ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Էֆթանազիա. բարի կա՞մք, թե՞ մարդասպանություն
17:00 01.12.2019

Էֆթանազիա. բարի կա՞մք, թե՞ մարդասպանություն

Էֆթանազիա կամ էվտանազիա՝ հունարենից թարգմանաբար նշանակում է լավ մահ: Մեր օրերում այդպես է կոչվում անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն կյանքից զրկելը՝ ցավերից և տանջանքներից ազատելու նպատակով: 

2002թ. ապրիլին Նիդերլանդները դարձել է առաջին երկիրը, որտեղ օրինականացվել է էֆթանազիան: 13 տարի անց այդ մեթոդով կյանքից հեռացել է 5000 հիվանդ: Մեթոդը կիրառվում է նաև Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Կանադայում, Կոլումբիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում։ Բելգիայում 2012թ. օրինականացվեց նաև մանկական էֆթանազիան, և միայն Նիդերլանդները հետևեց օրինակին: 

Անտեղյակին կարող է թվալ, թե այս մեթոդը կարող է իր վրա կիրառել ցանկացած ոք, օրինակ, գրավիչ է հնչում ինքնասպանության մտադրություն ունեցողների համար, սակայն ամեն բան այդքան էլ հեշտ չէ: Էֆթանազիայի միջոցով հավերժ հանգստություն ձեռք բերելը ունի որոշակի պայմաններ, ինչը նվազեցնում է այդ միջոցից օգտվել ցանկացողների թիվը, այն է՝ ենթադրյալ պացիենտը պետք է հիվանդ լինի անբուժելի հիվանդությամբ, տառապի ամենօրյա անտանելի ցավերից և բուժվելու հնարավորություն բացարձակապես չունենա: Որոշումը հնչեցնելու պահին պետք է լինի հոգեպես առողջ և որոշակի ժամանակ բարձրաձայնի որոշումը: 

Հոգեբան Յուլյա Բերդնիկովան նշում է. «Հաճախ որոշում կայացնելիս հոգեբանական տեսանկյունից հիվանդի վրա ազդում է խղճի զգացումը. հիվանդանոցի և դեղորայքի վրա ծախսվող ահռելի գումարները հիմնականում ընտանիքի վերջին կամ դժվարությամբ հայթայթած միջոցներն են: Իհարկե, այդ գործոնը կա միայն եզակի դեպքերում, բայց սա հոգեբանական սթրեսի պատկերավոր օրինակներից է, ներկայացնեմ ևս մեկը: Այս տարվա հունիս ամսին էֆթանազիայի միջոցով կյանքից հեռացել է Նոա Պոտխովենը՝ 17-ամյա նիդերլանդուհի, ով ավելի փոքր հասակում սեռական բռնության է ենթարկվել, երիտասարդ աղջկա հոգեկան աշխարհը այդպես էլ չի կարգավորվել»:

Եկեղեցին դեմ է

Եկեղեցու դիրքորոշումը այս մեթոդի նկատմամբ միանգամայն հստակ է. «Էֆթանազիան մարդասպանություն և ինքնասպանություն է: Իր հերթին ինքնասպանության քարոզումը Աստծուց հեռանալու ծայրահեղ դրսևորումն է: Այդ մեթոդի օրինականացումն առաջարկողները և քարոզողները հիմնականում կամ անհավատ են, կամ էլ առանց գիտակցելու իրենց վրա մեղք են վերցնում», - ասում է ուղղափառ եկեղեցին:

Թեև Հայաստանը օրենքը ընդունելու որևէ միտում չունի, Հայ առաքելական եկեղեցին նույնպես ժամանակին արտահայտեց դեմ դիրքորոշում:

Մեզանից շատերը չգիտեն կամ չեն գտնում կյանքի իմաստը, բայց երբ դու կանգնած ես կյանքի և մահվան միջև, գիտակցում ես՝ որքան է կարևոր: Հարկ է նշել, որ էֆթանազիայի մասին որոշում միշտ ընդունում է հիվանդը: Դժվար է պատկերացնել այն ապրումները, որոնք ունենում է մարդը գիտակցաբար նման որոշում կայացնելու ժամանակ:

Անի Գրիգորյան

Խորագիրը՝ Հոգեբանական

17:00 01.12.2019

Ամենաշատ ընթերցվածները