ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մանկապղծություն՝ ավանդույթի անվան տակ
19:00 30.11.2019

Մանկապղծություն՝ ավանդույթի անվան տակ

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ մանկական ամուսնություն է կոչվում օրինական գրանցված ամուսնությունը կամ ոչ օրինական միությունը 18 տարեկանը չլրացած անձի հետ: 

Տարբեր մշակույթ և հավատք ունեցող ազգությունների շրջանում ընկալումները վաղ ամուսնության մասին միանգամայն տարբեր են: Այն, ինչ կարգ էր, ասենք, անցած դարում կամ 250 տարի առաջ, մեր օրերում ընդունված չէ և նույնիսկ դատապարտելի է: Այժմ աշխարհում օրենքով ընդունված ամուսնության նվազագույն շեմը Էկվադորում է՝ 12 տարեկան աղջիկների, 14 տարեկան՝ տղաների համար, այդ շեմը ավելի բարձր է Չինաստանում, 20՝ աղջիկների, 22՝ տղաների համար: Հայաստանում երկու սեռերի համար էլ նույն տարիքն է սահմանված՝ 18-ը: Բացառություն է համարվում, երբ առկա է հղիություն, այդ դեպքում ծնողների համաձայնությամբ հնարավոր է օրինական ամուսնություն գրանցել:

Այստեղ դա նորմայի մեջ է 

Դիտարկումները ցույց են տալիս, որ մանկական ամուսնությունների թիվը աննախադեպ է աղքատ և ծայրահեղ աղքատ համարվող երկրներում: Օրինակ՝ Նիգերում, Չադում, Մալիում աղջիկների 60%-ը ամուսնանում է 18 տարեկանը դեռ չլրացած, իսկ ընդհանուր թվի 15%-ը անգամ չի հասնում 15 տարեկան հասակին: Որպես մանկական ամուսնությունների պատճառ այստեղ առաջ են քաշում նախ և առաջ ավանդույթ կոչվածը: Մյուս պատճառներից են աղքատությունը, անգրագիտությունը և հասարակության կարծիքը: 

Աղքատությունը վաղ ամուսնության առաջնային պատճառ է Հայաստանում, Վրաստանում և Մակեդոնիայում: Իսկ, օրինակ, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում կատարված հետազոտությունները պարզել են, որ նույն «հաջողությամբ» ամուսնանում են և՛ աղքատները, և՛ ունևորները: Այստեղ իր դերն է խաղում ավանդույթը, որով և առաջնորդվում են անչափահասի համար զույգ փնտրելիս: 

Վաղ ամուսնությունները միշտ չէ, որ կատարվում են ստիպողաբար: Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում և Ուկրաինայում անցկացված հարցումները փաստել են, որ այս երկրներում ամենաքիչն է ստիպողաբար ամուսնացածների թիվը:

Զոհը աղջիկն է

Կարծում եմ, զարմանալի փաստ չէ այն, որ մանկական ամուսնությունների զոհերը մեծ մասամբ աղջիկներն են, որոնց ընտանիքները գտնվում են սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ: Այս դեպքում աղջկան ամուսնացնելով՝ ընտանիքը կարծես թե բալանսից է ազատվում՝ չպատկերացնելով, որ իրենց զավակին այդպիսով ենթարկում են հոգեբանական և սեռական բռնության: «Անչափահաս աղջիկների ամուսնությունը կտրուկ նվազեցնում է ուսումը շարունակելու, աշխատանքի անցնելու հավանականությունը, այն երկրներում, որտեղ ընդունված է մանկական ամուսնությունը, գոյություն ունի նաև կարծրատիպ, ըստ որի՝ խելացի/կրթված կինը անենթակա է: Այդ երկրներում և բնակավայրերում աղջիկները իրենց հետ կատարվածը ընդունում են որպես կանոն, նրանք գիտակցում են, որ ծնողները նրանց այլևս հետ չեն ընդունի և ստիպված հարմարվում են։ Երեխայի ուսերին ընկած նոր հոգսերն ու պարտականությունները ծանր հետք են թողնում հոգեբանության վրա, ինչը վատագույն դեպքում հետագայում դրսևորվում է նրա հանդեպ դաժան վերաբերմունքով: Հաճախ են արձանագրվում ինքնասպանության դեպքեր», - նշում է հոգեբան Յուլյա Բերդնիկովան:

Տեղին է խոսել նաև այն մասին, որ ոչ բավարար ֆիզիկական հասունությունը հանգեցնում է բարդությունների՝ կապված հղիության հետ: Բժիշկ-գինեկոլոգ Ազնար Խաչատրյանը թվարկում է առողջական բարդությունները, որոնք հիմնականում առաջանում են վաղ հասակում ամուսնանալու պատճառով. «‎Նախ և առաջ հարկ է նշել այն, որ աղջիկների սեռական օրգանները ձևավորվում են մինչև 18-20 տարեկանը և միանգամայն պարզ է, որ վաղ ամուսնությունը կարող է խանգարել դրանց հետագա զարգացմանը, ինչը հանգեցնում է առողջական խնդիրների և նույնիսկ վտանգի տակ է դնում մայրանալու հարցը: Շատերը օրինակ կբերեն մեր տատերին, ովքեր 15 տարեկանում ունեին արդեն 3 երեխա, անհեթեթ համեմատություն է: Մարդու օրգանիզմը կատարելագործված համակարգ է, որը մեր օրերում բավականին ուսումնասիրված է, այն, ինչ ասում եմ, ունի գիտական հիմք:   Հետազոտությունները փաստում են, որ 15-19 տարեկան մայրերը ծննդաբերության ժամանակ մահանում են 2 անգամ ավելի հաճախ, քան 20-24 տարեկան հասակում»:

Մանկահասակ տարիքում ամուսնանալու մասին գրել է նաև Հովհաննես Թումանյանը, դժբախտացած Մարոյի կերպարը ավելի քան վառ է նկարագրում երեխայի ապրումները:

Անի Գրիգորյան

19:00 30.11.2019

Ամենաշատ ընթերցվածները