ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին
16:00 13.12.2019

Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Նախօրեին ԱՄՆ Սենատը միաձայն ու առանց քվեարկության ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող համար 150 բանաձևը, որը մինչ այդ 3 անգամ արգելափակվել էր սենատորների կողմից։

Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչմանը, որոնցից Panorama.am-ը ներկայացնում է մի քանիսը։

The New York Times-ը վերնագրել է «Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ ի դիմադրություն Թրամփի»։ Հոդվածում նշվում է, որ բանաձևի ընդունումն ընդգծում է երկկուսակցական զայրույթը Թուրքիայի նկատմամբ: Տարիներ շարունակ օրենսդիրները խուսափում էին նման բանաձևից՝ Անկարայի հետ հարաբերությունների պահպանման համար, սակայն նախագահ Էրդողանի ռազմական ներխուժումը Սիրիա և նրա կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելը մոբիլիզացրեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին այս շաբաթ ու ընդունվեց նաև Թուրքիային ուղղված պատժամիջոցների փաթեթ:

National Public Radio - ԱՄՆ-ի ազգային ռադիոն գրում է․ «Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ անտեսելով Սպիտակ տան առարկությունները», որում ևս նշվում է, որ բանաձևի ընդունումը դիտվում է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին բորբոքված հանդիմանություն: Դա նաև գալիս է Թրամփի վարչակազմի բազմաթիվ առարկություններից, որոնք վերջին ամիսներին աշխատում են Թուրքիայի ղեկավարի հետ լարվածությունը մեղմելու ուղղությամբ:

Time – «Սենատը հավանություն տվեց այն բանաձևին, որը հաստատում է, որ Թուրքիան պատասխանատու է դար առաջ Հայոց ցեղասպանության համար»։ Նշվում է, որ նախորդ շաբաթ բանաձևի ընդունումը արգելափակած Քևին Կրամերն ասել է, որ ինքը համաձայնել էր վետո կիրառել Սպիտակ տան խնդրանքով, քանի որ քվեարկությունը տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ նախագահ Թրամփն ու մյուս երկրների ղեկավարները հավաքվել էին Լոնդոնում։ Նշվում է, որ Սենատում կողմնակիցների համար մեծ խթան եղավ այն, երբ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյան Ուեսթը սոցիալական լրատվամիջոցներով կոչ արեց հավանություն տալ բանաձևին, հավելելով, որ ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է:

CNN- «Սենատը բանաձև ընդունեց՝ պաշտոնապես «հիշատակելու Հայոց ցեղասպանությունը»։ Նշվում է, որ Սենատն ընդունեց բանաձև, որով պաշտոնապես ճանաչվում է հայերի կոտորածները 1915թ․-ից 1923թ․-ը որպես ցեղասպանություն, քայլ, որին Թուրքիայի կառավարությունը բազմիցս ընդդիմանում է։

«Կոնգրեսի կողմից ցեղասպանության որակումը նշանակալի քաղաքական զարգացում է, քանի որ Թուրքիան շարունակում է պնդել մինչ օրս, որ սպանությունները ցեղասպանություն չեն եղել և վիճարկում է զոհերի թիվը, այդ թիվը մոտեցնելով մոտ 300 000-ի»,- գրում է CNN-ը։

The Guardian – «ԱՄՆ Սենատը չենթարկվեց Թրամփին՝ միաձայն քվեարկությամբ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»։ Նշվում է, որ բանաձևը հաստատում է, որ 1915-1922 թվականներին 1,5 միլիոն մարդ է սպանվել, իսկ Թուրքիան օգտագործում էր իր լծակները՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, խոչընդոտելու ճանաչումը։

Bloomberg – «Թուրքիայի հետ լարվածության ֆոնին Կոնգրեսը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»։ Նշվում է, որ հանրապետականների գերակայությամբ պալատում ԱՄՆ օրենսդիրները վրդովված են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական հարձակողական գործողությունից, ինչպես նաև խիստ քննադատության են ենթարկել Թուրքիայի կողմից ռուսաստանյան S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգի գնումը։

«Չորեքշաբթի օրը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում բանաձևի հեղինակներից Մենենդեսը հայտարարել է, որ ինքը անհանգստացած է, որ Թուրքիան պատանդ է պահում ԱՄՆ-ին»,-գրում է Bloomberg-ը։

Ֆրանսիական Le Monde – «ԱՄՆ Կոնգրեսը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»։ Նշվում է, որ Անկարան զգուշացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված բանաձևը «վտանգում է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ապագան»։

Աղբյուր` Panorama.am

16:00 13.12.2019

Ամենաշատ ընթերցվածները