ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանն աշխարհում 9-րդն է մոբայլ բանկային տրոյացիների գրոհների ենթարկվածների ցուցանիշով
18:00 11.12.2019

Հայաստանն աշխարհում 9-րդն է մոբայլ բանկային տրոյացիների գրոհների ենթարկվածների ցուցանիշով

Հայաստանը 2019-ի երրորդ եռամսյակում աշխարհի երկրների շարքում 9-րդ տեղն է գրավել մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով։ «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հրապարակած տվյալներով այն կազմել է 0,1% և չի փոփոխվել երկրորդ եռամսյակի համեմատ։ Եթե այդ վնասաբեր ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Վրաստանի օգտատերերի 0,08%-ին, ապա երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը նվազել է մինչև 0,06%։

Այդ ցուցանիշներն Ադրբեջանում կազմել են, համապատասխանաբար, 0,07% և 0,08%։ Հուլիս-սեպտեմբերին մոբայլ բանկային տրոյական ծրագրերն ամենից շատ գրոհել են ռուսաստանցի օգտատերերին՝ 0,30%։

2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 1,86%-ը, Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,17, իսկ Ադրբեջանում՝ 3,8%։ Երկրորդ եռամսյակում դրանք գրոհել են հայաստանցի օգտատերերի 2,08%-ին, Վրաստանում՝1,67, և Ադրբեջանում՝ 4,05%-ին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, հուլիս-սեպտեմբերին մոբայլ սպառնալիքներն ամենից շատ գրոհել են Իրանի օգտատերերին՝ 52,68%.

Մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։

Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան  «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։

Աղբյուր` Panorama.am

18:00 11.12.2019

Ամենաշատ ընթերցվածները