ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ա․Կամյու․ «Օտարը»
19:00 01.12.2019

Ա․Կամյու․ «Օտարը»

Ֆրանսիացի գրողի առաջին վեպն է «Օտարը», որտեղ արդեն իսկ որոշակի ձև ու կերպարանք են ստանում աբսուրդին ու էքզիստենցիալիզմին վերաբերող նրա հայացքները։ Ալբեր Կամյուի հերոսը ատելությամբ է լցված կեղծավորության ու ստի հանդեպ։ Չնայած հասարակությունը օտար է նրան, բայց ինքն էլ որևէ հավակնություն չունի․ ամեն ինչ միևնույն է։

Գլխավոր հերոսին՝ Մյորսոյին, հաղորդում են, որ երեք տարի առաջ ծերանոց ուղարկված մայրը մահացել է։ Վերջին ամիսներին նա մորը չէր այցելել․ «Որովհետև դա ինձնից խլում էր իմ կիրակին՝ չհաշված այն ճիգերը, որ գործադրում էի ավտոբուսին հասնելու, տոմս գնելու և երկու ժամվա ճանապարհ կտրելու համար»։ Թաղումից ակնհայտորեն ձանձրացած Մյորսոն վերջապես վերադառնում է տուն և ընկերուհու՝ Մարիի հետ վայելում կիրակին։

Մյորսոն ոչինչ չի ուզում փոխել իր կյանքում։ Երբ սանդղահարթակի հարևանը՝ Ռեյմոնը, որի մասին ասում էին, թե ապրում է կանանց հաշվին, առաջարկում է դառնալ իր ընկերը, նա անվրդով պատասխանում է․ «Ինձ համար միևնույն է։ Նա գոհ մնաց»։ Ռեյմոնը ծեծում է արաբ սիրուհուն և ոստիկանությունից գլուխն ազատելու համար Մյորսոյին առաջարկում վկայություն տալ։ Քանի որ ամեն ինչ միևնույն էր, ոստիկանատանը ցուցմունք է տալիս, թե աղջիկը «դավաճանել» էր Ռեյմոնին։

Մյորսոն ընդունակ էլ չէ սիրելու։ Բնականաբար, երբեք առաջին քայլը չէր անելու, ընկերուհու առաջարկությանը սառն էր վերաբերվելու․ «Երեկոյան Մարին եկավ ու հարցրեց, թե չէի ուզենա ամուսնանալ իր հետ։ Ասացի, որ ինձ համար միևնույն է, և որ մենք կարող ենք դա անել, եթե ուզում է»։

Աշխատավայրում էլ հակված չէ որևէ բան փոխելու։ Տնօրենը մտադիր է գրասենյակ բացել նաև Փարիզում և Մյորսոյին առաջարկում է աշխատել այնտեղ, բայց ոգևորություն չի նկատում և հարցնում է, թե ինչու նա շահագրգռված չէ․ «Պատասխանեցի, որ երբեք չես կարող փոխել կյանքդ, որ, ի վերջո, ամեն ինչ նույնն է, և իմ ունեցածը լիովին բավարարում է ինձ։ Նա դժգոհ տեսք ընդունեց և ասաց, որ միշտ տարտամ պատասխաններ եմ տալիս, որ փառատենչ չեմ, մի բան, որ աղետալի է գործարարության մեջ»։

Եթե ասելիք չէր ունենում, լռում էր՝ ձեռք բերելով ինքնամփոփի համարում։ Եթե խոսում էր, ասում էր այն, ինչ մտածում էր։ Առանց կեղծելու կամ ձևանալու՝ հաճախ առաջացնելով զրուցակիցների տարակուսանքը։ Հասարակության ու անհատի այս գոյակցությունը հազիվ թե երկար շարունակվեր։ Խզումը սպասել չտվեց։ Իսկ առիթը Ռեյմոնի ու սիրուհուն ծեծելու պատճառով նրան հետապնդող արաբների հետ կապված պատմությունն էր։ Լողափին տեղի ունեցած ծեծկռտոցից հետո վիրավորված Ռեյմոնին Մյորսոն ընկերոջ տուն է ուղեկցում, բայց չի ցանկանում նրա հետևից բարձրանալ։ Կանգնել էլ չէր կարող․ արևի կուրացուցիչ ճառագայթներն էին նեղում․ «Մնալ այդտեղ թե գնալ նույն բանն էր։ Մեկ րոպե անց արդեն շրջվել ու քայլում էի լողափի ուղղությամբ»։ Աղբյուրի մոտ հայտնվել էր արաբներից մեկը։ Ռեյմոնի ատրճանակով կրակում է, բայց մեկով չի բավարարվում։ Վայրկյաններ անց կրակում է ևս չորս անգամ։

Ձերբակալությունից հետո նրա տարօրինակ դատողությունները առաջինը լսում է փաստաբանը․ «Անշուշտ, շատ էի սիրում մորս, բայց դա որևէ նշանակություն չունի։ Բոլոր բանական էակներն էլ ավելի կամ պակաս չափով ցանկանում են իրենց սիրելիի մահը»։ Փաստաբանը ստիպում է խոստանալ, որ այդ մասին չի ասի ո՛չ դատական ատյանին, ո՛չ գլխավոր քննիչին․ «Սակայն ես բացատրեցի, որ իմ խառնվածքի պատճառով ֆիզիկական պահանջներս հաճախ խոչընդոտում են զգացմունքներիս։ Մորս թաղման օրը շատ էի հոգնած, և քունս տանում էր»։

Դատախազը հայտարարում է, որ Մյորսոն չի կարող ակնկալել գթասրտություն և տեղ ունենալ մի հասարակության մեջ, որի ամենահիմնական օրենքները չի ընդունում։ Ոճիրը կատարվել է, և հնչում է դատավճիռը․ «․․․ Դատարանի նախագահը արտառոց ձևով հայտարարեց, որ ինձ գլխատելու են հրապարակում․․․»։

Ֆ․Դոստոևսկու հերոսը ոճիր էր գործել հանուն գաղափարի․ վաշխառու պառավի փողերով ցանկանում էր բարելավել ուրիշների կյանքը։ Հետագայում, սակայն, Ռասկոլնիկովը գիտակցեց իր արարքի հրեշավորությունը և զղջաց։ Իսկ Կամյուի հերոսը՝ մի մարդ, որ ապրել էր միայն իր համար, այդպես էլ զղջման ոչ մի խոսք չասաց․ «Ես ասացի, որ չգիտեմ, թե ինչ է մեղքը։ Ինձ հայտնել են, որ մեղավոր եմ։ Մեղավոր եմ և հատուցում եմ, ավելին ինձնից չեն կարող պահանջել»։ Գաղափարի համար էլ նա չէր կարող սպանել և դատարանում արագ-արագ խոստովանում է․ «․․․ Դա եղել է արևի պատճառով»։  Սրանից ավելի աբսուրդ արարք և աբսուրդ խոստովանություն դժվար է պատկերացնել։

Արթուր Իսրայելյան

19:00 01.12.2019

Ամենաշատ ընթերցվածները