ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գեղեցիկի փնտրտուքների մեջ
16:00 03.11.2019

Գեղեցիկի փնտրտուքների մեջ

«Ես տեսնում եմ այն, ինչ չեն տեսնում ուրիշները։ Հենց դա էլ պատկերում եմ նկարներում։ Կտավների թվաքանակը կոնկրետ ասել չեմ կարող, երբևիցե մտքովս չի անցել հաշվել։ Անգամ ինձ թվում էր, թե նկար չունեմ,  միայն արվեստանոցը վարձելու և գործերս կախելու ժամանակ հասկացա, թե ինչքան շատ նկար ունեմ», - ասում է գեղանկարչուհի Աննա Ղուկասյանը։ 

Աննան ուզում էր դիզայներ դառնալ, սկսեց նկարչական դպրոց գնալ, սովորեց Հրանտ Էլչյանի արվեստանոցում, բայց հետո փոխեց որոշումը։ Ավարտեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։ Մեկ տարի է, ինչ Կապանում սեփական արվեստանոց ունի։ Գեղանկարչուհին պրոֆեսիոնալ նկարչությամբ զբաղվում է մի քանի տարի։ Նկարների թեման տարբեր է, այն, ինչից կարող է ոգեշնչվել՝  սկսած հասարակ պատկերներից մինչև բնանկարներ ու  կոմպոզիցիաներ։ Սկզբում անում էր այն, ինչ հանձնարարում էին, այսօր այն, ինչ ուզում է։ Խոստովանում է, որ դեռևս հստակ ոճ չունի․ «Նկարների մեջ փորձում եմ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել այն ամենի վրա, ինչը իրենից ինքնին արվեստ չի ներկայացնում։ Մարդը դրա մեջ կարող է ոչինչ չտեսնել, բայց աշխատում եմ այդտեղ գեղեցիկը  փնտրել և տեսնել»։

Երիտասարդ գեղանկարչուհու կտավներում բոլոր գույներն էլ տեղ ունեն, որևէ մեկին նախապատվություն չի տալիս․ «Եթե զգում եմ գունային գամման, երբեք աչք շոյող գույներ չեմ օգտագործում, եթե զգում եմ վառ գույներ, ուրեմն կիրառում եմ, երբևիցե չեմ սահմանափակում ինձ։ Նկարում եմ խառը տեխնիկայով։ Հիմնականում օգտագործում եմ  յուղաներկ, ակրիլ»։

Գեղանկարչուհի Աննա Ղուկասյանը, չնայած շատ զբաղված է (դասավանդում է Կապանի արվեստի պետական քոլեջում, նաև անհատական պարապմունքներ է անցկացնում արվեստանոցում), այնուամենայնիվ, կարողանում է ամեն օր նկարելու ժամանակ գտնել․ «Ճանապարհին, երբ մայրաքաղաքից վերադառնում էի Կապան, զանգահարեցի դասախոսիս և ասացի, որ ինձ թվում է, թե հեռանում եմ արվեստից, բայց իրականում ես ավելի քան մոտ եմ։ Ինձ հարմար է ինքնադրսևորվել, ստեղծագործել Կապանում։ Մարզկենտրոնը գեղեցիկ է ստեղծագործելու համար։ Կտավներիս  մեջ գերակշռում են քաղաքային թեմաները։ Շենքեր շատ եմ պատկերում»։

Նկարները դեռևս արվեստանոցից  դուրս չեն եկել։ Անհատական ցուցահանդեսի մասին խոսելը վաղ է համարում, դեռ պատրաստ չէ, բայց համացանցը օգնում է կտավները վաճառելու Հայաստանի սահմաններից դուրս․ «Այնպես չէ, որ մինչ այժմ գոհ եմ նկարներիս վաճառքից։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում այս գործը այնքան էլ չի զարգացել։ Իմ նկարները առայժմ մատչելի գներով կարողանում եմ վաճառել»։

Նարե Խաչատրյան

16:00 03.11.2019

Ամենաշատ ընթերցվածները