ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Լավ կյանքին պատրաստ չենք
20:00 14.11.2019

Լավ կյանքին պատրաստ չենք

Բազմաթիվ մարդիկ այսօր կորցնում են աշխատանքը կամ հրաժեշտ են տալիս իրենց գրավ դրված տներին: Ոմանք տան ոսկեղենը ծախում են բժշկական կենտրոններում բուժվելու համար: Վերջին 15 տարում ինձ հանդիպող այսպիսի ճակատագիր ունեցող մարդկանց մեծամասնությունը կոտրվում է: Շատ քիչ են հանդիպում մարդիկ, ովքեր աշխատանքի կորուստը ընկալում են որպես նոր հնարավորություն՝ նոր մասնագիտություն ստանալու համար, նոր գումարներ վաստակելու միջոց: Արագ վերականգնվող մարդիկ, որպես կանոն, տիրապետում են հստակ երեք՝ մյուսներից տարբերվող կարողություններով՝ 

1․ Նրանք հանգիստ են ընդունում կյանքի արհավիրքները, որոնք իրենց բաժին են հասնում: 

2․ Նրանք իմաստ են գտնում նույնիսկ դժվարին պահերի մեջ:

3․ Վերջապես, նրանք տիրապետում են իմպրովիզացիայի շշմեցուցիչ կարողություններին՝ օգտագործելով ձեռքի տակ եղածը։

Գաղափարը՝ կարճ

Վերջին տարիներին աշխարհում շատ են ուսումնասիրում կենսակայունության գործոնը: Գիտնական մասնագետները, հոգեբանները տնտղում են Հոլոքոստի ամենասարսափելի գաղութներում փրկված մարդկանց կյանքը, ինչպես նաև վերլուծում մի քանի անգամ սնանկացած և կրկին հարստության հասած մարդկանց փորձը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դա միայն մարդկանց լավատեսությունն է, որ փրկում է նրանց կրկին ու կրկին: Դա այդպես է, եթե ծայրահեղ իրավիճակում անձը չի նայում աշխարհին վարդագույն ակնոցով: Այս դեպքում մենք ունենում ենք իրական աղետ:

Ջիմ Քոլինզը, երբ գրում էր իր «Լավից դեպի հանճարություն» գիրքը, փորձում էր (ինչպես հետո պարզվեց, սխալվում էր) ապացուցել, որ միջին ընկերություններում, որոնց հաջողվել է դասվել ամենահարուստների շարքին, հիմնականում աշխատում են լավատեսները: Այս թեզը փլվեց այն օրը, երբ ինքը հանդիպեց ադմիրալ Ջիմ Սթոքդեյլին, ով անց էր կացրել ճապոնական գերության մեջ 8 տարի: Բարձրաստիճան զինվորականը պնդում էր, որ ինքը փրկվել է միայն այն պատճառով, որ տրամադրված էր գոյատևել գերության մեջ հավերժ: Մյուս կալանավորները միշտ պլաններ են կառուցել մոտ ապագայի համար: Նրանք երազել են, որ Սուրբ ծննդին իրենց կազատեն, կամ որ գարնանը պատերազմը կվերջանա, և նրանց կփոխանակեն այլ ռազմագերիների հետ: «Ես վստահ եմ, նրանք բոլորը մահացել են հիասթափությունից», - ասաց Սթոքդեյլը:

Հայկական դարդն ու ինքնախղճահարությունը

Ես նույնիսկ վստահ չեմ, որ ձեզ համոզել է պետք, կամ պարզապես պատմել է պետք այն բանի մասին, թե մենք՝ հայերս, որքան վատատես ենք, որքան պատրաստ չենք ընդունելու վատ իրականությունը, իսկ եթե այն թակում է մեր դուռը, մենք ուղղակի վարդագույն ակնոց ենք դնում՝ հավատալով, որ նոր տարում այդ բոլոր բացասական երևույթները հօդս կցնդեն: Ինձ հիմնականում հանդիպող տարբերակը ձևակերպեմ կարճ. «Տենց էլ չիմացանք ում էշին ենք չու ասել, որ էսքան փորձությունը անարդարացիորեն թափվեց մեր գլխին»: Ասել է թե, բոլորը մեղավոր են, իսկ մենք սուրբ ենք: Մեղավորների շարքում են հին հայկական պատճառները՝ բախտը, բարեկամները, ընկերները, ճակատագիրը, կառավարությունը, որը մեր ծնված պահից իշխել և նսեմացրել է մեզ, միևնույն ժամանակ սահմանափակելով մեր՝ երկրի նախագահ դառնալու արդարացի իրավունքը: Նախորդ նախադասությունը որքան որ ծիծաղելի է, այդքան էլ իրատեսական՝ շատ շատերի համար:

Կենսակայունությունը հիմքերի հիմքն է

Հնարավոր է՝ կենսակայունության կանոններին պետք է սովորեցնել մանկուց, մանկապարտեզից, դպրոցից: Խնդրում եմ տարբերել այն հոգեբանական օժանդակությունից: Հոգեբանական օգնությունը պետք է այն մարդկանց, ում կյանքը փշրվել է, կտոր-կտոր է եղել, ու կարիք կա այն վերականգնել: Կենսակայունությունը մի հասկացություն է, որի շնորհիվ մարդը սովորում է ճիշտ վերաբերվել իրեն շրջապատող իրականությանը: Ցավոք, այսպիսի անհրաժեշտ ու լուրջ թեման քննարկվում և ուսումնասիրվում է միայն բիզնեսի ոլորտում: Մեր կրթական համակարգը առայժմ խրախուսում է սեռափոխվածների մասին ֆիլմերը և անհասկանալի ներկայացումները Երևանի կենտրոնում, որոնք ոմանց մոտ մոլորություն են առաջացնում, իսկ մյուսների մոտ՝ ագրեսիա:

Փնտրենք ելքը հայերով

«Մենք բողոքող ազգ ենք, վատատես ենք, սկզբից միշտ վատն ենք տեսնում, ենթադրում, թե դա մեր գենետիկան է, երևի ցեղասպանությունից է», - ասում էր ինձ մի բավականին հաջողված սյունեցի գործարար: Անկեղծ էր, ես էլ էի զգում, որ մի քանի տասնյակ աշխատակից ունեցող մարդը, որը փորձում է մրցակցային լինել շուկայում, շատ բան է տեսել ու հասկացել իր կյանքում: Ինքը ուղղակի ժամանակ չունի այս ամենը ձևակերպելու: Հա, ի դեպ, մյուս գործարարն էլ ավելի խոր ձևակերպում տվեց: «Մենք ուղղակի պատրաստ չենք լավ կյանքի»: Նոր էր վերադարձել Գերմանիայից: Հաճախ է այնտեղ լինում: Շատ բան է սովորում ու փորձում օգտագործել այստեղ՝ Սյունիքում, սակայն հերթական ոգևորված վերադարձից հետո բախվում է դաժան, հոռետես, կենսակայունությունից զուրկ բազմաթիվ մարդկանց, որոնք մուննաթ են գալիս, պահանջում, սակայն իրենց ամբողջ կյանքում չեն նայել իրենց ներսը հասկանալու համար, թե իրենցից նույնպես գուցե ինչ-որ բան է պահանջվում: 

Այո, լավ կյանքին պետք է պատրաստ լինել, այն իմաստով, որ դա հարատև չի լինում ոչ մեկի մոտ, այն իմաստով, որ լավ կյանքին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է կենսակայունության տարրական կանոններին հետևել ու չծանրաբեռնել ողջ աշխարհին ձեր դժբախտ պատմությունով այն մասին, թե ինչպես դուք չդարձաք հանրապետության նախագահ այն շրջանում, երբ հպարտորեն բազմոց էիք քշում տանը՝ սկզբունքորեն անուն կպցնելով բոլոր աշխատանքային առաջարկներին:

Վերջաբան

Որքան էլ զարմանալի է, թե՛ լավ, թե՛ վատ կյանքին պետք է պատրաստ լինել: Համարժեք կերպով ընդունել նրանցից յուրաքանչյուրը, պարբերաբար հետևություններ անել առանց վարդագույն ակնոցի: Մեր ծնողները, ուսուցիչները, բարեկամները մեզ սովորաբար և առավել հաճախ պատրաստում են լավ կյանքի համար՝ համոզելով մեզ, որ մենք գանձ ենք, և այլ կերպ չի կարող լինել: Պարզվում է՝ կարող է, պարզվում է՝ լինում է: Ուինսթոն Չերչիլը ուներ սեփական կենսակայունության ձևակերպումը. «Կյանքի իմաստը մեկ անախորժ իրավիճակից մյուսին գնալու ճանապարհին կենսուրախության պահպանության մեջ է»:

Կուզեի, որ այսպիսի մտքեր, ասույթներ, գաղափարներ լինեին նաև մեր ժողովրդի պատմության մեջ, սակայն, ավա՜ղ:

Արման Սուլեյմանյան

20:00 14.11.2019

Ամենաշատ ընթերցվածները