ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Վորլդ վիժնը» երազանքներ է իրականացնում
17:00 26.11.2019

«Վորլդ վիժնը» երազանքներ է իրականացնում

«Վորլդ վիժնը» Հայաստանում գործունեությունը սկսել է 1988թ․ ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն, ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ սկսել է իրականացնել զարգացման ծրագրեր։ Մեկ տարվա կտրվածքով 100000-ից ավելի երեխաներ մասնակցում են կազմակերպության իրականացրած տարբեր ծրագրերին։ Բազմահազար անապահով երեխաների կյանքում դրական փոփոխություն է տեղի ունեցել։ Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ աղքատության շեմից ներքև ապրող ընտանիքներում գրանցվել է եկամուտների կայուն աճ։ Կազմակերպությունը հիմնական շեշտը դրել է չորս ուղղության վրա՝

  • Վաղ մանկական զարգացում
  • Երեխաների պաշտպանություն
  • Երիտասարդների զարգացում
  • Տնտեսական զարգացում

«Բազմահազար ընտանիքներին աջակցելը մեզ նոր հույս է տվել, որ հնարավոր է հաղթահարել աղքատությունը, հնարավոր է ապահովել ընտանիքների բարեկեցիկ կյանքը, և մենք գտել ենք այդ ձևաչափը, թե ինչպես է պետք աշխատանքները շարունակել և համատեղ ջանքեր ներդնել, որպեսզի ապահովենք ընտանիքների արդյունավետ, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքը», - ասում է «Վորլդ վիժն Հայաստան» հկ-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

2003-ից հկ-ն գործում է նաև Կապանում և արդեն 15 տարի է՝ բազմաթիվ ներդրումային ծրագրեր է իրականցրել տարածաշրջանում։ «Համայնքային սոցիալական աշխատանքի ներդրման շնորհիվ մեզ հաջողվել է երեխաներին վերամիավորել ընտանիքների հետ։ Գիշերային խնամքի հաստատություններում գտնվող երեխաների կապակցությամբ մեր սոցիալական աշխատողներին հաջողվել է աշխատել ընտանքիների հետ, երեխայի հետ և ապահովել, որ երեխան վերադառնա ընտանիք և շարունակի կյանքը վայելել ընտանեկան միջավայրում, ծնողների հետ մեկտեղ։ Թերևս սա մեր ամենամեծ ներդրումներից մեկն է», - նշեց Ժիրայր Էդիլյանը։

Սյունիքի մարզի ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը նշում է, որ աշխատում են երեք հիմնական ուղղությամբ՝ երեխաների, ընտանիքների հետ աշխատանք և այն ծառայությունների որակի բարելավում, որոնք ուղղված են երեխաներին, մասնավորապես ավելի խոցելի խմբի երեխաներին։ Շահառուներին ընտրելիս ուշադրություն են դարձնում սոցիալական վիճակի վրա․ «Սոցիալական աշխատողները և համապատասխան մասնագետները այցելություններ են կատարում տներ։ Նրանք, համաձայն չափորոշիչների, ընտրում են այն ընտանիքները, որոնց հետ սկսում են շարունակական և ինտենսիվ սոցիալական աշխատանք տանել։ Նպատակն այն է, որ կարողանանք ընտանիքների դիմակայունությունը բարձրացնել», - ասում է Լենա Կարապետյանը։

Հերմինե Ալոյանը 4 տարի է, ինչ «Վորլդ վիժն Հայաստան» Սյունիքի գրասենյակի շահառու է։ Բազմազավակ մայրը ընտանիքի հետ յոթ տարի առանց էլհոսանքի ապրել գյուղում, ինչպես նաև բազմաթիվ կենցաղային խնդիրներ է ունեցել։ ««Վորլդ վիժն» կազմակերպության շնորհիվ ունեցանք լույս, ինչպես նաև տրամադրած շինանյութի միջոցով կիսակառույց տունը վերանորոգեցինք։ Ունեինք մեկ սենյակ, հիմա երկրորդն ենք կառուցել, այժմ աշխատում ենք խոհանոցի և սանհանգույցի վերանորոգման վրա։ Շինարարական աշխատանքը կատարում է ամուսինս», - ասում է Հերմինեն։ Եթե մի ժամանակ Հերմինեն հույսի նշույլ անգամ չուներ, այսօր արդեն մեծ հույսեր է կապում ապագայի հետ։

«Վորլդ վիժն Հայաստան» հասարակական կազմակերպությունը առաջիկայում հանդես կգա նոր ծրագրերով։

Տիգրան Ղուկասյան

17:00 26.11.2019

Ամենաշատ ընթերցվածները