ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱԳՆ. Անգամ նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին
11:00 02.12.2019

ԱԳՆ. Անգամ նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ:

Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով:

Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորում ստացած զինծառայողին»,-ասված է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Աղբյուր` Panorama.am

11:00 02.12.2019

Ամենաշատ ընթերցվածները