ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Է․Մ․Ռեմարկ․ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»
20:00 17.11.2019

Է․Մ․Ռեմարկ․ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին դարձյալ ամբողջ սրությամբ դրված էր հավերժական հարցը․ ո՞ղջ մնալ, թե՞ մարդ մնալ։ Գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպի հերոսի կյանքն ու մահը ընթերցողին մղում են մեկ անգամ ևս խորհելու պատերազմի անհեթեթության մասին։

Գերմանական բանակի զինվորներին ներշնչել էին, որ հանուն մեծ նպատակի իրենք շատ արագ գրավելու են աշխարհը։ Սկզբում այդպես էլ կար։ Փարիզում պատերազմը նույնիսկ զբոսանքի է վերածվում։ Բայց Ռուսաստանում ամեն ինչ փոխվեց։ Պարտությունն ու փախուստը շատերին ստիպեցին մտածել․ «Քանի դեռ հաղթանակն իրենց կողմն էր, ամեն ինչ կարգին էր, իսկ ինչն էլ կարգին չէր, չնկատելու էին տալիս կամ մեծ նպատակով արդարացնում։ Այդ ի՞նչ նպատակ էր»։

Զինվոր Էռնստ Գրեբերը մյուսների պես ինչի ասես չէր հավատացել։ Հավատացել էր առանց մտածելու։ Այժմ խոսելն էլ իմաստ չուներ․ վտանգավոր էր։ Գրեբերը ավելի շատ լռում էր և մտածում․ «Տարօրինակ է, չէ՞, հենց նեղն ես ընկնում, նոր ես սկսում հասկանալ դիմացինիդ»։ Տանջալից այդ խոհերի մեջ Գրեբերը որոնում էր մի բան, որից հնարավոր լիներ կառչել։ Բայց ի՞նչ։ Եվ հանկարծ արձակուրդ են տալիս։ Դա հույս էր։

Հարազատ քաղաքը, սակայն, արդեն այն չէր, ինչ ակնկալում էր։ Հայրական տունը ռմբակոծությունից փլվել էր։ Որոնումները արդյունք չէին տալիս։ Միայն ավելի ուշ մոր նամակից տեղեկանում է, որ ծնողները տարհանվել են քաղաքից և ողջ-առողջ են։ Կարծես Ռուսաստանում էր հայտնվել։ Այդտեղ էլ մահը կարող էր վրա հասնել ամեն վայրկյան․ «Ի՞նչ էր ակնկալում։ Ճակատի թիկունքում մի կղզի՞։ Հայրենի՞ք, ապահովությու՞ն, ապաստա՞ն, մխիթարությու՞ն։ Գուցե։ Բայց հույսի կղզիները վաղուց էին լուռ սուզվել անիմաստ մահվան միապաղաղության մեջ, ռազմաճակատներն ավերվել էին, և պատերազմն ամենուր էր։ Ամենուր, նաև ուղեղներում և սրտերում»։

Մեկը պարծենում է իր վայրագություններով․ «Տակառներով էինք կոնծում։ Իսկ հետո լցնում էինք հրեշների կոկորդներն ու կրակի տալիս։ Կրականետներ էինք սարքում դրանցից։ Հո չէին թռչկոտում․․․Ծիծաղից կմեռնեիր․․․»։ Մյուսի ուշքն ու միտքը հայրենասիրությունն է։ Մատնում է անմեղ հարևանին, ուղարկում համակենտրոնացման ճամբար ու տիրանում նրա բնակարանին։

Գրեբերը հասկանում է, որ պատերազմը տանուլ է տրված, իրենք շատ երկրներ են ավերել՝ Ֆրանսիա, Հոլանդիա, Ռուսաստան, ավերվել է նաև իր հայրենիքը։ Պատերազմը շարունակելը նշանակում է երկարաձգել իշխանությունների կյանքն ու մարդկանց տառապանքը։  Որքա՞ն է շարունակվելու կեղծիքը, ինչպե՞ս են ապրելու այսուհետ։ Իրեն տանջող հարցերի պատասխանները ցանկանում է  ստանալ ուսուցչից՝ Փոլմանից։ Նրա տանը գրքեր տեսնելով՝ զարմանում է, թե ինչպես կարող են համատեղվել դրանք համակենտրոնացման ճամբարների հետ։ Ուսուցչի պատասխանը հստակ էր․ «Դրանք չեն համատեղվում։ Պարզապես միևնույն ժամանակ գոյություն ունեն։ Եթե այս գրքերի հեղինակները ողջ լինեին, հիմնականում համակենտրոնացման ճամբարում կլինեին»։ Գրեբերն իրեն մեղավոր է համարում և ուզում է իմանալ, թե երբ է սպանություն դառնում այն, ինչ սովորաբար հերոսություն է կոչվում։ Մինչդեռ Փոլմանը դպրոցն ավարտելուց հետո պատերազմում հայտնված Գրեբերին ու ստերով կերակրված նրա սերնդակիցներին մեղսակից չի համարում։ Պատասխանատուն իր սերունդն է․ «Մենք տեսնում էինք դա ու թույլ տալիս։ Դա ի՞նչ էր։ Սրտի հուլությու՞ն։ Անտարբերությու՞ն։ Աղքատությու՞ն։ Եսասիրությու՞ն։ Հուսահատությու՞ն։ Բայց ինչպե՞ս կարող էր դա նման ժանտախտի վերածվել»։

Սակայն վեպը միայն պատերազմի ու նրա սարսափների մասին չէ։ Գրեբերը հանդիպում է Էլիզաբեթին և հասկանում, որ սերն է հաղթելու պատերազմին։ Արձակուրդի կարճատև օրերին նրանք ապրում են երջանկության խտացված պահեր։ Դրա համար էլ Գրեբերին արձակուրդը երկար է թվում․ «Երեք տարի, ոչ երեք շաբաթ։ Ճիշտ է, դրանք երբեմն այնքան էլ ապահով չէին, այլ խախուտ հիմքի վրա արագ-արագ «շինված», բայց նա ուզում էր հավատալ դրանց ապահովությանը»։ Սերը միաժամանակ պատասխանատվություն է։ Արձակուրդը իմաստավորվում է, դառնում լիարժեք ապրելու ժամանակ։

Բայց գերմանական բանակի զինվորը պետք է վերադառնար ռազմաճակատ, կռվեր մի նպատակի համար, որին այլևս չէր հավատում։ Իսկ այնտեղ շատ բան չէր փոխվել։ Նույն նահանջող բանակը, հակառակորդի ավելի ու ավելի մահաբեր դարձող գրոհները, զինվորների արյունը։ Գրեբերին վստահվել էր չորս գերիների կյանք։ Սկսվում է հակառակորդի հերթական գրոհը։ Հարկավոր էր շտապ նահանջել։ Գրեբերն էլ իր որոշումն է կայացնում․ խնայում է  գերիների կյանքը և գնդակահարում հայրենակցին՝ մարդասպան-մատնիչին։ Այդպես է նա սպանում իր բաժին պատերազմը և քայլում դեպի ստույգ մահ, քանի որ վաղուց իրեն պատասխանատու էր զգում ամեն ինչի համար։

Արթուր Իսրայելյան      

20:00 17.11.2019

Ամենաշատ ընթերցվածները