ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Արժեքի գինը
19:00 03.12.2019

Արժեքի գինը

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարան է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատվելը օրինականացնելու նախագիծ, որը նա վերնագրել է «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծ:

Այս նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում և երկրից դուրս բնակվող յուրաքանչյուր զինապարտ քաղաքացի կարող է դիմում ներկայացնել արագացված զինվորական ծառայություն անցնելու մասին: Արագացված ծառայությունը տևում է մեկ ամիս: Դրա փոխարեն քաղաքացին վճարում է նվազագույն աշխատավարձի 10-հազարապատիկի չափով գումար, այսինքն՝ 10 մլն դրամ: 

Հիմա փոքրիկ դասընթաց անցկացնենք հարգարժան պատգամավորի և նրա պես մտածողների համար: Հայերենում կա նման, բայց տարբեր իմաստ ունեցող երկու բառ՝ արժեք և գին: Բանակից ազատվելու գինը պատգամավորը անհայտ ձևով որոշել է 10 մլն դրամ, իսկ չծառայելու արժեքի մասին ո՞վ պետք է մտածի: Միգուցե միանգամից Հանրային հեռուստատեսությամբ հայտարարենք, որ հայոց բանակը ընչազուրկների բանակ է: Միգուցե հայտարարենք, որ մեր նպատակն է հնդիկ ներգաղթյալներին բավարար գումար տրամադրել, որպեսզի վերջիններս Օմարի լեռնանցքից ու Խուստուփի գագաթից չանիծեն կարողություններով օժտված ու բանակում չծառայող հայ պապաների բալեքին:

Ընդհանրապես հեղափոխությունը շատ բացթողումներ է կատարել, սակայն կա մեկը, որը ստորադասում է մյուսները: Հեղափոխականները չարժևորեցին բնությունը, բանակը, աշխատողին և թամբալին, ազնիվ մարդկանց և գողերին: Բոլորի գինը կարծես թե իրենց մեջ որոշած ունեն, սակայն այդ երևույթների արժեքը այդպես էլ ոչ մեկին չհուզեց: Առանց գաղափարախոսության ու արժեհամակարգի չկա հեղափոխություն ու փոփոխություն: Կոմունիստների ականջը կանչի, երկուսից էլ, վատ թե լավ, ունեին:

«Զանգեզուր պրես»

 

19:00 03.12.2019

Ամենաշատ ընթերցվածները