ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Օրենքի ու խղճի սահմանագծին
20:00 06.12.2019

Օրենքի ու խղճի սահմանագծին

«Իմ ծնողները ինձ լքել են, մնացել եմ մանկատանը։ Կուզեմ ծնողներ ունենալ՝ հայրիկ, մայրիկ, որ իրենց հետ ապրեմ։ Սիրտս այս պահին, դուք չեք նկատի, տագնապ է կապել»։ Այնուհանդերձ նկատեցինք Ռոզայի սրտի տագնապը արտահայտվում էր ծնոտի դողով։ 23-ամյա փոքրամարմին  աղջիկը  հաճախ է ժպտում, սակայն աչքերը սպասման թախիծով են լցված։ Վերադարձի է սպասում․․․

Ռոզան 2010 թվականին է Երևանի թիվ 11 օժանդակ դպրոցից եկել Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր՝ արհեստ սովորելու։ 18-ը լրանալուն պես այլևս չպետք է մնար կրթահամալիրում, օրենքը թույլ չի տալիս, սակայն Ռոզան և այստեղ ապրող նրա 6 ընկերը փաստորեն գնալու տեղ չունեն։ «Ես շատ եմ կարոտում իմ քույրիկին, միշտ մտածում եմ նրա մասին։ Ուզում եմ իրեն տեսնել, բայց ինքը Կապանի հիվանդանոցում է, այնտեղ ինքը գործ է անում, օգնում է աշխատողներին»։ Դիաննան է, ում քույրն այժմ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում է։ Կրթահամալիրում ամենամտերիմ ընկերը Ռոզան է, սիրում են  երկուսով զրուցել, իրար վարսերը հարդարել․․․ Նրանք  ցանկանում են կրկին շփվել իրենց այն ընկերների հետ, ովքեր այժմ «Ջերմիկ անկյունում» են բնակվում։

«Մեզ այստեղ լավ են պահում, բայց չենք կարող միշտ այստեղ մնալ։ Սովորողների հաշվին ենք մենք հաց ուտում, քնում, հեռուստացույց դիտում։ Ամեն անգամ չեմ գնալու ասեմ` պետություն, ինձ վերցրու պահի, իմ հարցերը լուծի», - զրուցում է Ռոզան։ Նա, չնայած պահանջներ չունի պետությունից, սակայն խնդիրն ավելի քան լուրջ է, խոսքը մարդկային ճակատագրերի մասին է։

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանն ասում է, որ նրանց այստեղ պահելու իրավունք չունեն, սակայն մարդկայնորեն չեն կարող դուրս թողնել։ «2017 թվականին «Ջերմիկ անկյուն»  փոքր տունը ստեղծվեց Երևանում, և մեր շրջանավարտներից ութ հոգի տեղափոխվեց այդտեղ։ Մենք ինքներս գնացինք, պայմանները տեսանք։ Երեխաներն այսօր հարմարվել են, գտել են իրենց մշտական տունը։ Հիմա մենք մտածում ենք ունենալ այդպիսի տուն, որպեսզի մեզ մոտ բնակվող այդ յոթ երեխաները տեղափոխվեն, ունենան իրենց մշտական բնակության վայրը»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մրցույթ է հայտարարվել, որին կարող են մասնակցել շահագրգիռ անձինք և հկ-ներ։  «Այս մրցույթը վերաբերում է մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար փոքր տների կառուցմանը և այդ տներում  մինչև ութ շահառուի խնամքի իրականացմանը։ Նախնական խոսակցություն ենք ունեցել «Ջերմիկ անկյան» հետ՝ հաշվի առնելով իրենց փորձը։ Ասել են,  որ մասնակցելու են մրցույթին։ Հաղթող ճանաչվելու պարագայում պատրաստակամություն են հայտնել նշված յոթ անձանց խնամքը կազմակերպել հենց Կապանում կառուցվելիք փոքր տանը»։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն տարեվերջին։

Անուշ Միրզոյան

20:00 06.12.2019

Ամենաշատ ընթերցվածները