ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մեղավորը ԵԱՏՄ-ն  է
17:00 08.12.2019

Մեղավորը ԵԱՏՄ-ն է

«Թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ պանիր, կարագ, շաքարավազ, միս։ Ապրումների մեջ ենք։  Մինչև ե՞րբ․ դեռ չլսած, որ աշխատավարձերը պետք է բարձրացնեն,  այդ ֆոնին սպասվում են  թանկացումներ։ Սնունդը ամենօրյա օգտագործման է, չենք կարող չգնել։ Հագուստ տարին մեկ անգամ կարող ենք գնել, մի կերպ յոլա գնալ։ Կառավարությունում  հաշվի չեն առնում ժողովրդի վիճակը, այնտեղ չգիտեն՝ ինչքան աշխատավարձ ենք ստանում», - ասաց Կապանի բնակիչ Լիդիա Մարտիրոսյանը։

2020թ․ հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Սպասվող թանկացումները խուճապ  են առաջացրել սպառողների շրջանում։

Թանկացման պատճառը հայտնի է

Հայաստանը 2015 թվականից ԵԱՏՄ անդամ է, և դրանից դուրս այլ երկրներից  ներմուծվող ապրանքների համար 2015թ․ հունվարի 1-ից հանրապետությունում գործում են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը։ Չնայած այն բանին, որ Հայաստանը բանակցությունների շնորհիվ իրավունք էր ստացել աստիճանաբար համապատասխանեցնել դրույքաչափերը ԵԱՏՄ ստանդարտներին, այնուամենայնիվ, բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքեր արդեն իսկ բարձրացել են։ Թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ։ 2020թ․ հունվարի 1-ից ավելանալու են մսի, մսից սննդային ենթամթերքների որոշ տեսակների, կաթնամթերքի, կենդանական կամ բուսական ծագման ճարպերի, յուղերի, ձեթի մաքսային դրույքաչափերը՝ 2,5-3 տոկոսով, իսկ մարգարինինը թանկանալու է 12 տոկոսով։

Գյուղատնտեսության ոլորտը ևս զերծ չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմացուի մաքսազերծման համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավելի, իսկ պարարտանյութ ներմուծողները՝ 2.5-4 տոկոսով ավելի։ Մանկական սննդի, խմորիչների, ինչպես նաև ծխախոտային հիմքով ապրանքների մաքսային դրույքաչափերը կավելանան 2-3 տոկոսով։

Մաքսատուրքերի ավելացումը հարված է հասցնելու նաև առողջապահության ոլորտին։ Ներմուծվող դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու հակաբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Նույն չափով ավելանալու են նաև դեղերի ստեղծման համար անհրաժեշտ քիմիական նյութերի մաքսային դրույքաչափերը, ինչը նվազեցնելու է դեղագործության մրցունակությունը։ Այս գնաճը զսպելու լավ մեխանիզմ կարող է լինել տեղական արտադրանքի ավելացումը, սակայն այստեղ խնդիր է այն, որ արտադրանքը, որի հումքը ներմուծվելու է երրորդ երկրներից, նույնպես կթանկանա՝ շուկայում իր գոյությունն ապահովելու համար։

«Էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկել է ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված ապրանքների մաքսային և ակցիզային դրույքաչափերի փոփոխության մասով ընդհանուր գնաճի վրա ազդեցությունը, որը կազմել է 0․5 տոկոս», - ընդգծեց  ՀՀ էկոնոմիկայի նախարարի  մամլո քարտուղար Աննա Օհանյանը։

Թանկացումը նորություն չէր

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշում է, որ թանկացումները սպասելի էին․ ժամկետը հայտնի էր՝ 2020-ին հունվարի 1․«Թանկացումները անխուսափելի են։ Կարծում եմ, որ  էական նշանակություն ունի համեմատությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ապրանքների և ծառայությունների գների հետ, իսկ այս հարցում Հայաստանը համադրելի վիճակում է և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, և՛ Ղազախստանի հետ։ Այնպես որ՝ այս առումով մենք վատ վիճակում չենք հայտնվում, բայց դե մեր գնողունակության պարագայում անցանկալի երևույթ է գների ցանկացած բարձրացում»։

 «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ թանկացումները աշխատավարձերի բարձրացման հետ կապ չունեն․«ԵԱՏՄ անդամակցության շրջանակում մաքսատուրքերի միասնականացման պահանջած գնաճի հետևանքով թանկացում ենք ունենալու, և սա որևէ կերպ կապ չունի եկամուտների աճի հետ, այլ ընդամենը ասվում է՝ հավանական է, որ եկամուտների աճը նպաստի, որ քաղաքացին քիչ զգա գնաճը»։ 

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ թանկացումները ապրանքների որակի վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ․«Մաքսատուրքով գնաճը լավ  բան չէ, բայց եթե դա կարողանանք ճիշտ կիրառել, կարող  է դրական էֆեկտ թողնել»։ 

«Գնաճ բոլոր երկրներում էլ կա, խուճապի մատնվել պետք չէ։ Նայած որ խավերի մասին է խոսքը, և ովքեր ավելի շատ կտուժեն։ Պետք է հաշվի առնել կենսաթոշակառուների խնդիրը, որովհետև նրանց համար էական ոչ մի բարձրացում տեղի չի ունենալու։ Գնողունակությունը պետք է հասցնել գոնե  կենսապահովման նվազագույն զամբյուղի  մակարդակին։  Այս առումով պետք է ասեմ, որ նվազագույն աշխատավարձը կարծես թե մոտենում է դրան, եթե չհարկվի, ավելի լավ կլինի, բայց մեզանում այդ ավանդույթը չկա։ Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ և՛ հացամթերքը, և՛ տեղական  արտադրության մյուս մթերքները  մեծ թռիչք չեն ունենալու, քանի որ դրանց գնագոյացումը տեղի է ունենում ՀՀ-ում։ Խոսքը  վերաբերում է միայն ներմուծվող ապրանքներին, որոնց վրա մաքսատուրք է կիրառվելու», -  ընդգծեց տնտեսագետը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն ակամա դառնալու է ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքի «գերին», քանի որ այլ երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերը դրանք դարձնում են ավելի թանկ և հետևաբար՝ անմրցունակ։ Այսպիսով, ներմուծման բարձր մաքսատուրքերի դրույքաչափերի պարագայում սպառողները ստիպված կլինեն ձգել գոտիները և  որոշել՝ գրեթե նույն գների դեպքում ընտրել տեղակա՞ն, թե՞ այլ երկրի ապրանք։

Նարե Խաչատրյան

17:00 08.12.2019

Ամենաշատ ընթերցվածները