիրականի մասին չէ, կարծում եմ, որ ժամանակի ավելորդ կորուստ է։ Դա բոլորովին չի նսեմացնում հայոց լեզվի և պատմության դերը», - ասում է Անահիտ Բախշյանը։

Հիմնավորելով իր խոսքը՝ Անահիտ Բախշյանը ընդգծում է՝ մասնագիտական բուհերի ուսանողները  դպրոցում, այսպես թե այնպես, 12 տարի հայոց լեզու և պատմություն են սովորում, բուհում չեն խորացնում իրենց գիտելիքները, ժամանակը պետք է ճիշտ տնօրինել։ Բացի դրանից՝ շատ ենք բողոքում, որ բուհերը հետազոտական աշխատանք չեն կատարում, հարց է առաջանում՝ ինչպե՞ս կատարեն։ Ասում է՝ շատ բուհեր միջազգային հավատարմագիր չեն ստանում, որովհետև այդ ժամերը նախատեսվածից, միջազգայնորեն ընդունված ժամաքանակից պակաս է, ինչու՞ է պակաս, որովհետև այդտեղից տրվում է հայոց լեզվին։

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ եթե հայերենի մասին ենք մտածում, ապա ավելի լուրջ խնդիր կա․ «Ես իմ լեզվաբան գործըներներին տարիներ շարունակ ասել եմ՝ եթե շարունակեք բուհերում հայոց լեզվի դասավանդումը սկսել բ-պ-փ-ի ուղղագրությունից, ապա մի գեղեցիկ օր համալսարանական կրթությունից կհանվի հայոց լեզուն, հիմա եկել է այդ ժամանակը։ Սա առիթ պետք է լինի նորից խոսելու այն մասին, թե արդյո՞ք մեր ավանդած հայերենը համալսարանական գիտակարգ է։ Ի՞նչ ենք սովորեցում և ինչու՞, ինչպե՞ս ենք սովորեցնում, այս մասին շահագրգիռ խոսակցությունը թողած, մենք հիմա ընկել ենք՝ զուտ ձևական ներկայության հարցն ենք շոշափում»։

Նելլի Միրզախանյան

16:00 02.11.2019

Ամենաշատ ընթերցվածները